Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Դիմադրական շարժումը թափ է հավաքում, վարչակազմին դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասում… Գ. Չուգասզյանի հարցազրույցը՝ ԳԱԼԱ-ին
August 5, 2017     (42 դիտւմ)

Մեկ տարի առաջ երկրում տեղի ունեցած զարգացումների, ինչպես նաև Armexit-ի գաղափարի շուրջ ԳԱԼԱ-ի հարցերին է պատասխանել Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գ. Չուգասզյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

– Պարոն Չուգասզյան, 2016 թվականի հուլիսյան իրադարձություններից մեկ տարի անց Ձեր, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի և Վարուժան Ավետիսյանի կողմից տարածվեց համատեղ հայտարարություն, որում մի քանի կետերով ներկայացված են ՀՀ-ն այս խորը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու ուղիները. ազգային կառավարության ստեղծում, ազատագրում ռուսական կախվածությունից, ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ դաշնակցային հարաբերությունների ձևավորում և այլ կետեր ևս:

Գործնականում այդ ամենը կյանքի կոչելու ի՞նչ ճանապարհներ եք տեսնում:

– Նախ մի փոքր նախաբան:

Երբ շուրջ 30 տարի առաջ՝ 1985թ., Խորհրդային Միությունում սկսվեց Պերեստրոյկան, դժվար էր պատկերացնել, որ հայությունն ընդամենը հինգ տարի ունի նախապատրաստվելու այդ միության փլուզմանը, որն իր հերթին հանգեցնելու էր գլոբալ «տեկտոնական» փոփոխության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ձևավորված քաղաքական սահմանների վերանայմանը և նոր պետությունների առաջացմանն Արևելյան Եվրոպայում:

Եթե խորհրդային հայությունը Պերեստրոյկայի ընթացքում իր արցախյան պահանջատիրությամբ կարողացավ վերակազմակերպվել և հանդես գալ նոր քաղաքական նախագծով և քիչ թե շատ պատրաստ լինել Խորհրդային Միության փլուզումով առաջացող անկայունությանը, ապա այսօրվա Մերձավոր Արևելքի «պերեստրոյկան» հայության գերակշիռ մասի կողմից դեռևս չի գիտակցվում որպես Առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված պետական սահմանների վերանայման նախաբան: Այս նոր գլոբալ անկայունության պայմաններում հայկական քաղաքական նախագծի բացակայությունը հղի է ներկա պետական «նավի»՝ գալիք փոթորկի մեջ կորչելով, քանի որ «ոչ մի քամի համընթաց չի կարող լինել այն նավին, որը չգիտի, թե որն է իր նավահանգիստը»: Մինչդեռ այս աշնանը նախատեսված և ամերիկյան աջակցություն ստացած քրդական պետության ստեղծումով այդ նախաբանը վերջանում է, և սկսվում է ներկա սահմանների վերաձևման բուն տեկտոնական գործընթացը: Հասկանալի է, որ սա տարիներ տևող նոր փուլ է լինելու և հանգեցնելու է նաև ներկայումս գործող անվտանգության ռուս-թուրքական ճարտարապետության ամբողջական վերանայմանը:

Ահա այս համատեքստում է պետք դիտել Սասնա ծռերի ապագաղութացման վերջին հայտարարությունները՝ կապված առաջին հանրապետության քաղաքական ժառանգորդման անհրաժեշտության և ռուս-թուրքական ապօրինի պայմանագրերի վրա ձևավորված սահմանների վերանայման խնդրի հետ:

Ինչպես գիտեք, հենց Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանի՝ ռուս-թուրքական ճարտարապետությամբ ձևավորված ապօրինի սահմանների պատճառով ենք մենք ժառանգել մեր պետականությունը խեղդող ներկայիս ամենաբարդ երկու խնդիրները՝ Արցախյան հիմնախնդիրը և շրջափակումը: Պետք է ի վերջո ազգովի գիտակցենք, որ այս խնդիրները կարող են լուծում ստանալ միայն ավելի մեծ համատեքստում, այն է՝ Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքական նոր նախագծման շրջանակներում, որը չնայած մեզանից կպահանջի համազգային գերլարում, բայց և հայկական պետականության համար ի վերջո կբացի կայուն ապագայի և տարածաշրջանում մեր ավանդական քաղաքակրթական առաքելության իրացման հնարավորությունները: Նախիջևանի կողմից երկաթուղու շրջափակումով Հայաստանը զրկվել է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ համաշխարհային առանցքների և Պարսից ծոցից Սև ծով ձգվող շղթայում աշխարհաքաղաքական ինքնուրույն արժեք ներկայացնող օղակի իր բնական իրավունքից:

Քրդական հարցի մոտալուտ տարածաշրջանային ցնցումները չեն կարող շրջանցել մեզ և մեր շահերը: Ցնցումների էպիկենտրոնը մոտ ապագայում տեղափոխվելու է Արևմտյան Հայաստան և ընդհուպ մոտենալու է մեր ներկայիս սահմաններին: Միակ միջազգային փաստաթուղթը, որտեղ խոսք կա քրդական պետության ստեղծման մասին, Սևրի դաշնագիրն է, որը պատմական գզրոցներից այս անգամ բարձրացվելու է ոչ թե հայերի, այլ քրդերի կողմից:

Հիմա անդրադառնամ Ձեր հարցին, թե գործնականում այդ ամենը կյանքի կոչելու ինչ ճանապարհներ ենք տեսնում:

Օրեր առաջ ամերիկյան կոնգրեսում և սենատում համարյա միաձայն ընդունված և արդեն իսկ քաղաքական երկրաշարժ առաջացրած սանկցիաների օրենքը գալիս է փաստելու, որ տարածաշրջանից ռուսական մոտալուտ նոր նահանջի սցենարն այլևս ոչ միայն ֆանտաստիկայի ժանրից չէ, այլև դառնում է իրական, մոտավորապես կրկնելով ռեյգանյան վարչակազմի օրոք տեղի ունեցած նախորդ ռուսական նահանջը:

Հայությունը պետք է նախապատրաստվի դրան և հնարավորինս անցնցում ապահովի արժանապատիվ ռուսական նահանջը: Մյուս կողմից կարիք է առաջանում, հենվելով հայ-ամերիկյան ռազմաքաղաքական ժամանակակից համագործակցության դրական փորձի վրա, արմատապես ընդլայնելու այն: Ուստի առաջարկվող հայ-ամերիկյան դաշնակցությունը, որպես իր արմատներ, պետք է հենվի Առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված հայ-ամերիկյան համագործակցության բացառիկ ժառանգության վրա, ներառյալ Վիլսոնյան իրավարար որոշումը…

Այստեղ կարևոր է մատնանշել նաև հայ-իրանական հարաբերությունների բացառիկ կարևոր նշանակությունը: Պարադոքսալ կերպով հենց Հայաստանը կարող է դառնալ ամերիկա-իրանական տարածաշրջանային շահերի համաձայնեցման վայր, որի կարիքը երկու կողմն էլ մշտապես ունենալու են…

– Ձեր համատեղ հայտարարությունում կարևորվում է Թուրքիայի, Իրանի հետ լուրջ հարաբերությունների ձևավորումը, միաժամանակ նշվում է, որ այդ ամենն իրականություն չի կարող դառնալ ներկայիս իշխանությունների պաշտոնավարման դեպքում, և որ այդ նպատակով հարկավոր է ստեղծել Հայաստանի ժողովրդին և նրա իրական շահերը ներկայացնող ազգային ուժեր: Կմանրամասնե՞ք՝ այդ ուժերն ինչ քաղաքական միավորների շուրջ են ձևավորվելու, ովքեր են լինելու առանցքային դերակատարները:

– Կա քաղաքական «սինգուլյարություն» կոչվող հասկացությունը, որին մենք անշեղորեն մոտենում ենք: Դա պատմական այնպիսի կետ է, որից հետո սկսում են գործել նոր և անծանոթ օրինաչափություններ… Ներկայիս քաղաքական իրողությունների իներցիոն պրիզման թույլ չի տալիս տեսնելու գալիք արմատական փոփոխությունները, ճիշտ ինչպես անհնար էր 1987թ. մանրամասնությամբ պատկերացնել և հաշվարկել Արցախյան շարժումը, գալիք նոր առանցքային դերակատարներին, քաղաքական ուժերին և նրանց դասավորությունները:

Իհարկե, Հիմնադիր խորհրդարանն իր Նոր որակի հայկական պետության հայեցակարգի մեջ փորձել է ուրվագծել գալիք նոր ապագաղութացված իրականությունը, մասնավորապես ձեզ հետաքրքրող արտաքին հարաբերությունները, որին կարելի է ծանոթանալ իր կայքում՝ goo.gl/DGvH9m հասցեով: Իսկ Սասնա ծռերի վերջին հայտարարությունները, հենվելով վերջին զարգացումների վրա, որոշակի նոր հստակեցումներ են մտցրել նշված փաստաթղթում:

Գալիք տարիների ամերիկա-ռուսական հակասությունների խորապատկերը մերկացնում է ներկայիս հայկական քաղաքական «վերնախավի» սնանկությունը: Վերջինս ոչ միայն պատրաստ չէ նոր քաղաքական նախագծմանը, այլև իր գավառական մակաբույծ օլիգարխիական ծագումով դառնում է հայ ժողովրդի ազատագրման հիմնական խոչընդոտը՝ կորցնելով վստահության այն մինիմալ պաշարը, որը հարկավոր է լինելու ներկա փուլի համազգային մոբիլիզացումն ապահովելու համար: Ուստի այն, իր քաղաքական ինստիտուտներով հանդերձ, ենթակա է չեզոքացման:

Չգիտակցել այս ամենը և գլուխն ավազների մեջ պահել կարող են միայն ջայլամի ուղեղ ունեցող ներկայիս վարչակազմը և իր սնուցած «քաղաքագետիկները», որոնք չնայած Արցախյան ազատամարտի հերոսական հաղթական բնույթին, հայկական պահանջատիրության մասին քամահրանքով ենք սովոր միայն արտահայտվել և որոնք, երբևիցե, այդպես էլ չբարձրացան գաղութային ադմինիստրատորի ետխորհրդային ժառանգորդ լինելու իրենց գավառական դերից:

Համակարգային կոռուպցիայի ներկայիս խորացած հիվանդության պայմաններում վարչակազմը վերածվել է «գանգրենային» հանգույցի և վտանգում է ողջ ազգի օրգանիզմը, և առանց նրա քաղաքական «վիրահատման» խնդիրը չի լուծվի: Այդ «վիրահատության» առաջարկվող սխեման նույնպես նկարագրված է և հրապարակված, ներառյալ անցումային կառավարության ստեղծումը…

– Այս ամենը կյանքի կոչելու հարցում կարևոր է նաև ժողովրդի աջակցությունը, ի՞նչ եք կարծում, 2016 թվականի հուլիսյան իրադարձություններից հետո արդյոք այս գաղափարը բավարար աջակցություն կստանա:

– Խորհրդային Միությունից դուրս գալու առաջարկն էլ մեկ օրում չէր, որ բավարար աջակցություն ստացավ, բայց ի վերջո ստացավ…

Armexit-ի գաղափարն էլ բավարար աջակցություն կստանա:

Գնալով՝ ավելի ու ավելի շատերի համար է ակնհայտ դառնում ռուսական ներկայիս քաղաքականության մեջ հայությունը և իր շահերը որպես թուրք-ռուսական համագործակցության մանրադրամ օգտագործելու հակահայկական ուղղվածությունը… Ապրիլյան պատերազմը, Ադրբեջանին մահաբեր զենքերի շարունակվող մատակարարումը, իսկ հիմա նաև ռուս-թուրքական C-400 հրթիռային կայանքների պայմանագիրն արագորեն փոխում են թե՛ բանակի և սպայակույտի և թե՛ ավելի լայն ժողովրդական տրամադրությունները…

Միաժամանակ մենք ականատեսն ենք թե՛ հայ-ամերիկյան, թե՛ հայ-իրանական համագործակցության տեղապտույտի, այն դեպքում, երբ այդ երկու երկրների կողմից էլ ստացել ենք բացառիկ ձեռնտու առաջարկներ: Այս պարագայում քաղաքականապես «իմպոտենտ» գաղութային վարչակազմին միայն իր ծուռ հայելի հանդիսացող «արևմտամետ» մամուլի միջոցները կարող են ներկայացնել որպես ճկուն և իմաստուն քաղաքականության կրող:

Մյուս կողմից, հայ-իրանական տնտեսական համագործակցության ռուսական գազպրոմային շրջափակումը և ամերիկյան սանկցիաների բերելիք տնտեսական դժվարությունների նոր ալիքը էլ ավելի են խորացնելու դժգոհությունը տնտեսական շրջանակներում՝ ավելի ակնհայտ դարձնելով Armexit-ի անհրաժեշտությունը:

– Ինչպես հայտարարությունում է նշվում, Հայաստանը ռուսական գաղութատիրությունից ազատագրելու և ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ դաշնակցելու դեպքում կարող է դառնալ քաղաքակիրթ համայնքի լիիրավ անդամ: Պարոն Չուգասզյան, այս ամենն իրագործելու ծրագիր Հիմնադիր խորհրդարանն ունի՞, կա՞ գործողությունների պլան, թե՞ սա առաջարկ է ՀՀ իշխանություններին:

– Ինչպես արդեն նշեցի, կա ավելի քան հարյուր հիսուն էջից բաղկացած Նոր որակի հայկական պետության ստեղծման հայեցակարգ, որն այստեղ մեջ բերել հնարավոր չէ, բայց որին, նորից հիշեցնեմ, կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ goo.gl/DGvH9m հասցեով:

Ինչ վերաբերում է իշխանությունը զավթած բանդային, ապա կա մի առաջարկություն իրեն՝ անհապաղ սկսել բանակցություններ անցումային իշխանություն ձևավորելու ուղղությամբ, որը կապահովեր առավել անցնցում իշխանափոխությունը Հայաստանում…

– Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, երբ Սասնա ծռերը դուրս եկան զինված պայքարի՝ դարձյալ մի շարք պահանջներ ներկայացնելով: Ինչպե՞ս է իրականություն դառնալու այս ամենը:

-Ճիշտ ինչպես Արցախյան շարժումն էր վայրիվերումներով, ձերբակալություններով և ճնշումներով ուղեկցվում, այնպես էլ այսօր դիմադրական շարժումը թափ է հավաքում նաև դատավարության ընթացքում և ընդհատակում:

Սա բնական է, քանի որ մենք, ցավոք, ապրում ենք բռնակալության ու իրավական «բեսպրեդելի» պայմաններում: Ուստի հասկանալի է, որ մտադիր չենք մեր հետագա բոլոր գործողություններն ամենայն մանրամասնությամբ նկարագրելու և հայտարարելու. վարչակազմին դեռ բազմաթիվ անակնկալներ են սպասում…

Առայժմ բավարարվենք հրապարակված փաստաթղթերը և հայտարարությունները պարզաբանելով:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի
Աղբյուրը` http://galatv.am/hy/news/197788/#.WYS0NyY5bow.facebook

Մեկնաբանություններ