Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Մարտի 1-ի ոճրագործության բոլոր մեղավորները պետք է պատժվեն. հայտարարություն
February 29, 2016     (1019 դիտւմ)

Թվով 6 քաղաքական ուժեր այսօր Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 8-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ:Դրանում, մասնավոարպես, նշվում է.

2008 թվականի մարտի 1-ին իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակոծումը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ շուրջ հիսունի եւ ավելի քան հարյուր հոգի ենթարկվեցին բանտարկության ու ապօրինի քաղաքական դատավճիռների, աննախադեպ էին հայ ժողովրդի պատմության մեջ: Դեպքերից ութ տարի անց էլ, չնայած Հայաստանի հասարակության եւ միջազգային կազմակերպությունների հետեւողական պահանջներին, որեւէ մեկը չի կրել պատասխանատվություն եւ չի պատժվել այդ ոճրագործության համար: Այդ կապակցությամբ հայտարարում ենք.

1. Համոզված լինելով, որ հանցագործության պարտակումը անխուսափելիորեն հանգեցնում է դրա կրկնությանը, մենք հետեւողականորեն տանելու ենք մեր Դատը, որպեսզի Մարտի 1-ի ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխան տան Հայաստանի Հանրապետության արդարադատության առջեւ: Այդ նպատակով օգտագործելու ենք պայքարի բոլոր օրինական միջոցները, ներառյալ՝ զանգվածային հանրային միջոցառումները, խորհրդարանում հարցի բարձրացումը, միջազգային կառույցներում եւ դատական ատյաններում խնդրի արծարծումը:

2. Մարտի 1-ի հանցագործությունների պարտակումը պարարտ հող ստեղծեց պետական բռնաճնշումների եւ ահաբեկչության ծավալման համար: 2008 թվականից մինչ օրս գրեթե չի եղել մի ժամանակահատված, երբ Հայաստանն ապրեր առանց քաղբանտարկյալների: Դրա ցայտուն դրսեւորումն է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանի հետ կատարվածը: Հայաստանում պետք է բացառվի քաղաքական հայացքների համար մարդուն դատապարտելու կամ հալածելու երեւույթը: Հանրահավաքի անունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին:

3. Մարտի 1-ի ոճրագործությունն առաջին հերթին հետեւանք է Հայաստանում իշխանությունը յուրացրած բռնապետական ռեժիմի կողմից ընտրությունների կեղծմամբ ժողովրդի կամարտահայտությունն անտեսելու եւ այդ կեղծիքի դեմ ելնող ժողովրդի խաղաղ ցույցերը ուժի անօրինական գործադրմամբ ճնշելու: Ոստիկանական ուժի զանգվածային ներգրավման ու դրա կիրառման սպառնալիքի եւ համակարգված ընտրախախտումների ու բռնությունների միջոցով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծումը, ինչպես նաև կեղծարարության դեմ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հետագա բռնություններն եւս մեկ անգամ հաստատեցին, որ ռեժիմը շարունակում է Մարտի 1-ի տրամաբանության զարգացմամբ մերժել ժողովրդի քվեն եւ յուրացնել իշխանությունը: Մարտիմեկյան ոճրագործության կրկնությունը հնարավոր է բացառել եւ բռնապետության դեմ պայքարը հաջողել միայն ռեժիմի հեռացմանն ուղղված` սահմանադրականության եւ օրինականության շրջանակներում ժողովրդական լայն դիմադրության ձեւավորմամբ, որը կապահովի ընտրակեղծարարության մեքենայի կազմաքանդումը, օրինական ընտրությունների անցկացումը եւ օրինակարգ իշխանության ձեւավորումը:

4. Ութ տարի շարունակ մարտի 1-ը համաժողովրդական ընդգրկմամբ նշվում է որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Մենք սատարում ենք ժողովրդի կողմից արդեն իսկ նշվող այդ օրը պետական հիշատակի օրերի մեջ ներառելու վերաբերյալ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության նախաձեռնությանը:

Ազգային ինքնորոշում միավորում

Հայ ազգային կոնգրես

Հայաստանի ժողովրդական կուսակցություն

«Հայաստան» ժողովրդական նախաձեռնություն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

Աղբյուրը՝ http://armtimes.com/hy/read/80508

Մեկնաբանություններ