Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Այս վարչախմբի օրոք անհեթեթություն է ընտրություններ անցկացնելը». Ալեք Ենիգոմշյան
April 4, 2017     (478 դիտւմ)

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

– Պարոն Ենիգոմշյան, ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները և հերթական անգամ հաղթող քաղաքական ուժ ճանաչվեց Հանրապետական կուսակցությունը: Ինչպե՞ս եք գնահատում թե´ ընտրության կազմակերպման ընթացքը, թե´ արձանագրված արդյունքները:

– Այն արդյունքները, որ հայտարարվեցին, դրանք զարմանք չեն առաջացնում: Կարող է համամասնությունները նախատեսելի չէին, բայց ընդհանուր հայտարարված արդյունքները, թե ով է հաղթող, ով է երկրորդ և այլն, այդ առումով ամեն ինչ սպասելի էր: Զարմանալի չէր, որովհետև մեր մոտեցումը միշտ եղել է այն, որ վարչախումբն ունի բոլոր լծակները վերարտադրությունն ապահովելու՝ ընտրություն կոչվող գործընթացի միջոցով, որովհետև ինքն է ամեն ինչ վերահսկում ո´չ միայն ընտրությունների օրը, քարոզարշավի ընթացքում, այլ նաև՝ ընտրությունից ընտրություն, այս ամբողջ տարիների ընթացքում: Այստեղ հիմնականում վարչական ռեսուրսներն են, ընտրակաշառքները և այդ երկուսով ապահովված նաև ճնշումները: Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս երկու տարի առաջ Ժիրայր Սեֆիլյանը և ավելի ուշ, մի քանի ամիս առաջ, Վարուժան Ավետիսյանը, հոդվածներ էին գրել, որտեղ հստակորեն ասում էին փաստերով, թե Հայաստանում որքան բնակչություն կա, բնակչության տեղաբաշխումը սոցիալակա՞ն է, թե այլ տիպի և որ Հանրապետական կուսակցությունն իր լծակներով, շատ արագ, հենց ընտրությունների օրը, առանց մեծ խախտումների, հեշտորեն կարողանալու է իր վերարտադրությունն ապահովել: Երեկվա զարգացումները եկան ապացուցելու այդ կանխատեսումը: Այդ իմաստով, ես կրկին ասում եմ, որ զարմանալու պատճառ չունեմ: Եղավ այն, ինչ որ պիտի լիներ:

– Ձեր հարցազրույցներում Դուք միշտ ասում էիք, որ ՀՀԿ-ն խուճապի, ջղաձգումների մեջ է, այնինչ նա ցանկացած ճանապարհով, անվրդով շարունակում է հասնել իր առջև դրված նպատակներին:

– Այո, մի քանի ամիս առաջ մենք ասում էինք, որ Հանրապետական կուսակցությունը խիստ խուճապի մեջ է: Նա, իսկապես, ջղաձգումներ էր ցույց տալիս, քանի որ չնայած իր չարաշահած լծակներին, ամբողջությամբ ինքնավստահ չէր, բայց հատկապես վերջին շրջանի այդ երկու գործոններն` ընտրակաշառքներն ու վարչական ռեսուրսի կիրառումը, կեղծիքները, որ տեղի ունեցան, փոխեցին շատ բան: Դրանք տեղի էին ունենում անմիջապես կա´մ քվեատուփին մոտենալուց առաջ, կա´մ ընտրատարածք մտնելուց առաջ, իսկ քվեատուփի մեջ այդ քվեն փոխանցելն ընդամենը տեխնիկական հարց է:

– Այսքանից հետո կարելի՞ է արձանագրել, որ Հանրապետականն այսօր չունի մրցակից և միշտ անելու է այն, ինչն իրեն է ձեռնտու:

– Ո´չ , ՀՀԿ-ն միշտ ունի իրեն հակառակ ուժը, որը ժողովրդի կամքն ու ցանկություն է: Այլ հարց է, թե այդ կամքն ու ցանկությունն ինչպես է կազմակերպվում, ինչպես է դրսևորվում: Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը լսել անգամ չի ուզում այս իշխանությունների մասին, բայց տարբեր պատճառներով, տարբեր գործոններով պայմանավորված` բռնաճնշումների, ընտրակաշառքների և այլ լծակների, որոնց մասին քիչ առաջ խոսեցի, չի կարողանում քայլ անել: Այսինքն` այս ամենը հանգեցնում է նրան, որ ժողովուրդը չի համարձակվում ընդվզել, դեմ գնալ այդ հեղինակությունների կամքին: Ե´վ իշխանությունների կողմից գործի դրված միջոցները, և´ ժողովրդի մոտ հուսալքության գործոնը, և´ ընկճվածների հետ բավարար աշխատանք չկատարվելը, և´ այս ամենի ֆոնին նրանց հույս չներշնչելը, պատճառ է այսօրվա արդյունքի: Բայց այն, որ Հանրապետականն ամբողջությամբ ոչ ժողովրդավարության միջոցներով է պահում իշխանությունը, այդ մասին կասկած անգամ չի կարող լինել: Սա ցույց է տալիս, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով փոփոխությունների հասնելն անհնար է: Այն, որ երկիրը զավթած այս վարչախմբի օրոք ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխել հնարավոր չէ, փաստ է: Ավելին ասեմ` այս վարչախմբի օրոք անհեթեթություն է ընտրություններ անցկացնելը: Սա երեկվա արդյունքների եզրակացությունը չէ, համենյանդպես, մենք տարիներ ի վեր ասում ենք այդ մասին: Մենք միշտ ասել ենք, որ փոփոխությունը պետք է լինեն ընդվզման ճանապարհով: Մնում է, որ քաղաքական ուժերը համապատասխան աշխատանք տանեն, որպեսզի ժողովուրդը վերստին տեսնի այդ փոխությունները և խաղաղ ընդվզման ճանապարհով, ինչքան որ հնարավոր է, այդ փոփոխությունն իրականացնի: Ցավոք, այլ ելք չկա:

– Պարո´ն Ենիգոմշյան, շատ ենք խոսում ժողովրդից, քանի որ գիտակցում ենք, որ ամեն ինչի հիմքում ժողովուրդն է: Այս օրերին ժողովրդին շատերը մեղադրեցին, թեկուզ այս ընտրակաշառքների հետ կապված: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ խնդրին և արդյոք մեղադրո՞ւմ եք նրան, թե՞ հակառակը:

– Երբեք չի կարելի մեղադել ժողովրդին, բայց դա չի նշանակում որ մենք չենք անտեսում այդ խնդիրը: Պետք է այնպես անել, որպեսզի ճիշտ գիտակցությունը իշխի ժողովրդի մեջ: Ժողովուրդը պահի տակ տեսնում է, որ հաջողության հասնելու այլընտրանք չկա, թեկուզ այս ընտրությունների պահին ինքը այդ այլընտրանքը չի տեսնում: Հետևաբար, գլխավոր մեղավորությունն այն ուժերին է, որոնց չի հաջողվել լինել իսկական այլընտրանք, երկրորդ` բոլոր ընդդիմադիրներն իրենց այդ էությունը ճիշտ ձևով պետք է կարողանան փոխնացել և հույս ու հավատ ներշնչել ժողովրդին, որպեսզի այդ խնդիրը վերանա: Այնքան ժամանակ, քանի դեռ կա այդ թերությունը քաղաքական ուժերի մոտ, ժողովրդին մեղադրելը սխալ է: Եթե դա լինի, այն ժամանակ նոր կարելի է սրա մասին մտածել:

Մեկնաբանություններ