Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Ո՞վ է ում դատում. Հայաստանի ամենամեծ հանցագործներն՝ ի դեմս Ս. Սարգսյանի ու իր «քառասուն ավազակների»»
May 30, 2017     (212 դիտւմ)

Ռեժիմը հակառակորդի հետ համատեղ մեզ ստիպում է հաշտվել ամեն շաբաթ «դևին» հերթական մատղաշ երիտասարդներին զոհաբերելու անխուսափելիության կամ ազատագրված հողերի հանձնման նենգամիտ ու կեղծ ընտրության հետ…

ԳԱԼԱ-ի հարցազրույցը Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ:

-Պարոն Չուգասզյան, շուտով կլրանա «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին: Ի՞նչ ենք արձանագրում 10 ամիս անց, ի՞նչ է փոխվել 2016 թվականի հուլիսյան հայտնի իրադարձություններից հետո, կատարվածից արդյոք իշխանական համակարգում գտնվող անձինք դասեր քաղել են:

Գարեգին Չուգասզյան

Գարեգին Չուգասզյան

-Ուզում եմ հիշեցնել ապրիլյան պատերազմից հետո ստեղծված հեղձուցիչ ու անհուսության մթնոլորտը, երբ քաղաքական դաշտ կոչվածը կաթվածահար վիճակում հետևում էր, թե ինչպես են թաքցվում ապրիլյան պատերազմի արդյունքները, և այն ճնշող սպասման մթնոլորտը, երբ միայն Ժիրայր Սեֆիլյանն ու Հիմնադիր խորհրդարանի ու Նոր Հայաստանի իր գործընկերներն էին բացահայտումներ անում… Դրան հետևեց Սեֆիլյանի ձերբակալությունը և ապա Սասնա ծռերի ապստամբական գործողությունը, որը կանգնեցրեց պարտվողական տրամադրությունները Հայաստանում և ստիպեց ռեժիմի մոսկովյան պապաներին ժամանակավորապես վերախմբագրել իրենց մոտեցումներն Արցախի հարցում և Կարեն Կարապետյանի տեսքով դեսանտ իջեցնել Հայաստան…

Այս տասն ամիսների ընթացքում վարչախումբն իր նոր դեմքերով հանդերձ դիմակազրկվեց, բռնակալության ավտորիտար եղանակի հաստատումն այլևս ընդունվում է միջազգային կազմակերպությունների կողմից, բայց առավել կարևոր է մեր ժողովրդի ավելորդ պատրանքներից ազատվելու հանգամանքը և այն հոգեբանական փոխակերպումը, որը ստիպեց հազարավոր մարդկանց փողոց դուրս գալ և մերկ ձեռքերով գնալ Սարի թաղ… Ընտրությունների մասնակցության վիճակագրությունը վկայում է, որ մարդկանց մեծամասնությունն այլևս դրանց հետ կապված քաղաքական փոփոխությունների որևէ հույս այլևս չունի:

Այն, որ մեր ժողովուրդը համբերության բաժակը լցվելիս իրեն դրսևորում է պարադոքսալ և անկանխագուշակելի կերպով, գիտեն բոլորը… Բնավ պատահական չէ, որ այդ վարքն արժանացել է էպիկական «Սասնա ծուռ» բնորոշմանն ու դարձել մեր ազգային ինքնության օրինակելի վարքի ինքնաբնորոշիչներից մեկը: Կրկնեմ, սա ողջ ժողովրդի հավաքական հուզաշխարհի բնորոշիչն է և ոչ թե այս կամ այն խմբի կամ անհատի:

«Սասնա ծուռ» արտահայտությունը ժողովրդի կողմից հատուկ լեգիտիմացում է պահանջում, և ամեն մարդ ինքն իրեն հենց այնպես չի կարող վերագրել այդ պատվանունը և ակնկալել լուրջ ընկալում… Իսկ մերօրյա Սասնա ծռերի լուրջ ընկալվելը թե՛ համակիրների, թե՛ անտարբերների և անգամ հավերժ չեկիստ հակառակորդների կողմից կասկած չի հարուցում:

Այն ԱՐԱՐՔ-ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, որոնք ապահովում են նման լեգիտիմացումը, բացառիկ բարոյահոգեբանական իրավիճակներ են ենթադրում, երբ թե՛ անհատական, թե՛ հավաքականության մակարդակներում տեղի են ունենում ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ԹԵ՛ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՀԱՏՆԵՐԸ, ԹԵ՛ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԱՆՃԱՆԱՉԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՎԱԾ:

Այդպիսի ԱՐԱՐՔ-ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ճառագայթող ազդեցությունն է, որ մի կողմից ի հայտ է բերում Հաց բերողի ոգու հզորությունը և հազարներին մղում անզեն գնալու դեպի Սարի թաղ, մյուս կողմից արարքի է մղում անգամ կյանքի հատակում հայտնված անհատին, որը մի վերջին, գերմարդկային ճիգով գնում է ինքնահրկիզման՝ այսպիսով փորձելով իր անհատական ըմբոստությամբ նպաստ բերել հանրությանն՝ իմաստ հաղորդելով իր այլապես կոտրված կյանքին ու ամայացած ներաշխարհին…

Վարչակազմի ողջ նախապատմությունը և ներկայիս վարքը հիմքեր չեն տալիս մտածելու, որ մեր ժողովրդի համար Ծռությունից բացի այլ ելք է մնացել:

Իսկ Սասնա ծռերն այն կենդանի և վարակիչ օրինակն են, որից սնվելու է ընդվզման հաջորդ՝ իններորդ ալիքը, և որից այդքան սարսափում է Ցռան Վերգոն և իր «արքունիքը»:

-2016 թվականի սեպտեմբերին, երբ նոր կառավարություն ձևավորվեց ՀՀ-ում, եղան կարծիքներ, որ իշխանությունները ստիպված գնացին այդ քայլին ու կառավարության կազմի փոփոխությունը պայմանավորվեց հուլիսյան իրադարձություններով: Եղան կադրային փոփոխություններ, բայց Ձեր գնահատմամբ արդյոք որակական փոփոխություններ կան: Ի՞նչ արեց Կ. Կարապետյանի կառավարությունն անցած 8 ամիսների ընթացքում:

-Ինչպես և ակնկալվում էր, որևէ փոփոխություն չարվեց… Հա, մոռացա նշել, Քեթրինի Միհրանը դարձավ պատգամավոր… Ընդամենը…

Սակայն արձանագրենք մի կարևոր հանգամանք. վարչախմբի սոցիալական բազան գնալով նեղանում է: ՕՐՕ-ի օրինակը վերջինը չի լինելու, որով բացահայտվեց մինչ այդ խուլ ընդդիմության գոյությունը, որը կար և կա և՛ ՊՆ-ում, և՛ այլ կառույցներում…

«Խանական» ֆեոդալական հակասություններն անկասկած խորանալու են, քանի որ գիշատչային օրենքներով ապրող հանցախումբը կատաղի ներքին պայքար է մղելու գնալով քչացող ռեսուրսների համար, և, անկասկած, ավելանալու է նեղացածների թիվը… Ռուս-թուրքական եղբայրության հերթական անակնկալները նաև արտաքին հարաբերությունների ասպարեզում են վատթարացնում իրավիճակը, գումարեք սրան տնտեսական անմխիթար վիճակը, «կարմիր գծին» հասնող ավելացող պարտքերը, և ահա այս և մի շարք այլ գործոնների ոչ գծային համադրումից առաջանում են այն օբյեկտիվ պայմանները, երբ սոցիալական անխուսափելի դժգոհության հերթական որևէ կաթիլ ի վիճակի է դառնալու համբերության բաժակի վերջին կաթիլը և ընդվզման վճռորոշ ալիքի սկիզբը…

-Հիմա դարձյալ կադրային վերադասավորումների փուլ է. կառավարության նոր կազմն է թարմացվում, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում պորտֆելների բաշխում է կատարվում, այսինքն դարձյալ իրար մեջ իշխանություն է բաժանվում, բայց սրան զուգահեռ արձանագրվում է ավելի ու ավելի վատ վիճակ երկրում. բացասական ցուցանիշներ գրեթե բոլոր ոլորտներում, արտագաղթ և այլն: Ու դարձյալ Ս. Սարգսյանն ասում է, որ պայքարելու են կոռուպցիայի դեմ, պատերազմ են հայտարարում անարդարությանը… Ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում այս իրավիճակից:

-Հիշենք դասագրքային ճշմարտությունը. գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում… Լուծումը, ցավոք, «վիրահատությունն» է…

Իշխանության լծակներին հասած «Քաջ Նազարն» իր լափելու ու լակելու գնալով աճող ծարավին հագուրդ տալու և կառավարման սեփական ապաշնորհությունը փոխհատուցելու նպատակով ավտորիտար կառավարում մտցրեց՝ իր որոշումներում էլ ավելի կտրվելով ժողովրդի հետ առանց այն էլ չունեցած հետադարձ կապից… «Ռուսի ֆորպոստ» ու«բանանային հանրապետություն» երազող իր գավառամիտ երևակայությունը վերջապես բավարարում ստացավ:

Սակայն, տնտեսաքաղաքական իրավիճակի մեջ դա որևէ լավացման չի հանգեցնելու, քանի որ տնտեսական մոնոպոլիզացման պատճառով գոյացած խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլ էլ ավելի են խորանում… Սա իր հերթին հանգեցնում է առանց այդ էլ բևեռացված հասարակության մեջ բողոքային պայթուցիկ էներգիաների կուտակմանը:

Ներքին քաղաքական այս իրավիճակն էլ ավելի է բարդանում արտաքին հակառակորդի՝ արցախյան հակամարտության հարցում որդեգրած հյուծող քաղաքականությամբ, որին, ըստ էության, հակադրված ռազմավարություն չկա, և ռեժիմը հակառակորդի հետ համատեղ մեզ ստիպում է հաշտվել ամեն շաբաթ «դևին» հերթական մատղաշ երիտասարդներին զոհաբերելու անխուսափելիության կամ ազատագրված հողերի հանձնման նենգամիտ ու կեղծ ընտրության հետ…

Քաղաքական պայքարը դադարում է խաղաղ բնույթ կրել, քանի որ բոլորի համար հստակվում են խաղի նոր օրենքները, և ընտրությունների միջոցով «թերապևտիկ լուծում» տալու գիտակցությանը փոխարինելու է գալիս «վիրահատական» միջամտության անհրաժեշտության համատարած ընկալումը:

Իսկ Սասնա ծռերի, Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, հետո նաև Անդրիաս Ղուկասյանի և մնացած նվիրյալ տղաների «կաֆկայական» ոճի այս «դատավարությունները» միայն օգնելու են այդ ընկալման էլ ավելի տարածմանը:

-Այս տարվա մեջ երկու ընտրություններ տեղի ունեցան երկրում, ու տարբեր գնահատումներով ՀՀԿ-ն փաստացի գնել է իշխանությունը՝ գնելով քաղաքացու ձայնը: Սրան զուգահեռ նկատելի է հասարակական տրամադրությունների անկում. բողոք չկա, պահանջ չկա, մարդիկ կարծես թե համակերպվել են այս իրավիճակին: Ի՞նչն է պատճառը, որ աղքատության ճիրաններում հայտնված ժողովուրդը փաստորեն լռում է:

-Թող Ձեզ հասարակական արտաքուստ հանգստությունը չխաբի… Բռնակալության պայմաններում պայքարը և ժողովրդավարության պայմաններում պայքարը տարբեր բաներ են, և մեր ժողովուրդը նորից վերախմբավորում է իր ուժերը նոր պայմաններում դիմադրության կազմակերպման համար: Արժանի պատասխանը չի ուշանա: Պյուռոսյան հաղթանակներ տեսած ոչ առաջին, ոչ էլ վերջին բռնակալն է Ցռան Վերգոն…

«Վիրահատական» միջամտության համար անհրաժեշտ նոր տիպի սոցիալական մոբիլիզացումը որոշակի ժամանակ պահանջող գործընթաց է, որն ուղեկցվում է հասարակության քաղաքականապես ակտիվ ուժերի վերադասավորումով:

-Պարոն Չուգասզյան, վերադառնալով Հիմնադիր խորհրդարանի ու Սասնա ծռերի գործունեությանը, կցանկանայինք տեղեկանալ, թե արդյոք ինչ-որ ակտիվ գործընթացներ պլանավորվում են առաջիկայում, պայքարի նոր փուլ… Ինչի՞ց է դա կախված լինելու:

-Նախորդ հարցի պատասխանի շարունակությունն է: Բռնակալության պայմաններում, երբ մարդկանց անգամ տոնածառ դնելու ակտիվության համար են բանտարկում, և երբ քաղաքական և տնտեսական մոնոպոլիզացմամբ քաղաքական լեգալ պայքարի ճանապարհը փակված է, մնում է մի ճանապարհ, երբ պայքարի ուղիների և ակտիվ գործողությունների մասին բացահայտ խոսելն անտրամաբանական է դառնում, և որը կարճ ձևակերպվում է այսպես՝ ասիմետրիկ պայքար:

-Շուտով Սասնա ծռերի անդամների գործը կթևակոխի դատական փուլ, ի՞նչ եք ակնկալում հայաստանյան դատարաններից:

-Հայաստանյան արդարադատության համակարգն ինքը դատվելու կարիք ունի, ի՞նչ կարելի է ակնկալել «փտախտով» տառապող օրգաններից…

Ո՞վ է ում դատում գրոտեսկի չափերի հասնող այնպիսի անարդարությունների պայմաններում, երբ, ի դեմս Սերժ Սարգսյանի ու իր «քառասուն ավազակների», «դատավորներն» իրենք են հենց հանդիսանում Հայաստանի ամենամեծ հանցագործները: Մեղադրականը լիուլի կբավականացնի հայկական Նյուրբերգյան դատավարության անցկացմանը՝ հոկտեմբերի 27-ից մինչև մարտի 1-ի զոհեր, իշխանության բռնի և զինված զավթում, տնտեսության և բանակի աստղաբաշխական թալան և օֆշորներ, ժողովրդի զանգվածային ունեզրկում և ճորտական տնտեսական կախվածության ստեղծում, հազարավոր երիտասարդների պարբերական զոհաբերում սահմանին, ապրիլյան պատերազմի արյունածոր վերքեր, հայրենիքի հայազրկում և շարունակական արտագաղթ և, որպես վերջին ակորդ, պետական անկախության վաճառք…

«Դատավարություն» կոչվածը և ծախու մամուլի դրան ուղեկցող լուսաբանումները մի քանի նպատակներ են հետապնդելու.

1.կոտրել Սասնա ծռերի նկատմամբ ժողովրդական համակրանքը.

2.վարկաբեկել «Ծռության» բունգաղափարը, որն ապստամբության համամարդկային իրավունքի ազգային, շատ ինքնատիպ արտահայտությունն է՝ ամրագրված մեր հավաքական հուզաշխարհի «ներքինսահմանադրության» մեջ.

3.ազատագրված տարածքների զիջումների համար հող նախապատրաստել՝ հոգեբանորեն զինաթափելով հնարավոր դիմադրությունը, անթույլատրելի հայտարարելով սեփական արժանապատվության և իրավունքների համար զինված ընդվզման արդարացված լինելու և օրինականության գաղափարը:

Ուստի և մեղադրանքները «թխված» են այս նպատակներին ծառայելու համար…

Ոստիկանապետության մանկլավիկների մարտավարությունն է լինելու փորձել ամեն գնով լուսանցքայնացնել Սասնա ծռերին: Ոգով գաճաճ «նկարիչների» և «նկարչուհիների» կողմից նրանք պետք է ներկայացվեն որպես հուսահատ անհաջողակներ, բանկոմատ թալանողներ, լավագույն դեպքում խեղճուկրակ, աղանդավոր, արմատական ռոմանտիկներ, բայց բոլոր դեպքերում ծայրահեղական ահաբեկիչներ և, ամենակարևորը, որպես զանգվածային հետևորդ չունեցող հասարակության լուսանցքային հատված…

Ինքնին հասկանալի է, որ բոլոր այդ ջանքերը հակառակ արդյունքն են տալու, քանի որ արդարությունից ու իրավունքներից և լուսավոր ապագայից ճառող վարչակազմի երկդիմությունը ու բթությունը որևէ մտածող մեկի մոտ կասկած չի հարուցում… Իսկ ռեժիմի օրինականությունը լեգիտիմացնող «այլընտրանքային ԵԼՔ»-ը ներքին հուզաշխարհում տեղ չունի…

Հաց բերողներին մահվան դուռը հասցնող «արդարադատության» կոկորդիլոսի արցունքներն էլ տեսանք: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Առաջին աստիճանի Մարտական խաչի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին ապահերոսացնելու, իր կյանքի պատերազմական շրջանը վարկաբեկելու ապարդյուն փորձերն էլ ենք տեսնում, և ի՞նչ… Սա միայն ի վնաս իրենց գործընթացներ են, անկասկած…

Ապազգային վարչակազմը ստիպված է լինելու իր հաստիքային «ենիչերիների» հերթական խմբաքանակն ի ցույց դնելու ժողովրդին, ու վերջինս խոշոր պլանով տեսնելու և հիշելու է տերերի սեղանի փշրանքներից սնվող թե՛ վարձու գրչակների ու գործակալների, թե՛ «դատավորների» ու «քննիչների» դեմքերը, որոնք դեռ կանգնելու են անցումային արդարադատության տրիբունալի առջև, ինչպես Նյուրբերգյան դատավարության ժամանակ կանգնում էին գերմանական «դատավորներն» ու կատարածուները…

Այս «դատավարության» բոլոր մասնակիցները թող լավ իմանան, որ իրենց ներկա վարքը ոչ ոք չի մոռանալու և խարանի պես դաջվելու է իրենց ճակատներին… Իսկ ծախու գրչակներին ճանաչելու համար հրաշալի հնարավորություն է առաջանում: Մոռացության տալ «ցիկլոպների» անմարդկային իշխանությունը և լծվե՞լ Սասնա ծռերի վարկաբեկման արշավին. էլ ի՞նչ ավելի լավ լյուստրացիայի ձև կերազեիք…

-Պարոն Չուգասզյան, վերջին շրջանում առաջնագծում լարված իրավիճակի ֆոնին դարձյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցն է օրակարգում: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է գնալ փոխզիջման, եթե Ադրբեջանը համաձայնվի ստորագրել փաստաթուղթը: ՀԽ-ն՝ Ժ. Սեֆիլյանի գլխավորությամբ, այս առումով միշտ կտրուկ դիրքորոշում է ունեցել, մյուս կողմից էլ այս հարցում Ս. Սարգսյանի ու նրա իշխանության համար վտանգ ներկայացնող անձինք բանտերում են: Այս հարցը մտածելու տեղիք տալի՞ս է:

-Ս. Սարգսյանի ու նրա իշխանության հակառակորդը և վտանգ ներկայացնողն անձինք չեն, այլ ժողովուրդն է, որին նա պատրաստ է դավաճանել, որին շարունակում է անխնա շահագործել, ունեզրկել, ստորացնել… Մյուս կողմից՝ դեռևս մեծ հարց է, թե Սասնա ծռերի՝ բանտերում գտնվե՞լն է ավելի վտանգավոր ռեժիմի համար, թե՞ նրանց դրսում լինելը: Ժողովրդի տարբեր շերտերի համար ձևավորել են դիմադրության օրինակելի և ապրող կերպարներ, որն անպայման նորանոր դրսևորումներ կստանա նույն ժողովրդի՝ արժանապատվությամբ ապրելու ձգտող հատվածի և զինվորականության մոտ, որն էլ, ըստ էության, հենց ժողովրդի դիմադրության ոգու կրողն է:

Այդ դիմադրության ոգին, անկասկած, այս «դատավարությունների» գործընթացով միայն շատանալու է…

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի
Աղբյուր` http://galatv.am/hy/news/191582/#.WSyGoAlB0hR.facebook

Մեկնաբանություններ