Այսօր մենք Եռաբլրի սրբազան հողին ենք հանձնում Արայիկ Խանդոյանին: Արայիկ Խանդոյանը մեկն էր այն սերնդից, որն եկավ լալահառաչ հայրենասիրությունը փոխարինելու անձնվեր հայրենատիրությամբ: Մեկն էր նրանցից, որ երբեք անտարբեր չեղավ իր հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Մեկն էր այն ընտրյալներից, որ իր կարճատև կյանքն անմնացորդ նվիրեց իր հայրենիքին: Հիրավի մեկն էր նրանցից, ում մասին Մաթևոս ավետարանիչն ասում է. «կանչվածները շատ են, բայց ընտրյալները՝ քիչ» (Մտթ. 22:14): Արայիկ Խանդոյանը զիվնոր էր, հայրենիքի զինվոր՝ այս բառի ամենալայն իմաստով: Նա ողջ կյանքում զենքը ձեռքին պայքարեց իր հայրենքի ազատագրության համար, պայքարեց բոլոր տեսակի թշնամիների դեմ՝ լիներ այդ թշնամին արտաքին, թե ներքին: Նա մեկն էր հայոց նորագույն դիմադրական շարժման՝ Սասնա ծռեր ապստամբական խմբի: Գիտեմ, ոմանք՝ իբր օրինականության պաշտպաններ, հարցականի տակ են դնելու իմ խոսքերը: Բայց ամենից լավ նրանց նմաններին ժամանակին պատասխանել Միացյալ Ամերիկայի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը. When injustice becomes law, resistance becomes duty. Երբ անարդարությունը դառնում է օրենք, դիմադրությունը դառնում է պարտականություն: Իսկ հայոց բանաստեղծը շատ ավելի գեղարվեստորեն է ձևակերպել նույն միտքը. Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար:
Արա Պապյան, 14 հոկ., 2018թ., Եռաբլուր, ք. Երևան