Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Մարտի 2-ը բերելու մեր երազները չեն կարող ժամկետանց լինել: Գարեգին Չուգասզյան
March 2, 2016     (557 դիտւմ)

2016 թ. մարտի 1, հավաք Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ

Ես ուզում եմ ուշադրություն  դարձնել այն հանգամանքների վրա, որոնցով բացատրվում են «Նոր Հայաստան» ճակատի դիմումը Եվրոպական միության արտաքին գործոց և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինիին և նրա ակնկալիքը, որ եվրոպական ժողովուրդների ընտանիքը կշտկի իր սեփական հետագիծը:

Ինչպես նշված է նամակում՝ «Ցավոք Եվրոպան՝ խաբվելով Սերժ Սարգսյանի եվրոպական ասոցացման հետ կապված կեղծ խոստումներին, դարձել է նրա հանցակիցը՝ թե՛  2011 թվականին աչք փակելով Մարտի 1-ի փաստահավաք խմբի լուծարման փաստի վրա, և թե՛  աջակցելով ու նույնիսկ վավերացնելով Սերժ Սարգսյանի ընտրական կեղծիքների գործընթացը»:

Նկատենք, որ վերջին տարիներին միջազգային փորձառության մեջ տարբեր աշխարհաքաղաքական բեևեռներ, այդ թվում՝ ԵՄ-ը, սկսել են լայնորեն կիրառել միջազգային պատժամիջոցներ: Ուստի մենք ներկայումս կարող ենք ակնկալել նման պատժամիջոցների կիրառումը այն հանցագործների նկատմամբ, որոնք ծրագրեցին և իրականացրեցին, իսկ հետո նաև՝ պարտակեցին Մարտի 1-ի  ոճիրը և հետագա բռնությունները: Սա նաև կիրառելի է ամեն տեսակ ընտակեղծիքներ իրականացնող պատասխանատուների նկատմամբ, հատկապես, երբ Եվրոպական Միության պատասխանատուները իրենք իսկ պահանջում են, որ «ենթադրյալ կեղծիքները հարկ է անկախ հետաքննության առարկա դարձնել, իսկ դրանց հաստատման դեպքում, անհրաժեշտ կլինի ձեռնարկել համապատասխան գործողություններ»: Ըստ մեզ՝ «համապատասխան գործողությունները» հենց միջազգային պատժամիջոցների կիրառումն է պատասխանատուների նկատմամբ:

Ըստ «Նոր Հայաստան» ճակատի, Հայաստան-ԵՄ նոր քաղաքական փաստաթղթի ստորագրման շուրջ բանակցությունները չեն կարող նկատի չառնել նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, ուստի մենք ակնկալում ենք ԵՄ շահագրգիռ մասնակցությունը՝ ապահովելու համար թե՛  քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի անհապաղ ազատ արձակելումը և թե՛  վերանայելու համար բանտում գտնվող մեր ընկերների՝ Շանթի, Վոլոդյա Ավետիսյանի, Հայկ Կյուրեղյանի և մյուսների  գործերը, որոնք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար:

Սա չի նշանակում, որ մեր հույսը դնում ենք օտարների վրա: Ոչ, ճի՛շտ հակառակը:

Հայաստանը, դարեր ի վեր լինելով եվրոպական քաղաքակրթական արժեքներ մշակած երկիր,  երկիր, որը ոչ միայն ընդունել է այդ արժեքները, այլև կերտել այդ արժեքներով ապրող, արարող և  հանուն այդ արժեքների զոհաբերվող յուրահատուկ մարդկային տեսակ, հանուն այդ իսկ մարդկային տեսակի պաշտպանության, բավարար կարողություն և լիիրավ իրավունք ունի  ինքնուրույնաբար որոշելու իր հետագա հարաբերությունների ձևաչափը այս կամ այն աշխարհաքաղաքական բևեռի նկատմամբ՝  կախված իր համար վճռական նշանակություն ունեցող հարցերի հանդեպ այդ բևեռի որդեգրելիք դիրքից:

Հենց սա՛ է այն չափանիշը, որով կորոշվի ու կփորձարկվի ԵՄ-Հայաստան իրական հարաբերությունների ճակատագիրն ու ապագան:

Ահա այս հանգամանքներով է բացատրվում մեր դիմումը Գերագույն հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինիին և պնդումը, որ եվրոպական ժողովուրդների ընտանիքը շտկի իր սեփական հետագիծը:

Այսօր մեզ այստեղ միավորել է հետևյալ կարգախոսը. «Ո՛չ Բռնապետությանը, ո՛չ պետական ահաբեկչությանը» և, իհարկե՝ «Այո համերաշխությանը”:

Մարտի 1-ի ոճիրը Ցեղասպանության հարյուրերոդ տարում նոր խորհուրդ է ստանում: Երկու դեպքում էլ գործ ունենք  պետական ահաբեկչության տեսակների հետ:   «Անմոռուկների տարում», երբ Ցեղասպանությունը զավեշտ համարող դեսպանները և նրանց նշանակողները ճանաչում և հատուցում են պահանջում օտարից, այս արդարացի պահանջը  դառնում է բացահայտ երկդիմի: Մարդիկ, որոնք չեն ուզում սանձել իրենց միջի գիշատչին, չեն կարող ակնկալել միջազգային արդարադատություն: Ի վերջո՝ Սուլթան Համիդի մեջ էլ հայկական արյուն էր հոսում: Եվ հարցը արյան տեսակը չէ, այլ արժեքների, որոնց դավանում ես ու ըստ էության տարբերություն չկա, թե  ում ես համարում գյավուր և ոչնչացման ենթակա:

Նոր վիճակը, որում նշում ենք Մարտի 1-ը, պայմանավորված է տարածաշրջանային նոր անկայունությամբ, նոր մարտահրավերներով և նոր հնարավորություններով: Եվ տարածաշրջանում միջազգայնորեն աճող պահանջարկ ստացող հայկական գործոնը կարող է մրցունակ դառնալ միայն հանրային համերաշխությանն վերականգնման պայմաններում, իսկ վերջինս անհնար է առանց Մարտի 1-ի  հանգուցալուծման: Հնարավոր չէ համերաշխություն համատարած կոռուպցիայի ու անարդարության և սոցիալական ահռելի բևեռացվածության պայմաններում: Միգուցե այլ մեծ ու փոքր երկրներ կարող են հաջողակ լինել նաև ավտորիտար կառավարման պայմաններում: Մեր դեպքում դա բացառված է: Հայաստանն իր փոքրաթիվ մարդկային և նյութական ռեսուրսներով, ցանցային դարաշրջանում հաղթաթուղթ հանդիսացող սփյուքյան ցանցով և տարածաշրջանային դասավորությամբ կարող  է հաջողել միայն ժողովրդավարական համերաշխության  պայմաններում:

Հաջորդ հարյուրամյակին ընդառաջ գնալով պետք է հասկանանք, որ առաջիկա տասնամյակում ավելի շատ փոփոխություններ են լինելու մեր կյանքում  քան նախորդ հիսուն տարիների ընթացքում: Այս ռեժիմի տակ անցկացրած ամեն օրվա համար մենք  շատ թանկ գին ենք վճարում հենց այսօր ՝ հարցականի տակ դնելով մեր երեխաների ապագան:

Վստահ ենք, որ մեր ազգի հերթական մութ գիշերներից այս մեկն էլ վերջանալու է և Մարտի 2-ի արևն ի վերջո բարձրանալու է: Սակայն, երբ սկսում ենք սպասել Մարտի 2-ի ինքնուրույն գալուն, մենք իրականում մնում ենք Մարտի 1-ի անհույս խավարի մեջ և սկսում ենք ընդամենը սպասել հերթական նվաստացմանը, հերթական անարդարությանը և, ի վերջո՝ անարժանապատիվ մահին:

Ամեն օր և ամեն ժամ պետք է լցված լինի արժանապատվության վերականգնման աշխատանքով, մեծ ու փոքր դիմադրության օջախների կառուցմամբ և այդ օջախների միջև կապերի ստեղծումով, անազատության մեջ գտնվող մեր եղբայրների նկատմամբ հոգատարությամբ և ազատության համար նորանոր մարտիկների հավաքագրմամբ:

«Ո՛չ մի օր առանց անհնազանդության»՝ ահա՛ մեր կարգախոսը:

Ցավը մեզ դարձնում է ուժեղ, արցունքները՝ քաջ, կորուստը՝ իմաստուն:

Մարտի 2-ը բերելու մեր երազները չեն կարող ժամկետանց լինել: Խորը շունչ քաշենք և նորից ի գործ:

Մեկնաբանություններ