Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ապազգային վարչակազմը ստիպված է լինելու իր հաստիքային «ենիչերիների» հերթական խմբաքանակը ի ցույց դնելու ժողովրդին․ Գարեգին Չուգասզյան
May 30, 2017     (331 դիտւմ)

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը։ -Օրեր անց պետք է մեկնարկի «Սասնա ծռեր»-ի դատավարությունը։ Ակնկալու՞մ եք, որ այդ դատավարությունը կքաղաքականացվի՞ եւ կմոբիլիզացնի հասարակությանը։  -Ձեր հարցի մեջ չակերտների սխալ օգտագործում կա…Եթե պիտի չակերներ դրվեն, ապա ոչ թե Սասնա ծռերի անվան, այլ «դատավարություն» բառի վրա պետք է դրվեին… Իհարկե դա չի բացառում, որ որոշ մարդիկ շարունակեն իրենց ջայլամի տեղ դնել, ու խոսեն «դատավարության» մասին գրոտեսկի չափերի հասնող այնպիսի անարդարությունների պայմաններում, երբ, ի դեմս Սերժ Սարգսյանի ու իր «քառասուն ավազակների», «դատավորները» իրենք են հենց հանդիսանում Հայաստանի ամենամեծ հանցագործները… :Նրանց մեղադրականը լիուլի կբավականացնի հայկական Նյուրնբերգյան դատավարության անցկացմանը ՝ հոկտեմբեր 28-ից մինչև մարտի 1-ի զոհեր, իշխանության բռնի և զինված զավթում, տնտեսության և բանակի աստղաբաշխական թալան և օֆշորներ, ժողովրդի զանգվածային ունեզրկում և ճորտական տնտեսական կախվածության ստեղծում, հազարավոր երիտասարդների պարբերական զոհաբերում սահմանին, ապրիլյան պատերազմի արյունածոր վերքեր, հայրենիքի հայազրկում և շարունակական արտագաղթ, և որպես վերջին ակորդ, պետական անկախության վաճառք…:  Հիմա անդրադառնամ բուն հարցին…: Իշխանության լծակներին հասած «Քաջ Նազարը» իր լափելու ու լակելու գնալով աճող ծարավին հագուրդ տալու և կառավարման սեփական ապաշնորհությունը փոխհատուցելու նպատակով ավտորիտար կառավարում մտցրեց ՝ իր որոշումներում էլ ավելի կտրվելով ժողովրդի հետ առանց այն էլ չունեցած հետադարձ կապից: «Ռուսի ֆորպոստ» ու «բանանային հանրապետություն» երազող իր գավառամիտ երևակայությունը վերջապես բավարարում ստացավ: Սակայն, տնտեսա-քաղաքական իրավիճակի մեջ դա որևէ լավացման չի հանգեցնելու, քանի որ տնտեսական մոնոպոլիզացման պատճառով գոյացած խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլ էլ ավելի են խորանում… Սա հանգեցնում է առանց այդ էլ բևեռացված հասարակության մեջ սոցիալական բողոքի պայթուցիկ էներգիաների կուտակմանը … : Ներքին քաղաքական այս իրավիճակն էլ ավելի է բարդանում արտաքին հակառակորդի Արցախյան հարցում որդեգրած հյուծող քաղաքականությամբ, որին ըստ էության հակադրված ռազմավարություն չկա, և ռեժիմը հակառակորդի հետ համատեղ, մեզ ստիպում են հաշտվել ամեն շաբաթ «դևին» հերթական մատղաշ երիտասարդներին զոհաբերելու անխուսափելիության կամ ազատագրված հողերի հանձնման նենգամիտ ու կեղծ ընտրության հետ…: Քաղաքական պայքարը դադարում է խաղաղ բնույթ կրել, քանի որ բոլորի համար հստակվում են խաղի նոր օրենքները և ընտրությունների միջոցով «թերապեւտիկ լուծում» տալու գիտակցությանը փոխարինելու է գալիս «վիրահատական» միջամտության անհրաժեշտության համատարած ընկալումը….:  Իսկ Ժիրայր Սեֆիլյանի, Սասնա ծռերի, Գևորգ Սաֆարյանի, հետո նաև Անդրիաս Ղուկասյանի և մնացած նվիրյալ տղաների «կաֆկայական» ոճի այս «դատավարությունները» միայն օգնելու են այդ ընկալման էլ ավելի տարածմանը, ուստի դրանք ի սկզբանե քաղաքականացված բովանդակություն ունեն: Այս նոր տիպի սոցիալական մոբիլիզացումը որոշակի ժամանակ կպահանջի, քանի որ ուղեկցվում է հասարակության քաղաքականապես ակտիվ ուժերի վերադասավորումով: – ԱԺ ընտրություններից հետո սպասո՞ւմ եք ներիշխանական հակասություններ, որոնք կարող են հանգեցնել փոփոխությունների։ -«Խանական» ֆեոդալական հակասությունները անկասկած խորանալու են, քանի որ գիշատչային օրենքներով ապրող հանցախումբը կատաղի ներքին պայքար է մղելու գնալով քչացող ռեսուրսների համար, և, անկասկած, ավելանալու է նեղացածների թիվը…։ Ռուս-թուրքական եղբայրության հերթական անակնկալները նաև արտաքին հարաբերությունների ասպարեզում են վատթարացնում իրավիճակը, գումարեք սրան տնտեսական անմխիթար վիճակը, «կարմիր գծին» հասնող ավելացող պարտքերը, և ահա այս և մի շարք այլ գործոնների ոչ գծային համադրումից առաջանում են այն օբյեկտիվ պայմանները, երբ սոցիալական անխուսափելի դժգոհության հերթական որևէ կաթիլ ի վիճակի է դառնալու համբերության բաժակի վերջին կաթիլը և ընդվզման վճռորոշ ալիքի սկիզբը…։ – Մեր ժողովուրդը տարբեր ժամանակներում, ընտրություններից հետո, փողոց է դուրս եկել, ընդվզել։ Ակնկալո՞ւմ եք, որ մեր ժողովուրդը նորից կընտրի փողոցային պայքարը։ -Ես նշեցի օբյեկտիվ պայմանները, որոնք անխուսափելի են դարձնում սոցիալական հերթական պայթյունը և ընդվզումը, սակայն կա ընդվզման սուբյեկտիվ գործոնի՝ «զանգ կախողի» կամ «Ծռության» առկայության անհրաժեշտությունը…։ Այն որ մեր ժողովրդը համբերության բաժակը լցվելիս իրեն դրսևորում է պարադոքսալ և անկանխագուշակելի կերպով գիտեն բոլորը…։ Բնավ պատահական չէ, որ այդ վարքը արժանացել է էպիկական «Սասնա ծուռ» բնորոշմանը ու դարձել մեր ազգային հավաքական ինքնության և օրինակելի վարքի ինքնաբնորոշիչներից մեկը… ։Կրկնեմ, սա ողջ ժողովրդի հավաքական հուզաշխարհի բնորոշիչն է և ոչ թե այս կամ այն խմբի կամ անհատի…։«Սասնա ծուռ» արտահայտությունը ժողովրդի կողմից հատուկ լեգիտիմացում է պահանջում և ամեն մարդ ինքն իրեն հենց այնպես չի կարող վերագրել այդ պատվանունը և ակնկալել լուրջ ընկալում… Իսկ մերօրյա Սասնա ծռերի լուրջ ընկալվելը թե՛ համակիրների, թե անտարբերների, և անգամ հավերժ չեկիստ հակառակորդների կողմից կասկած չի հարուցում: Այն ԱՐԱՐՔ-ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, որոնք ապահովում են նման լեգիտիմացումը, բացառիկ բարոյա-հոգեբանական իրավիճակներ են ենթադրում, երբ թե՛ անհատական, թե՛ հավաքականության մակարդակներում տեղի են ունենում ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԹԵ՛ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՀԱՏՆԵՐԸ, ԹԵ՛ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԱՆՃԱՆԱՉԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՎԱԾ: Վերջին հարյուրամյակում ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՏՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆՑՎԱԾ նման արարքների օրինակներ էին Սարդարապատի ճակատամարտը, Կարսի հանձնման ժամանակ գնդապետ Մազմանյանի ինքնասպանությունը, 20 ական թթ. փետրվարյան ապստամբությունը, Լեռնահայաստանի գոյապայքարը, ՆԵՄԵԶԻՍ գործողությունը, 70 ական թթ. ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, Ազգային Միացյալ Կուսակցության գործունեությունը, իսկ վերջին շրջանում դրանք կապված էին Արցախյան ազատագրական շարժման ձևավորման հետ…։ Նման ԱՐԱՐՔ-ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ են , որ ապահովում են սերնդի սոցիալական առողջությունը և սոցիալական այն կապիտալը, որը կյանքի դժվարությունները համատեղ հաղթահարելու կամք է հաղորդում հավաքականությանը՝ ինքնահարգանք, համերաշխություն ու իմաստ հաղորդելով այլապես ամբողջովին նյութի մեջ ընկղմված, ստորաքարշ անհատական կամ գերված հավաքական գոյությանը…Եվ միայն նման սոցիալական կապիտալի առկայությամբ է խոսքին վերադարձվում արժեք ու ուժ, առանց որի ոչ մի տնտեսական կապիտալ չի կուտակվի երկրում, չի լինի երբեք տնտեսական բարգավաճում, էլ չասած երևակայական ներդրումների մասին…։  Այդպիսի ԱՐԱՐՔ-ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ճառագայթարող ազդեցությունն է, որ մի կողմից ի հայտ է բերում Հաց Բերողի ոգու հզորությունը, և հազարներին մղում մերկ ձեռքերով գնալու դեպի Սարի թաղ, մյուս կողմից արարքի է մղում անգամ կյանքի հատակում հայտված անհատին, որը մի վերջին, գերմարդկային ճիգով գնում է ինքնահրկիզման, այսպիսով փորձելով իր անհատական ըմբոստությամբ նպաստ բերել հանրությանը՝ իմաստ հաղորդելով իր այլապես կոտրված կյանքին ու ամայացած ներաշխարհին….։ Վարչակազմի ողջ նախապատմութունը և ներկայիս վարքը հիմքեր չեն տալիս մտածելու, որ մեր ժողովրդի համար Ծռությունից բացի այլ ելք է մնացել: Իսկ Սասնա ծռերը այն կենդանի և վարակիչ օրինակն են, որից սնվելու է ընդվզման իններորդ ալիքը, և որից այդքան սարսափում է Ցռան Վերգոն և իր «արքունիքը»: -Ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել նախկինում քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց առաջադրված մեղադրանքների եւ «Սասնա ծռեր» խմբին առաջադրված մեղադրանքների միջեւ։ Անկախ Հայաստանում զինված ապստամբության նման փորձ նախկինում չի եղել։ -Սասնա ծռերի ապստամբական գործողության նախօրինակը և նախորդ զուգահեռը դա 1921 թ. փետրվարի, կոմունիստական կարգերի դեմ աշխարհում առաջին զինված ապստամբությունն է եղել, որի արդյունքում Հայաստանը ստացավ այն կարգավիճակը, որը հնարավորություն տվեց նրան ևս 70 տարի գոյատևել և ապա անկախություն ստանալ…։Եթե չլիներ այդ ընդվզումը Հայաստանը առավելագույնը Արցախի ներկայիս հանրապեության կարգավիճակում կլիներ, և չէր կարողանա միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալ, ինչպես որ Չեչնիան չկարողացավ դառնալ…։ Ահա թե որքան հեռու կարող են գնալ իրական «Ծռության» արդյունքները…։ Անկասկած, անկախության շրջանի բոլոր նախորդ ընդվզումների փորձը հիմք է հաջորդ ընվզումների համար, և այդ իմաստով ընդվզումների կորը շատ խոսուն է և կարելի է պատկերացնել Սասնա ծռեր-2-ի նշաձողի բարձրությունը…։ Եվ ներկա վարչակազմը և նրանց մոսկովյան «պախանները» շատ լավ գիտակցելով և սարսափելով այդ հեռանկարից, այս «դատավարությամբ» և դրան ուղեկցող մեկնաբանություններով մի քանի նպատակներ են հետապնդելու. 1. կոտրել Սասնա ծռերի նկատմամբ ժողովրդական համակրանքը. 2. վարկաբեկել «Ծռության» բուն գաղափարը, որը ապստամբության համամարդկային իրավունքի ազգային, շատ ինքնատիպ արտահատությունն է՝ ամրագրված մեր հավաքական հուզաշխարհի «ներքին սահմանադրության» մեջ. 3. ազատագրված տարածքների զիջումների համար հող նախապատրաստել՝ հոգեբանորեն զինաթափելով հնարավոր դիմադրությունը, անթույլատրելի հայտարարելով սեփական արժանապատվության և իրավունքների համար զինված ընդվզման արադարացված լինելու և օրինականության գաղափարը: Ուստի և մեղադրանքները «թխված» են այս նպատակներին ծառայելու համար … Ոստիկանապետության մանկլավիկների մարտավարությունն է լինելու փորձել ամեն գնով լուսանցքայնացնել Սասնա ծռերին: Ոգով գաճաճ «նկարիչների» և «նկարչուհիների» կողմից նրանք պետք է ներկայացվեն որպես հուսահատ անհաջողակներ, բանկոմատ թալանողեր, լավագույն դեպքում խեղճուկրակ, աղանդավոր արմատական ռոմանտիկներ, բայց բոլոր դեպքերում ծայրահեղական ահաբեկիչներ և ամենակարևորը, որպես զանգվածային հետևորդ չունեցող հասարակության լուսանցքային հատված… ։ Ինքնին հասկանալի է, որ բոլոր այդ ջանքերը հակառակ արդյունքն են տալու, քանի որ. արդարությունից ու իրավունքներից, և լուսավոր ապագայից ճառող վարչակազմի երկդիմությունը ու բթությունը որևէ մտածող մեկի մոտ կասկած չի հարուցում…։ Իսկ ռեժիմի օրինականությունը լեգիտիմացնող «այլընտրանքային ԵԼՔ»-ը ներքին հուզաշխարհում տեղ չունի… Հաց բերողներին մահվան դուռը հասցնող «արդարադատության» կոկորդիլոսի արցունքներն էլ տեսանք: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Առաջին աստիճանի Մարտական խաչի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին ապահերոսացնելու, իր կյանքի պատերազմական շրջանը վարկաբեկելու ապարդյուն փորձերն էլ ենք տեսնում, և ի՞նչ… Սա միայն ի վնաս իրենց գործընթացներ են, անկասկած… Ապազգային վարչակազմը ստիպված է լինելու իր հաստիքային «ենիչերիների» հերթական խմբաքանակը ի ցույց դնելու ժողովրդին ու վերջինս խոշոր պլանով տեսնելու և հիշելու է տերերի սեղանի փշրանքներից սնվող թե՛ վարձու գրչակների ու գործակալների, թե՛ «դատավորների» ու «քննիչների» դեմքերը , որոնք դեռ կանգնելու են անցումային արդարադատության տրիբունալի առջև, ինչպես նյուրնբերգյան դատավարության ժամանակ կանգնում էին գերմանական «դատավորները» ու կատարածուները… Այս «դատավարության» բոլոր մասնակիցները թող լավ իմանան, որ իրենց ներկա վարքը ոչ ոք չի մոռանալու և խարանի պես դաջվելու է իրենց ճակատներին … ։Իսկ ծախու գրչակներին ճանաչելու համար հրաշալի հնարավորություն է առաջանում: Մոռացության տալ «ցիկլոպների» անմարդկային իշխանությունը և լծվե՞լ Սասնա ծռերի վարկաբեկման արշավին. էլ ի՞նչ ավելի լավ լյուստրացիայի ձև կերազեիք… Հ․ Գ․- Գարեգին Չուգասզյանին հարցերն ուղարկել էինք «Սասնա ծռեր»-ի դատավարությունից առաջ։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Մեկնաբանություններ