Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Ծրագրի իրագործումը կհեռացնի գաղութային վարչակազմին. Վարուժան Ավետիսյանի բացառիկ հարցազրույցը
November 1, 2016     (537 դիտւմ)

«Առաջին լրատվական»-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող, «Սասնա ծռեր» խմբի անդամ  Վարուժան Ավետիսյանի հետ

Պարոն Ավետիսյան, նախ շնորհակալություն այս հնարավորության համար: Փորձենք մի փոքր ամփոփել տեղի ունեցածը: Ձեր համախոհներից շատերը նշում են, թե տեղյակ չեն եղել Ձեր ծրագրի մասին: Անգամ «Սասնա ծռեր»-ի անդամներից եղան այնպիսիք, որ նշում էին, թե ՊՊԾ գունդ մտնելուց հետո են հասկացել ինչ է կատարվում: Ի վերջո՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս համախմբեցիք այդ մարդկանց, ինչպե՞ս կայացրիք նման որոշում: Պատահական մարդկանց հետ նման քայլի չես գնա, ինչպե՞ս եք կատարել այդ մարդկանց ընտրությունը, բոլորը գիտակցված և իրենց ցանկությա՞մբ են եկել Ձեզ հետ:

Համբերության բաժակի վերջին կաթիլը Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունն էր: Գաղութային վարչակազմը այդ քայլով բացահայտ մարտահրավեր նետեց հայությանն ու Հայաստանի քաղաքացիներին՝ ցույց տալով, որ ամեն գնով իրականացնելու է Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանին հանձնելու ծրագիրը: Բնականաբար, նման գործելակերպն առաջացրեց համարժեք պատասխան տալու կենսական անհրաժեշտություն, որն էլ իրականացվեց «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբական գործողությամբ: Գաղութային վարչակազմը և նրա հյուսիսային տերը պետք է հասկանային, որ հայության դիմադրողականությունը չի սպառվել, և իրենց ծրագրերը չեն կարող կատարվել: Ինչ վերաբերում է կազմակերպչական մանրամասներին, ապա դրանք կբացահայտվեն գաղութային վարչակազմին հեռացնելուց հետո: Այդ առումով հորդորում եմ զինվել համբերությամբ: Միայն խնդրում եմ նկատի ունենալ, որ գաղութային վարչակազմը կառավարում է ոստիկանապետաքրեական մեթոդներով, ուստի ոչ մի պարագայում չի կարելի վստահել նրա տարածած տեղեկույթին, մասնավորապես՝ եթե դա վերաբերում է ռազմագերիներից կորզված ցուցմունքներին:

Ինչպե՞ս եք գնահատում հասարակության աջակցությունը Ձեր գործողություններին, զենքերը վայր դնելու օրը կոչով հանդես եկաք՝ քայլը ժողովրդինն է, հետագայում Ձեր գրառումներում նշել էիք, որ երիտասարդությունը պետք է քայլ անի, բայց փողոցում ալիքը մարել է կարծես: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է պատճառը, գուցե քաղաքական խորհո՞ւրդը ճիշտ մարտավարություն չի ընտրել և չի կարողանում կոորդինացնել ժողովրդին:

Հասարակության աջակցությունը համակրանքի առումով կարող էր ավելի ակտիվ և ծավալուն լինել: Այնուամենայնիվ կա պայքարն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ հանրային գիտակցություն և ցանկություն: Մեր խնդիրն է այդ ցանկությունը վերածել կամքի և կազմակերպված համազգային ճնշմամբ այն պարտադրել վարչակազմին ու վռնդել նրան: Ներկայումս վերաիմաստավորման և մոբիլիզացիայի համար անհրաժեշտ բնական ընդմիջման ժամանակն է:

Իսկ ժողովուրդն այլևս ազատագրման միակ տարբերակ է համարում հեղափոխությունը: Ուստի մի քանի ամիս ուշ թե շուտ՝ այն տեղի կունենա:

Մնո՞ւմ եք այն կարծիքին, որ Հայաստանում ընտրական համակարգը չի աշխատում, և պետք է բոյկոտել նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները:

Այո: Ժիրայր Սէֆիլյանի հետ միասին մի քանի օր առաջ ծավալուն հոդված ենք հրապարակել՝ հիմնավորելով միայն ընդվզման միջոցով արդյունքի հասնելու ճանապարհը:

Պարոն Ավետիսյան, շատերը մեղադրեցին Ձեզ՝ նշելով, որ գործողությունների հստակ ծրագիր չունեիք, և չկար, այսպես կոչված, պլան Բ-ն: Ի վերջո Ձեր պահանջներից և ոչ մեկը չբավարարվեց՝ ո´չ Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց, ո´չ էլ Սարգսյանը հրաժարական տվեց: Եթե ի՞նչ-որ տեղ ընդունենք, թե կառավարության փոփոխությունը տեղի ունեցավ նաև հուլիսյան իրադարձությունների ժամանակ ակնառու դարձած դժգոհություններից ելնելով, կարծում եք միայն դրա համար արժե՞ր նման քայլի դիմել:

Եթե փորձենք մեր սպասելիքների տեսակետից որպես բավարար, լավ կամ գերազանց գնահատել «Սասնա ծռեր» խմբավորման գործողության վերջնական արդյունքը, ապա հաստատապես կարող ենք ասել, որ այն բավարար էր: Իսկ դա ամուր հենք և նախադրյալ է ի վերջո մեր նպատակներին հասնելու համար: Մենք արդեն հրապարակել ենք «Նոր հանրապետության հիմնադրման «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը»:

Դա մեր քաղաքական ծրագիրն է, որը պարունակում է գրեթե բոլոր կարևոր հարցերի պատասխանները: Այդ ծրագրի իրականացումը կհանգեցնի գաղութային վարչակազմի հեռացման, ռուսական գաղութատիրությունից ազատման, Արցախի միավորման և ժողովրդավարության հաստատման:

Իսկ Կարեն Կարապետյանի կառավարության նշանակումը կրեմլյան տեխնոլոգների ճարահատյալ քայլն էր: Կրեմլը ստիպված եղավ «Սասնա ծռեր»-ի գործողության շնորհիվ հայության և ՀՀ քաղաքացիների շրջանում առաջացած դիմադրության ազդեցությամբ առաջ բերելու Սերժ Սարգսյանի վարչախմբի ձեռքով Արցախը և ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանին հանձնելուց հետո նախատեսված ժամանակահատվածի համար մշակված նորօրյա «Ալեքսանդր Մյասնիկյան» սցենարը: Այդ սցենարը ռազմավարական նշանակություն ուներ Մոսկվայի համար: Այն ենթադրում էր Հայաստանում ռուսական կրեատուրայի փոխարինում ռուսական ագենտուրայով, քրեաօլիգարխիկ կառավարման լծակների փոխանցում նախապես պետական կառավարման համակարգում սածիլված ու բուծված ռուսական գործակալների, օլիգարխների ունեզրկում՝ հօգուտ ռուսական կապիտալի և այլն:

Մի խոսքով՝ Կարեն Կարապետյանը նախատեսված էր պետական կառավարման համակարգը և տնտեսությունը լիակատար գաղութացնելու համար: Մինչդեռ հիմա այդ՝ թերևս վերջին ռազմավարական ռեսուրսը Մոսկվան օգտագործում է ընդամենը մարտավարական խնդիր լուծելու համար, այն է՝ իմիջային գործոնի շահարկման ու զանգվածային քարոզչության միջոցով մոլորեցնել ժողովրդին և հասցնել մինչև 2017թ. ընտրություններ: Թե դրանից հետո ինչ պետք է անել, Կրեմլը չգիտի: Թերևս կարող է հաշտվել զորիբալայանական կլանի կառավարումից, ուստի նաև՝ Հայաստանի դասական գաղութացումից հրաժարվելու մտքի հետ և փորձել Արևմուտքի և հայության համար քիչ թե շատ ընկալելի «Ռուբեն Վարդանյան» կամ հայկական Իվանիշվիլի սցենարը:

Սակայն այդ սցենարը նույնպես իրագործելի չէ: Մենք ունենք արդեն ուրիշ Հայաստան և ուրիշ հայություն: Մենք գիտակցում ենք, որ առանց Հայաստանը տարածաշրջանային գործոնի վերածելու չենք կարող ապագա ունենալ: Իսկ դա ենթադրում է Արցախը ներառող Նախիջևանի նկատմամբ առնվազն վերահսկողություն ունեցող, ռուսական առանցքի շուրջ ձևավորված վերպետական կառույցներից և ռազմաքաղաքական դաշինքներից դուրս գտնվող ինքնուրույն պետություն, որը, ի լրումն այս ամենի, պետք է ունենա ազգային ընտրախավ: Բոլոր իրազեկ մարդկանց համար ակնհայտ է, որ «Ռուբեն Վարդանյան» սցենարը չի կարող նախատեսված լինել այդ խնդիրները լուծելու համար: Ուստի՝ կրկին հիշենք հեղափոխության մասին և պատրաստվենք դրան: Այն սարերի ետևում չէ:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա կարծես թե անշեղորեն ընթանում է Չաուշեսկուի կամ նույնիսկ Քադաֆիի ճակատագիրը կրկնելու ուղիով:

Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք՝ նորից կդիմե՞ք նման քայլի:

Այսօրվա բարձունքից ժամանակը հետ տալու հնարավորության պարագայում նման քայլի կդիմեր տասնապատիկ ավելի շատ մարդ:
Աղբյուրը` http://www.1in.am/2039653.html

Մեկնաբանություններ