Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Մեկ-երկու շրջան հանձնելու փորձն անմիջապես պայթեցնելու է իրավիճակը՝ հանգեցնելով անխուսափելի ռազմական հեղաշրջման. քաղաքագետ
June 8, 2016     (359 դիտւմ)

NewsBook-ի զրուցակիցն է Արցախում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:

— Պարոն Քանանյան, հունիսին պլանավորվում է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, ի՞նչ ակնկալիքներ կան հանդիպումից:

— Ոչ մի ակնկալիք չունեմ։ Բաքուն սովորականի պես դրսևորելու է ագրեսիվ անզիջում կեցվածք՝ պահանջելով Հայաստանի փաստացի կապիտուլյացիան։ Հայկական կողմն՝ ի դեմս ՀՀ «նախագահի», հերթական անգամ ցուցաբերելու է կամազուրկ կրավորական կեցվածք, շարունակաբար գրգռելով ոչ միայն Բաքվի ռազմաքաղաքական լկտիությունը, այլև միջնորդների՝ ի հաշիվ «թույլ» կողմի բանակցություններում «առաջընթաց» արձանագրելու ցանկությունը։ Այս անգամ Բաքվի անսքող ուղերձը Հայաստանին հստակ է` կա՛մ «Մադրիդյան» փաթեթի իրականացման մեկնարկ (օրինակ՝ միջնորդների ներգրավվածությամբ պարտավորեցնող ինչ-որ փաստաթղթի նախաստորագրում), կա՛մ նոր «քառօրյաներ»:

— Պատահակա՞ն եք համարում այսքան հաճախակի հանդիպումները, թե՞ ազդակ կա, որ ԼՂՀ հիմնահարցի հետ կապված շեշտակի փոփոխություններ կլինեն:

— Պատահական ոչինչ չի լինում, թեև հանդիպումների հաճախակիությունն ինքնին նախաբեկումնային իրավիճակի մասին չի վկայում։ Քառօրյա ռազմարշավով Ադրբեջանը թևակոխել է հյուծող պատերազմի երկրորդ փուլը։ Պաշտոնական Երևանի քաղաքական սնանկության «շնորհիվ» Բաքուն համոզվել է, որ կարող է լիակատար անպատժելիությամբ անընդհատ սաստկացնել մարտական լարվածությունը։ Իսկ ապրիլյան դեպքերը սահմանել են հյուծող պատերազմի նոր նշաձող` «քառօրյաներն» այսուհետև պարբերաբար՝ տարին երկու-երեք անգամ կրկնվելու միտում են ունենալու։ Հայաստանի դեմ հյուծող պատերազմի տրամաբանությունը ժամանակավորապես հետ շրջելու «տեղային» քայլերի մասին առաջարկս, ցավոք, և սպասելիորեն անտեսվել է։ Թարթառ քաղաքը դեռ չի աղդամացվել․ Հորադիզ կայարանն ու ամբարտակը դեռ Ադրբեջանի հսկողության տակ են․․․ Վերադառնալով «շեշտակի փոփոխությունների» մասին Ձեր հարցին ասեմ, որ դրանք (մեզ համար դրական կամ բացասական ելքով) կարող են արձանագրվել միայն ռազմական գործողությունների հոլովույթում։ Իհարկե, չեմ թերագնահատում «բանակցային» դավաճանության հնարավորությունը, բայց բոլորս պետք է քաջ իմանանք, որ «Մադրիդյան» փաթեթի անգամ մասնակի գործնական իրականացման ոտնձգությունը (ասենք՝ մեկ֊երկու շրջան հանձնելու փորձը) անմիջապես պայթեցնելու է իրավիճակը՝ հանգեցնելով անխուսափելի ռազմական հեղաշրջմանը և լայնածավալ պատերազմի վերսկսմանը։

— Ի՞նչ եք կարծում՝ երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, սկսել են իրենց հասարակությանը պատրաստել, որ ԼՂՀ հարցում պետք է զիջումների՞ գնան: — Հայաստանում այդ աշխատանքը կարելի է հիմնականում ձախողված համարել։ Ի դեպ, այն հավասարապես ձախողել են և՛ իշխանությունները, և՛ արտաքին ուժի կենտրոնների ազդեցության գործակալները, և՛ հայաստանյան «կեղծիրապաշտական» քաղաքագիտական դպրոցի «վկաները»։ Իսկ Ադրբեջանում այդպիսի աշխատանք երբեք չի տարվել։ Մեր պարագայում փոքրագույն իսկ «զիջում»՝ իր ունենալիք կուտակային էֆեկտով (cumulative effect) հավասարազոր է անվտանգության համակարգի փլուզմանը, նոր վատթարագույն մեկնարկային պայմաններում ցեղասպանաբեր պատերազմի վերսկսմանը և պետականության հիմքերի անշրջելի խարխլմանն: Ուստի՝ անձամբ ինձ համար, տարածքային որևէ զիջում հնարավոր համարող և հատկապես դրա անխուսափելիության մասին բարբաջող քաղաքական կամ հասարակական գործիչ՝ ազգի և պետության թշնամի է։ Տարածքային զիջումների անխուսափելիության մասին քարոզը՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի իրավունքի նկատմամբ ուղիղ ոտնձգություն է։ Ինքս, որպես «հանձնման ենթակա» տարածքի բնակիչ, վճռորոշ պահին ունեմ և կիրառելու եմ ինքնապաշտպանության անօտարելի իրավունք։

— Վիեննայում կայացած բանակցությունների ընթացքում որոշվել էր լուծել սահմանին հետաքննության մեխանիզմների տեղադրման հարցը, խոսք կար նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին, սակայն առ այս պահը որևէ տեղաշարժ չկա այս հարցում:

— Տեղաշարժ չկա և չի լինելու։ Պետք է միամիտ լինել՝ այդպիսի հնարավորությանը հավատալու համար։ Ադրբեջանը վիժեցնելու է այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ։ «Հետաքննության» մեխանիզմների ներդրման մասին խոսակցություններն ընդամենը «բարի նպատակներ» հռչակագրելու հերթապահ գործիք էին՝ զուրկ գործնական դառնալու ներուժից։ ԵԱՀԿ Մինսկի խմբից քաղաքականապես ազդու հասցեագրված որևէ դատապարտող հայտարարություն ակնկալելը քաղաքագիտական մանկամտության վկայությունն է։ Խաղաղության միակ երաշխավորը՝ հայոց զինված ուժերի մարտունակությունն է և՝ այն անհրաժեշտ համաչափությամբ կիրառելու ինքնիշխան քաղաքական կամքը։

— Որոշվել էր, որ այս պայմանավորվածությունների կատարման ընթացքը կամփոփվի հունիսին կայանալիք հանդիպման ընթացքում: Հիմա, քանի որ արդեն խոսք է գնում հնարավոր հանդիպման մասին, կարո՞ղ եք ասել՝ որևէ առաջընթաց կա՞ այդ պայմանների իրագործման հարցում:

— Միակ հավանական «առաջընթացը» լինելու է Կասպրշիկի գրասենյակի եվրոպացի բյուրոկրատների քանակի աճը։ Մեկ կամ երկու տասնյակ «խոպանչի» եվրոբյուրոկրատներ անորոշ ժամանակով հնարավորություն կստանան ըմբոշխնել հյուրընկալ Թբիլիսիի կովկասյան խոհանոցն ու ազգագրական կոլորիտը։ Տարին մի քանի անգամ անվտանգ ադրենալինի չափաբաժին կստանան՝ հրադադարի գծի «մշտադիտարկման» ժամանակ։ Եթե, իհարկե, Թոմաս դե Վաալի հերթական կանխատեսման համաձայն մի քանի շաբաթ անց կրկին պատերազմ չսկսվի:

— Ադրբեջանական կողմը պնդում է, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի կորցված տարածքները 2500 հեկտար է, մինչդեռ մենք պնդում ենք, որ 800 է: Իրականում ո՞ր կողմն է ավելի շատ ստում:

— Արցախում 15 տարի եմ ապրում, պայմանագրային և կամավորական դիրքապահների հետ պարբերական շփումների մեջ եմ, իրադրությանն անհրաժեշտ չափով իրազեկ եմ։ Ադրբեջանական տվյալները հասկանալի պատճառով ուռճացված են։ Եվ, առհասարակ, նմանատիպ չափումները միշտ որոշակիորեն պայմանական են, քանի որ, օրինակ՝ «չեզոք գոտին» կադաստրային չափանիշներով չափման ենթակա չէ։ Որոշիչ են տարածքային կորուստների ռազմավարական և քաղաքական հետևանքները։ Թալիշն ու մասամբ Մատաղիսն ապաբնակեցված են մնալու մինչև Թարթառի աղդամացումը։ Հարավում մենք շատ կարևոր բարձունք ենք կորցրել: Մեր մի քանի դիրքերի կորուստը շատ ոգևորիչ է ադրբեջանական բանակի և ծանրորեն մարսելի է հայերիս համար։

— Որոշ փորձագետներ կարծում են, որ այս պահին կա ԱՄՆ-ՌԴ ներքին պայմանավորվածություն՝ տարածաշրջանային և մի շարք այլ հարցերի հետ կապված: Հնարավո՞ր է, որ այդ պայմանավորվածության շրջանակներում փորձեն արագ կարգավորել ԼՂՀ հակամարտությունը:

— Ես բավականաչափ հիմնավորված չէի համարի այս պահին ԱՄՆ-ՌԴ միջև արցախյան կարգավորման հարցում հստակ և անհրաժեշտ մակարդակով փոխհամաձայնեցված պայմանավորվածության առկայությունը։ Այլ բան է, որ ԱՄՆ֊ում դեռևս կան շրջանակներ, որոնք «ավելորդ գլխացավանքից» ձերբազատվելու համար միջնաժամկետ հեռանկարում պատրաստ են «հանդուրժել» հետխորհրդային տարածքի որոշ հատվածի վրա Ռուսաստանի գերիշխող (բայց՝ ոչ բացարձակ) ազդեցության պահպանումը։ Սակայն, արցախյան հակամարտության համատեքստը ներկա փուլում միջազգային ուժի կենտրոնների համար «համաձայնեցվող» ընթացիկ լուծումներ, կարծես թե, չի ենթադրում։ Խոսքս, բնականաբար, ոչ թե հռչակագրային, այլ՝ իրական քաղաքականության մասին է։ Իսկ որոշ փորձագետների մոտ՝ ԱՄՆ-ՌԴ միջև ներքին պայմանավորվածության մասին առկա տպավորության բուն աղբյուրն, ըստ իս, այն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն «ի կարգավիճակ է» կոչված են նպաստել կողմերի միջև «փոխադարձ վստահության մթնոլորտի և համաձայնության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հաստատմանը։ Հայկական կողմը մշտապես՝ բանակցային գործընթացի վաղագույն փուլից սկսած արտահայտել է «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» սկզբունքով խնդիրը կարգավորելու պատրաստակամությունը։ Այսպես է ծնվել նաև տխրահռչակ «Մադրիդյան» փաթեթը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից ոչ մեկը չի կարող հրապարակավ չսատարել՝ «փոխզիջումների հիման վրա» հարցը կարգավորելու կողմերի «վճռականությանը»։ Ինչևէ` ինքս առայժմ ԱՄՆ-ՌԴ միջև «ներքին պայմանավորվածության» վտանգը վերահաս չեմ համարում։ Ակնհայտորեն վերահաս է միայն պատերազմի վերսկսման սպառնալիքը:

— Արցախում կատարված վերջին իրադարձություններն՝ ակցիան և այլն, ինչ -որ կերպ ազդեցություն կունենա՞ իրադրության վրա, փոփոխություններ կլինեն:

— Տեղի ունեցածը, բնականաբար, ազդեցություն կունենա Արցախի ներքաղաքական դասավորումների վրա։ Թե ի՞նչ չափով, ցույց կտան զարգացումները։

Հարցազրույցը` Անի Արամի

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Մեկնաբանություններ