Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը Մայիսյան հերոսամարտերի և անկախ պետականության վերականգնման տարեդարձերի առթիվ
May 26, 2017     (1043 դիտւմ)

Սիրելի՛ հայրենակիցնե՛ր
Մեկ դար առաջ գոյութենական սպառնալիքին դեմ հանդիման հայտնված Հայը որոշեց լինել, շարունակել իր առաքելությունը և տեր կանգնել իր Հայրենիքին ու նախնիների ժառանգությանը։

Այդ որոշումից բխեց Սարդարապատյան ընդվզումը, ինչի շնորհիվ նաև վերականգնվեց ընդմիջված անկախ պետականությունը։

Ցավոք, հայ քաղաքական դասը համահունչ չեղավ Սարդարապատի ոգուն և չգործեց Հայի առաքելությունը վերաստանձնելու, Հայրենիքին և նախնիների ժառանգությանը վերատիրանալու տրամաբանության վրա հիմնված ռազմավարությամբ։ Այդ պատճառով չկարողացանք հաղթահարել արտաքին ու ներքին ծանր մարտահրավերները և ընդամենը երկուսուկես տարեկան մեր անկախությունը զոհ գնաց թրքաբոլշևիկյան գաղութարար դաշինքին։

Սակայն հայ ժողովուրդը, որ Սարդարապատի ոգու կրողն է, հավատարիմ է իր առաքելությանը, ապրում է Հայրենիքի իղձով ու անթեղված կրակի նման պահպանում և սերնդեսերունդ փոխանցում է ազգային ժառանգությունը, 1988-ի պատեհ առիթով դարձյալ ընդվզեց, վերատիրացավ Շուշիին ու Արցախի մի զգալի մասին և կրկին վերականգնեց անկախությունը։

Մինչդեռ հայ քաղաքական դասն այս անգամ ևս համահունչ չեղավ իր ժողովրդին ու նրա պայքարին, այլ մնաց որպես օտար օրակարգերին ենթակա տհաս ու ստրկամիտ կատարածու։ Դրա հետևանքով մեր պետական կառավարման համակարգը վերածվել է մեկ դար առաջ թրքաբոլշևիկյան դաշինքով ձևավորված տարածաշրջանային հակահայ ճարտարապետությունը և նրա գլխավոր երաշխավոր Ռուսաստանի շահերն սպասարկող գաղութային վարչակազմի, որն իշխելու և թալանելու հնարավորությունը պահպանելու համար յուրային ժողովրդի նկատմամբ վարվող ցեղասպան քաղաքականությամբ այնքան է թուլացրել պետությունն ու բանակը, որ վերստին հայտնվել ենք հայրենաբնակ հայության բնաջնջման և պետականության ու Հայրենիքի վերջին հատվածի կորստյան սպառնալիքին դեմ հանդիման։

Վերահաս աղետը կանխելու, այս կորստաբեր ընթացքից դուրս գալու և կյանքի ճանապարհը շարունակելու համար հայությունը պետք է վերաիմաստավորի անցյալը և որդեգրի հետևյալ հիմնադրույթների վրա կառուցված ռազմավարություն.

1) հայությունը բռնազավթման ու ցեղասպանության հետևանքով կորցրած իր Հայրենիքին վերատիրանալու ու Հայկական բարձրավանդակի ամբողջ տարածքի վրա ազգային պետականությունը վերականգնելու և, ըստ այդմ՝ իր առաքելությունը վերստանձնելու անօտարելի իրավունք ունեցող բնիկ ժողովուրդ է,

2) հայությունը մեկ միասնական՝ ամբողջական ու անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ է և, քանի դեռ ցեղասպանության ու հայրենազրկման պատճառով աշխարհով մեկ ցրված լինելու հետևանքով հայերի մեծ մասը չի կարող իրավապատշաճ կերպով իր կամքն ուղիղ ձևով արտահայտել, նրա անունից այդ խնդիրը լուծում են ազգային իրավազորության տարածքում (ներկայիս ՀՀ և Արցախ) բնակվող հայերը,

3) ներկայիս հայկական պետությունը պետք է լինի 1-ին Հանրապետության, այլ ոչ թե դրա բռնազավթման ու մասնատման արգասիք Հայկական ԽՍՀ-ի իրավաքաղաքական ժառանգորդը,

4) մերժելի և առ ոչինչ են բոլոր այն գործողություններն ու ակտերը, որոնք հակասում են առաջին երեք հիմնադրույթներին (օրինակ՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրեր, ԱՊՀ պայմանագիր, Արցախի անկախության հարաքվե և այլն)։

Ազգային առաքելության, հայրենատիրության ու ժառանգորդության հիման վրա կառուցվող այս ռազմավարությունը թելադրում է մեր ներուժը համախմբելու ու արդյունավետ կերպով կիրառելու՝ գործնականորեն անսպառ կարողականությամբ համահայկական օրակարգ։
Այդ օրակարգի միջանկյալ նպատակը պետք է դառնա Կուր-Արաքսյան Հանրապետության ստեղծումը, իսկ առաջին քայլը՝ Արցախի հարցի կեղծ, անբնական ու հակահայ հայեցակարգից, այդ թվում՝ այն օտար ուժերի ու դարավոր թշնամու խարդավանքներից առկախ պատանդի վերածած անկախությունից, հրաժարվելը և Հայաստանի Հանրապետության ու Արցախի միավորմամբ նշված Կուր-Արաքսյան նոր Հանրապետության մեկնարկումը։

Միայն այսպիսի ռազմավարությունը և օրակարգը հնարավորություն կտան հստակեցնել իրավիճակը, հասկանալ սխալները և ուղղել դրանք, ճանաչել յուրայիններին ու հակառակորդներին, խուսափել «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», «հո՞ղ, թե՞ խաղաղություն» բնույթի հորինովի ու կործանարար երկընտրանքներից և, ներդաշնակելով քաղաքական-իրավական ու ուժային առումները, համախմբված ջանքերով ոտք դնել Հայրենիքի ու ժառանգության վերատիրացմամբ հայության ապագան երաշխավորելու և նրա համամարդկային առաքելությունը իրականանալի դարձնելու ճանապարհի վրա։
Զուգահեռաբար, նման ռազմավարությունն ու օրակարգը կապահովեն նաև Սարդարապատյան ոգու հերթական պոռթկմամբ լինելիք ժողովրդական ընդվզման արդյունավետ ուղեվարումը՝ երաշխավորելով գաղութային վարչակազմին հեռացնելու և ազգային կառավարություն ձևավորելու առաջնային խնդրի հաջող լուծումը։
Ժողովուրդն ազգային առաքելությամբ ապրող կենդանի օրգանիզմ է։ Ապրելու տենչը և արարելու անսպառ ձգտումը նրա համար բնական ու օրինաչափ վիճակ է։ Ուստի հանուն իր առաքելության նա մի՛շտ պատրաստ է պայքարի, զոհաբերության ու հաղթանակի։
Քաղաքական դասի խնդիրն է հավատարիմ ու համահունչ լինել ժողովրդին և ճիշտ կազմակերպել նրան։ Երբ որևէ պատմական փուլում ժողովուրդը չունի նման քաղաքական դաս, ապա վաղ թե ուշ ստեղծում է նորը։

Այսօր այդպիսի ժամանակ է։ Այդ ժամանակի մեկնարկն արձանագրվեց Ապրիլյան քառօրյայի հերոսական դիմադրությամբ և Սասնա Ծռերի ապստամբությամբ։ Դրանք ոչ միայն կասեցրեցին և, ըստ էության, վիժեցրեցին Արցախը և Հայաստանի ինքնիշխանությունը պայմանավորված պատերազմով ու դավաճանական այլ քայլերով հանձնելու ծրագիրը, այլև լինելության դիտանկյունից վերստին իմաստավորելով կյանքը, անցյալը, ներկան ու ապագան՝ արդիականորեն վերասահմանեցին հաղթելու և ապրելու բանաձևը։
Մե՛նք ենք տերը մեր երկրի։

 «Արմավիր» ՔԿՀ

Մեկնաբանություններ