Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Սասնա Ծռեր» Համահայկական Կուսակցության հիմնադիր համագումարի ընդունած կանոնադրությունը
October 1, 2018     (1013 դիտւմ)

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը (այսուհետև՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որը կազմավորվում և գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքին և դրան համապատասխան ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերին, ՀՀ գործող այլ օրենսդրությանը, սույն Կանոնադրությանը և իր Ծրագրին համապատասխան:

  2. Կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով իր Ծրագրին համապատասխան ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:

  3. Կուսակցության գործունեությունը հիմնված է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, օրինականության, հրապարակայնության, կառավարման կոլեգիալության, ինքնակառավարման, կուսակցության անկախության, թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության և սեռից, ռասայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման սկզբունքների վրա:

  4. Կուսակցությունը, հաշվի առնելով իր գործունեության սկզբունքները, ինքնուրույն է որոշում իր ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության ձևերն ու մեթոդները, Կուսակցության մարմինների ձևավորման կարգը, որոնք չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

  5. Կուսակցությունը ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից իր պետական գրանցման պահից, ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով կլոր կնիք, անկյունադրոշմ, պաշտոնաթղթեր, հաշվարկային հաշիվներ բանկերում՝ ինչպես դրամով, այնպես էլ տարադրամով։

  6. Կուսակցության` որպես իրավաբանական անձի, իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից:

  7. Կուսակցությունն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ։

  8. Կուսակցության անվանումն է՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն (հապավումը՝ ՍԾՀԿ): «Սասնա Ծռեր» բառերի սկզբնատառերը գրվում են մեծատառ: «Սասնա Ծռեր» բառերն օտար լեզուներով չեն թարգմանվում և օտար լեզվով գրվում են տվյալ լեզվի տառադարձությամբ:

  9. Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:

  10. Այլ պետություններում Կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություններ:

  11. Կուսակցության իրավաբանական հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան, Ալեք Մանուկյան 5/5:

ԳԼՈՒԽ 2

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. Կուսակցության անդամը և անդամակցությունը 
    1. Կուսակցության անդամ կարող է լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին:

    2. Կուսակցության հիմնադիրը Կուսակցության պետական գրանցումից հետո օրենքի ուժով դառնում է Կուսակցության անդամ:

    3. Կուսակցության հիմնադիր կամ անդամ չի կարող դառնալ այլ կուսակցության հիմնադիրը կամ անդամը, ինչպես նաև այն անձը, ում նկատմամբ կուսակցություններին անդամակցելու արգելքներ է սահմանվում Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածով:

    4. Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է և անհատական:

    5. Կուսակցությանն անդամակցությունը կատարվում է քաղաքացու դիմումի հիման վրա` Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ Կուսակցության քարտուղարության որոշմամբ:

    6. Կուսակցության անդամը հաշվառվում է Կուսակցության որևէ տարածքային ստորաբաժանման մեջ:

    7. Կուսակցության անդամություն չունեցող, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող, ազգությամբ հայերը կարող են լինել Կուսակցության պատվավոր անդամ: Կուսակցության պատվավոր անդամների թվից սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են նշանակվել Կուսակցության պատվավոր ներկայացուցիչներ: Կուսակցության պատվավոր անդամները և Կուսակցության պատվավոր ներկայացուցիչները Կուսակցության որոշումների կայացմանը կարող են մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով: Կուսակցության պատվավոր ներկայացուցիչները կարող են ներկայացնել Կուսակցության տեսակետները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային կազմակերպություններին, զլմ-ներին, արտերկրահայությանը, օտարերկրյա պետությունների քաղաքական կուսակցություններին, հասարակական միավորումներին, ինչպես նաև ՀՀ այլ քաղաքական ուժերի հետ հարաբերություններում՝ առանց որոշումներ կայացնելու և Կուսակցության անունից պարտականություններ ստանձնելու լիազորության:

 

  1. Կուսակցության անդամի իրավունքներն ու պարտականությունները
    1. Կուսակցության անդամն իրավունք ունի.

ա) ընտրելու և ընտրվելու Կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,

բ) ներկա լինելու Կուսակցության համագումարի նիստերին, ծանոթանալու Կուսակցության մարմինների արձանագրություններին,
գ) ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները,

դ) տեղեկատվություն ստանալու Կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ,

ե) ստանալու փաստաթղթերի պատճեններ` Կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու Կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը,

զ) բողոքարկելու Կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները,

է) Կուսակցության մարմինների քննարկմանը ներկայացնելու հասարակականքաղաքական կյանքի, Կուսակցության գործունեության և դրա հետ կապված այլ հարցերի վերաբերյալ առաջարկություններ և նախաձեռնություններ,

ը) մասնակցելու այն ժողովին կամ նիստին, որտեղ քննարկվում է իր կամ իր նախաձեռնության կամ առաջարկության հետ կապված հարց և իր կարծիքն արտահայտելու հարցերի վերաբերյալ,

թ) կամովին՝ իր դիմումի համաձայն, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու իր անդամակցությունը Կուսակցությանը:

ժ) Կուսակցության անդամն իր անդամակցությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու մասին դիմումը ներկայացնում է Կուսակցության քարտուղարությանը, որն այն ընդունում է ի գիտություն և արձանագրում է դիմումատուի համապատասխան կարգավիճակը,

ժա) օգտվելու օրենքով և սույն Կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

2.2. Կուսակցության անդամը պարտավոր է.

ա) գործել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի շրջանակներում և չկատարել դրանց հակասող գործողություններ,

բ) նպաստել Կուսակցության նպատակների իրագործմանը,

գ) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելիս իր ծառայողական (պաշտոնեական) դիրքը չօգտագործել հօգուտ կուսակցական շահերի, ինչպես նաև իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կաշկանդված չլինել Կուսակցության որոշումներով,

դ) կատարել սույն Կանոնադրության պահանջները,

ե) կատարել օրենքով և սույն Կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

  1. Կուսակցության անդամության դադարումը և կարգապահական պատասխանատվությունը
    1. Կուսակցության անդամությունը դադարում է.

ա) Կուսակցության անդամի դիմումի համաձայն Կուսակցությունից դուրս գալու դեպքում,

բ) Կուսակցությունից հեռացվելու դեպքում,

գ) Կուսակցության լուծարման դեպքում,

դ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

    1. Իր կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, Կուսակցության ծրագրային դրույթներից և սկզբունքներից շեղվելու, Կուսակցության ղեկավար մարմինների որոշումները չկատարելու կամ դրանց հակառակ գործողություններ կատարելու դեպքում Կուսակցության անդամը կարող է սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

    2. Խախտման վերաբերյալ համապատասխան բողոքի հիման վրա կամ խախտումն այլ կերպով արձանագրվելու փաստի ուժով Կուսակցության քարտուղարությունը ոչ իր անդամների կազմից ստեղծում է Էթիկայի հանձնաժողով, որը քննում է բողոքը և/կամ արձանագրված խախտումը և քննության արդյունքների վերաբերյալ զեկույց է ներկայացնում Կուսակցության քարտուղարությանը:

    3. Կուսակցության քարտուղարությունը վերոնշյալ զեկույցի հիման վրա որոշում է կայացնում Կուսակցության անդամի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ:

    4. Կարգապահական պատասխանատվության տեսակներն են.

ա) զգուշացում,

բ) նկատողություն,

գ) խիստ նկատողություն,

դ) հեռացում:

 

 

 

  1. Կուսակցության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինները 
    1. Կուսակցության ղեկավար մարմիններն են.

ա) Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը՝ Համագումարը,

բ) Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը՝ Կուսակցության քարտուղարությունը,

գ) Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարը՝ Կուսակցության քարտուղարության համակարգողը:

    1. Կուսակցության վերահսկողություն իրականացնող մարմինը Վերահսկիչ հանձնաժողովն է:

 

  1. Համագումարը
    1. Համագումարը հրավիրում է Կուսակցության քարտուղարությունը երկու տարին մեկ անգամ:

    2. Համագումարում ընտրվում են Կուսակցության կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են Համագումարին:

    3. Համագումարն իրավազոր է, եթե նրան ներկա են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ:

    4. Համագումարն իրավասու է քննարկելու իր որոշմամբ սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը օրենքով կամ սույն Կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։

    5. Համագումարի բացառիկ իրավասություններն են`

ա) Կուսակցության Կանոնադրության հաստատումը և Ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը, բացառությամբ Կուսակցությունների մասին ՀՀ Սահմանադրական օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների,

բ) Կուսակցության քարտուղարության ու Վերահսկիչ հանձնաժողովի կազմավորումը և կազմալուծումը, դրանց անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,

գ) Կուսակցության քարտուղարության համակարգողի ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,

դ) Կուսակցության վերակազմակերպումը:

    1. Համագումարը, բացի Կուսակցությունների մասին ՀՀ Սահմանադրական օրենքով նրա բացառիկ իրավասությանը վերապահված հարցերից՝

ա) ի գիտություն է ընդունում Կուսակցության քարտուղարության համակարգողի քաղաքական զեկույցը,

բ) հաստատում է Կուսակցության քարտուղարության գործունեության մասին հաշվետվությունը,

գ) հաստատում է Վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը,

դ) որոշում է Կուսակցության լուծարման հարցը:

    1. Արտահերթ Համագումարը հրավիրում է Կուսակցության քարտուղարությունը՝ Կուսակցության քարտուղարության համակարգողի կամ Կուսակցության քարտուղարության անդամների 2/3-ի կամ Տարածքային քարտուղարությունների 1/3-ի պահանջով՝ համապաասխանաբար նախաձեռնողի կամ պահանջ ներկայացնողի օրակարգի նախագծով:

    2. Հերթական Համագումարի հրավիրման և օրակարգի մասին Կուսակցության քարտուղարությունը Կուսակցության անդամներին հայտնում է ոչ ուշ, քան 1 ամիս առաջ, իսկ արտահերթ Համագումարի դեպքում՝ ոչ ուշ, քան 15 օր առաջ:

    3. Կուսակցության համագումարին ձայնի իրավունքով մասնակցում են Կուսակցության յուրաքանչյուր տասը անդամից մեկ ներկայացուցիչ սկզբունքով ընտրված պատվիրակները:

    4. Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված դեպքերի, ընդունվում են Համագումարին ներկա պատվիրակների ձայների մեծամասնությամբ:

    5. Կանոնադրության հաստատման և Ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, բացառությամբ Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների, Կուսակցության քարտուղարության և Վերահսկիչ հանձնաժողովի կազմավորման, Կուսակցության քարտուղարության համակարգողի ընտրության, Կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներն ընդունվում են ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

  1. Կուսակցության քարտուղարությունը
    1. Կուսակցության քարտուղարությունը սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրվում է երկու տարի ժամկետով և բաղկացած է Համակարգողից ու 6-10 անդամից:

    2. Կուսակցության քարտուղարությունը՝

ա) կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է Համագումարի որոշումների կատարումը,

բ) ընտրվելուց հետո իր առաջին նիստում, որը պետք է տեղի ունենա ընտրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում, Կուսակցության քարտուղարության անդամների ձայների մեծամասնությամբ իր կազմից ընտրում է Կուսակցության քարտուղարության համակարգողի տեղակալին և Նիստերի քարտուղարին,

գ) հաստատում է Կուսակցության տարեկան բյուջեն,

դ) հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է Կուսակցության ծախսերի նախահաշիվը.

ե) Կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ,

զ) իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է Կուսակցությունների մասին ՀՀ Սահմանադրական օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ Կուսակցության կանոնադրության և Ծրագրի փոփոխությունները և լրացումները,

է) որոշում է կայացնում Կուսակցության լուծարման մասին, եթե Համագումարն իրավազոր չի եղել,

ը) որոշում է կայացնում Կուսակցության այլ կառուցվածքային և Կուսակցության տարածքային ստորաբաժանումների ձևավորման և կազմալուծման մասին, հաստատում է տարածքային ստորաբաժանումների կանոնակարգերը,

թ) հաստատում է Համագումարին ներկայացվող քաղաքական զեկուցումը,

ժ) որոշում է կայացնում հերթական և արտահերթ Համագումար հրավիրելու մասին, սահմանում է Համագումարի պատվիրակներ ընտրելու կարգը և տարածքային ստորաբաժանումներին տրվող համամասնությունը, հաստատում է Համագումարի օրակարգի նախագիծը,

ժա) որոշում է չափորոշիչներ՝ ընտրովի պաշտոններում Կուսակցության առաջադրելիք թեկնածուների վերաբերյալ,

ժբ) Կուսակցության անդամների և տարածքային ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ Կուսակցության քարտուղարության նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցող տարածքային ստորաբաժանումների ղեկավարների կամ նրանց փոխարինող ներկայացուցիչների առնվազն 2/3-ի մասնակցությամբ, կազմում և հաստատում է Ազգային ժողովի ընտրություններին և Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին մասնակցելու՝ Կուսակցության ընտրական ցուցակները, ինչպես նաև որոշում է կայացնում քաղաքական դաշինքներում Կուսակցության ընդգրկվելու վերաբերյալ, գնահատական է տալիս ընթացիկ քաղաքական իրավիճակին և անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ,

ժգ) որոշում է կամավոր անդամավճարի չափերն ու գանձման կարգը, սահմանում է անդամավճարներից առաջացող գումարների և ֆինանսական այլ միջոցների տնօրինման կարգը,

ժդ) որոշում է ընդունում անձին Կուսակցության շարքերն ընդունելու և Կուսակցության շարքերից հեռացնելու, ինչպես նաև Կուսակցության ղեկավար մարմինների անդամների նկատմամբ սույն Կանոնադրությամբ սահմանված կարգապահական պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու մասին,

ժե) կարող է սահմանել անձին Կուսակցության շարքերն ընդունելու եռամսյա փորձաշրջան,

ժզ) ընդունում է ներկուսակցական ակտեր (որոշում, հանձնարարական, հրահանգ, հայտարարություն և այլնբացառությամբ այն ակտերից, որոնց ընդունումը Համագումարի և Վերահսկիչ հանձնաժողովի բացառիկ իրավասության շրջանակներում է,

ժէ) որոշումներ է կայացնում իր իրավասության շրջանակներում Կուսակցության գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ,

ժը) Կուսակցության անդամություն չունեցող, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի թվից կարող է ընդունել Կուսակցության պատվավոր անդամներ և նրանց թվից նշանակել Կուսակցության պատվավոր ներկայացուցիչներ:

ժթ) իրականացնում է օրենքով, սույն Կանոնադրությամբ և Համագումարի որոշմամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։

    1. Կուսակցության քարտուղարության նիստերն իրավազոր են, եթե նիստին մասնակցում է Կուսակցության քարտուղարության անդամների առնվազն 2/3-ը: Որոշումները, բացառությամբ սույն Կանոնադրությամբ սահմանված դեպքերից, ընդունվում են նիստի մասնակիցների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

    2. Կուսակցության քարտուղարության նիստերը հրավիրվում են Կուսակցության քարտուղարության սահմանած կարգով՝ ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության քարտուղարության արտահերթ նիստերը հրավիրվում են Կուսակցության քարտուղարության համակարգողի կամ Կուսակցության քարտուղարության անդամների 1/3-ի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի օրակարգով:

    3. Հերթական նիստերը, որպես կանոն, անցկացվում են շաբաթվա նույն օրը, նույն ժամին և նույն տեղում: Նիստի օրվա, ժամի և տեղի փոփոխության դեպքում Կուսակցության քարտուղարության համակարգողը նիստից ոչ ուշ, քան մեկ օր առաջ պատշաճ կերպով ծանուցում է Կուսակցության քարտուղարության անդամներին և նիստին մասնակցող այլ անձանց: Արտահերթ նիստն իրավազոր է, եթե դրա նիստի օրակարգի, օրվա, ժամի և տեղի մասին Կուսակցության քարտուղարության համակարգողը պատշաճ կերպով ծանուցել է ոչ ուշ, քան նիստից մեկ օր առաջ:

    4. Կուսակցության քարտուղարության անդամի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառման հարց առաջանալու դեպքում Կուսակցության քարտուղարության այդ անդամը, ինչպես նաև հարց բարձրացնողը, եթե նա ևս Կուսակցության քարտուղարության անդամ է, չեն մասնակցում քվեարկությանը և չեն կարող վարել նիստը կամ կատարել նիստի քարտուղարի պարտականություններ: Նման դեպքերում նիստին քվեարկության իրավունքով մասնակցող անդամների պարզ մեծամասնությամբ ընտրվում է նիստը վարող և նիստի քարտուղար:

    5. Կուսակցության քարտուղարության անդամը պարտավոր է մասնակցել Կուսակցության քարտուղարության նիստերին:

    6. Կուսակցության քարտուղարության անդամի լիազորությունները դադարում են Համագումարի որոշմամբ՝

ա) Կուսակցությանը անդամությունը դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում,

բ) հրաժարականի դեպքում,

գ) երեք ամիս անընդմեջ Կուսակցության քարտուղարության նիստերին անհարգելի պատճառով չմասնակցելու դեպքում,

դ) նրա մահվան դեպքում:

    1. Կուսակցության քարտուղարության անդամի լիազորությունները դադարելու դեպքում Կուսակցության քարտուղարության կազմը մինչև հերթական կամ արտահերթ Համագումարը չի համալրվում և որոշումներն ընդունվում են տվյալ պահին Կուսակցության քարտուղարության առկա անդամների ընդհանուր թվի հաշվառմամբ:

    2. Կուսակցության քարտուղարության նիստի արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրում են նիստը վարողը և նիստի քարտուղարը:

    3. Կուսակցության քարտուղարության անդամները կարող են վճարվել իրենց կատարած աշխատանքի և/կամ ծախսերի դիմաց։

  1. Կուսակցության քարտուղարության համակարգողը
    1. Կուսակցության քարտուղարության համակարգողը՝

ա) Կուսակցության անունից առանց լիազորագրի հանդես է գալիս այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում,

բ) հրավիրում և վարում է Կուսակցության քարտուղարության նիստերը, ստորագրում դրանց որոշումները և արձանագրությունները,

գ) ապահովում է Համագումարի և Կուսակցության քարտուղարության որոշումների, Կուսակցության քարտուղարության կնքած քաղաքացիաիրավական գործարքների կատարումը,

դ) իր լիազորությունների սահմաններում որոշումներ է կայացնում Կուսակցության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ և ստորագրում և/կամ հաստատում է հրամաններ, կարգադրություններ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, բացի քաղաքացիաիրավական գործարքներից, Կուսակցության անունից կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր և այլ փաստաթղթեր, Կուսակցության անունից ստորագրում է Կուսակցության քարտուղարության կնքած քաղաքացիաիրավական գործարքների վերաբերյալ փաստաթղթեր,

ե) Համագումարին է ներկայացնում Կուսակցության քարտուղարության հաստատած քաղաքական զեկուցումը,

զ) Համագումարին է ներկայացնում Կուսակցության քարտուղարության կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը,

է) Օրենքով և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կուսակցության գույքը և և միջոցները,

ը) Կուսակցության քարտուղարության հաստատմանն է ներկայացնում Կուսակցության գրասենյակի տնօրենի և մամուլի խոսնակի թեկնածությունները, գրասենյակի աշխատողների հաստիքացուցակը և դրույքաչափերը,

թ) հաստատում է Կուսակցության գրասենյակի տնօրենի ներկայացրած Կուսակցության գրասենյակի աշխատողների աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանները,

ժ) բացառությամբ օրենքով և սույն Կանոնադրությամբ Կուսակցության մարմինների բացառիկ իրավասությանը վերապահված դեպքերից, կայացնում է որոշումներ՝ Կուսակցության մարմինների կողմից սույն Կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունները չկատարելու դեպքում՝ Կուսակցության անխափան գործունեությունն ապահովելու համար,

ժա) իրականացնում է օրենքով, սույն Կանոնադրությամբ և Համագումարի որոշումներով վերապահված այլ լիազորույուններ։

    1. Կուսակցության քարտուղարության համակարգողի բացակայության կամ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքերում Կուսակցության քարտուղարության համակարգողի պարտականությունները կատարում է Կուսակցության քարտուղարության համակարգողի տեղակալը, իսկ եթե հնարավոր չէ՝ Կուսակցության քարտուղարության տարիքով ավագ անդամը:

 

  1. Կուսակցության Վերահսկիչ հանձնաժողովը
    1. Վերահսկիչ հանձնաժողովը Կուսակցության նյութական ու ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին է, որը բաղկացած է 3 անդամից:

    2. Վերահսկիչ հանձնաժողովին ընտրում է Համագումարը՝ երկու տարի ժամկետով, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

    3. Վերահսկիչ հանձնաժողովը՝

ա) Կուսակցությունում ցանկացած ժամանակ կարող է անցկացնել ստուգում՝ իր լիազորություների սահմաններում,

բ) կարող է ծանոթանալ Կուսակցության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին,

գ) կարող է առաջարկներ ներկայացնել Կուսակցության ղեկավար մարմիններին,

դ) կարող է Կուսակցության քարտուղարության համակարգողից կամ Կուսակցության քարտուղարության անդամներից, շարքային անդամներից ու աշխատողներից պահանջել և ստանալ Կուսակցության գործունեությանն առնչվող տեղեկություններ,

ե) եզրակացոթւյուն է տալիս Կուսակցության գործունեության, ֆինանսական միջոցների և գույքի օգտագործման հաշվետվության վերաբերյալ,

զ) հաշվետվություն է ներկայացնում Համագումարին:

    1. Վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող լինել Կուսակցության ղեկավար որևէ մարմնի անդամ:

    2. Վերահսկիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ, որը համակարգում է Վերահսկիչ հանձնաժողովի աշխատանքը:

    3. Վերահսկիչ հանձնաժողովի անդամները կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կուսակցության քարտուղարության և տարածքային ստորաբաժանումների ժողովներին և դրանց քարտուղարությունների նիստերին:

    4. Վերահսկիչ հանձնաժողովի նիստերը հրավիրում է Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը՝ ըստ անհրաժեշության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ:

    5. Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Վերահսկիչ հանձնաժողովի կամ Կուսակցության քարտուղարության որևէ անդամի պահանջով:

    6. Վերահսկիչ հանձնաժողովի նիստերը կայանում են նրա անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստում կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը:

    7. Վերահսկիչ հանձնաժողովը գործում է իր լիազորությունների շրջանակներում՝ իր կողմից հաստատած կանոնակարգով, եթե Համագումարն այլ բան չի սահմանել:

  1. Կուսակցության տարածքային ստորաբաժանումները 
    1. Կուսակցության տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում են տարածքային հատկանիշով՝ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում:

    2. Տարածքային ստորաբաժանումներն օգտագործում են Կուսակցության անվանումը՝ նշելով համապատասխան տարածքը:

    3. Տարածքային ստորաբաժանումները ստեղծվում և լուծարվում են Կուսակցության քարտուղարության որոշմամբ:

    4. Տարածքային ստորաբաժանման անդամների հերթական ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ:

    5. Տարածքային ստորաբաժանման ժողովն իրավասու է, եթե դրան մասնակցում են Տարածքային ստորաբաժանման մեջ հաշվառված Կուսակցության անդամների առնվազն 2/3-ը:

    6. Տարածքային ստորաբաժանման ղեկավար մարմինը Տարածքային քարտուղարությունն է, որը բաղկացած է հինգ անդամից՝ Տարածքային քարտուղարության ղեկավարից՝ համակարգողից, և չորս անդամներից:

    7. Տարածքային ստորաբաժանման անդամների ժողովն իր կազմից ժողովին մասնակցողների ձայների պարզ մեծամասնությամբ մեկ տարի ժամկետով ընտրում է Տարածքային քարտուղարություն և Տարածքային քարտուղարության համակարգող, Կուսակցության քարտուղարության սահմանած կարգով և տվյալ ստորաբաժանմանը հասանելիք չափաքանակներով ընտրում է Համագումարի պատվիրակներ:

    8. Տարածքային քարտուղարությունը հրավիրում է Տարածքային ստորաբաժանման անդամների հերթական և արտահերթ ժողով, համակարգում է տարածքային ստորաբաժանման գործունեությունը, հաստատում է Կուսակցության քարտուղարությանը ներկայացվող հաշվետվությունը:

    9. Տարածքային ստորաբաժանման անդամների արտահերթ ժողով կարող է հրավիրվել նաև դրա անդամների առնվազն 1/3-ի պահանջով՝ նրանց ներկայացրած օրակարգով:

    10. Տարածքային քարտուղարության համակարգողը կազմակերպում է տարածքային ստորաբաժանման գործունեությունը և ղեկավարում Տարածքային քարտուղարության աշխատանքը, ապահովում է Տարածքային ստորաբաժանման անդամների ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ողջամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցումը, Կուսակցության քարտուղարությանն է ներկայացնում Տարածքային ստորաբաժանման գործունեության, նրան հատկացված գույքի օգտագործման և կառավարման վերաբերյալ Տարածքային քարտուղարության հաստատած հաշվետվությունը, համակարգում և կազմակերպում է Կուսակցությանն անդամակցելու նպատակով տարածքային ստորաբաժանմանը դիմած քաղաքացիների դիմումների ներկայացման աշխատանքը:

    11. Տարածքային ստորաբաժանումն իր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, մեկ տարի ժամկետով, գաղտնի քվեարկությամբ ընտրում է Վերահսկիչ, որը կարող է պահանջել և հնգօրյա ժամկետում ստանալ տարածքային ստորաբաժանման գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկույթ, իրականացնում է տարածքային ստորաբաժանման կանոնադրական և ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողություն և պարտավոր է դրա վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել կուսակցության Վերահսկիչ հանձնաժողովին և Կուսակցության քարտուղարությանը:
    12. Տարածքային քարտուղարության նիստերը կարող են լինել հերթական և արտահերթ: Հերթական նիստեր հրավիրվում է ամիսը մեկ անգամ Տարածքային քարտուղարության համակարգողի նախաձեռնությամբ: Արտահերթ նիստ հրավիրվում է Կուսակցության քարտուղարության նախաձեռնությամբ կամ տարածքային ստորաբաժանման կուսակցականների 1/3-ի, կամ Տարածքային քարտուղարության անդամի պահանջով՝ նրանց օրակարգով:

    13. Կուսակցության քարտուղարության հաստատած և հատկացրած նյութական միջոցները ու գույքը կառավարում է Տարածքային քարտուղարությունը:

    14. Տարածքային ստորաբաժանումն իրավասու է Կուսակցության քարտուղարության հատկացրած գույքն ունենալ և տնօրինել մինչև իր լիազորությունների ավարտը:

Գ Լ ՈՒ Խ 3

 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

  1. Կուսակցության իրավունքները
    1. Կուսակցությունը բացառիկ իրավունք ունի առանձին կամ այլ կուսակցություների հետ դաշինքով առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի, ինչպես նաև Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու անդամի թեկնածուներ:

    2. Կուսակցությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով`

ա) մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը.

բ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից,

գ) հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ,

դ) ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները,

ե) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ.

զ) առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ),

է) հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային միությունների անդամ,

ը) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

1.3. Կուսակցությունն իրավունք ունի, իր կանոնադրային նպատակներին համապատասխան, տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները:

1.4. Կուսակցությունն իրավունք չունի լինելու առևտրային իրավաբանական անձի հիմնադիր կամ մասնակից, բացառությամբ Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածով և սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

1.5. Կուսակցությունն ունի օրենքով երաշխավորված ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատություն, այդ թվում`

ա) հրապարակայնորեն ներկայացնելու իր դիրքորոշումը պետական և հասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ,

բ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց ներկայացնելու անհատական և կոլեկտիվ հանրագրեր, որոնք համապատասխան մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված կարգով ենթակա են քննարկման:

  1. Կուսակցության պարտականությունները
    1. Կուսակցությունը պարտավոր է`

ա) պահպանել Սահմանադրությունը և օրենքները,

բ) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am, հրապարակել գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` նշելով դրա կազմավորման աղբյուրները,

գ) ընտրություններին մասնակցելիս ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել Կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:

 

  1. Կուսակցության գույքը
    1. Կանոնադրությամբ և Ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար Կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով կարող է ունենալ ցանկացած գույք: Կուսակցությունը սեփականության իրավունքով չի կարող ունենալ այնպիսի գույք, որը հանված է շրջանառությունից:

    2. Կուսակցության գույքը գոյանում է`

ա) Կուսակցության անդամների կամավոր անդամավճարներից,

բ) Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված նվիրատվություններից.

գ) Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից,

դ) Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքով և սույն Կանոնադրությամբ սահմանված գործունեությունից ստացված եկամուտներից:

    1. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի Կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունն արգելվում է:

    2. Կուսակցությունն իր գույքով պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ Կուսակցության անդամը իր գույքով պատասխանատվություն չի կրում Կուսակցության պարտավորությունների համար:

  1. Կուսակցությանը կատարվող նվիրատվությունները
    1. Կուսակցությունն իրավունք ունի նվիրատվություններ ստանալու գույքի, այդ թվում` դրամական միջոցների, ներառյալ` վարկերի, փոխառությունների, երրորդ անձանց կողմից Կուսակցության պարտքի մարման տեսքով Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով՝ այդ օրենքով սահմանված արգելքների և սահմանափակումների հաշվառմամբ:

    2. Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ արգելքների և սահմանափակումների պահանջների խախտմամբ կատարված նվիրատվությունները նշված հոդվածով սահմանված կարգով վերադարձվում են նվիրատուին կամ փոխանցվում են պետական բյուջե:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կուսակցության հանրային աջակցությունը
    1. Կուսակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգին համապատասխան ձևերով ստանում է հանրային աջակցություն, այդ թվում՝ պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ստանում է պետական ֆինանսավորում:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ

  1. Կուսակցության հաշվետվությունները
    1. Կուսակցությունը պետական մարմիններին ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ է ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

    2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը (այսուհետև` հաշվետվություն) և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

    3. Կուսակցությունն իր հաշվետվությունը զանգվածային լրատվության միջոցով հրապարակելուց և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո պարտավոր է հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ից ոչ ուշ հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչվերստուգիչ ծառայություն (այսուհետ` Վերահսկիչվերստուգիչ ծառայություն):

    4. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի Կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը:

    5. Կուսակցության ստացած նվիրատվությունների աղբյուրը` անկախ արժեքից, նշվում է Կուսակցության հաշվետվությունում:

    6. Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման և իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:

    7. Կուսակցությունը հաշվետվությունը (ներառյալ` հաշվետվության ձևը) հրապարակում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

  1. Կուսակցության հաշվետվություների աուդիտը
    1. Եթե Կուսակցության ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, Կուսակցությունը պարտավոր է հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:

    2. Եթե Կուսակցության ակտիվների արժեքը սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցելը պայմանավորված է եղել հաշվետու տարում Կուսակցության հաշվեկշռում առկա անշարժ և շարժական գույքի արժեքով, և Կուսակցությունն այդ կապակցությամբ արդեն մեկ անգամ Վերահսկիչվերստուգիչ ծառայությանը ներկայացրել է աուդիտորական եզրակացություն, ապա հաջորդող հաշվետու տարիներին ազատվում է աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պարտականությունից, եթե նախորդ հաշվետու տարվա համեմատությամբ նրա հաշվեկշռում անշարժ և շարժական գույքի մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Կուսակցության հաշվեկշռում անշարժ և շարժական գույքի մասով փոփոխությունների դեպքում Կուսակցությունը պարտավոր է հաշվետվությունը ներկայացնել սույն օրենքով սահմանված կարգով աուդիտորական եզրակացության հետ, եթե հաշվետու տարում իրականացրած բոլոր գործարքների գինը գերազանցել է սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:

    3. Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստացած լինելու դեպքում Կուսակցությունը պարտավոր է հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ, եթե պետական բյուջեից ֆինանսավորումը հաշվետու տարում գերազանցել է նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը:

 ԳԼՈՒԽ 6

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Կուսակցության միջազգային գործունեությունը
    1. Կուսակցությունն իրավունք ունի կապեր հաստատելու և պահպանելու օտարերկրյա պետությունների քաղաքական կուսակցությունների, հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, կնքելու համագործակցության մասին համաձայնագրեր և իրականացնելու այլ միջոցառումներ, որոնք չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և օրենքներին:

    2. Կուսակցությունն իրավունք ունի անդամակցելու միջազգային միությունների:

ԳԼՈՒԽ 7

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կուսակցության գործունեության նկատմամբ ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմինը

    1. Կուսակցության ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Վերահսկիչվերստուգիչ ծառայությունը:

    2. Կուսակցության հրապարակած և Վերահսկիչվերստուգիչ ծառայությանը ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար վերջինիս պահանջի դեպքում Կուսակցությունը պարտավոր է հինգ օրվա ընթացքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Կուսակցության դրամարկղային և բանկային մուտքերի և ելքերի վերաբերյալ, ներկայացնել նախնական հաշվապահական հաշվառման և ներկայացրած հաշվետվության հավաստիությունն ստուգելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

 

ԳԼՈՒԽ 8

 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՐԳԵԼՈՒՄԸ, 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. Կուսակցության գործունեության կասեցումը և արգելումը 
    1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

  2. Կուսակցության վերակազմակերպումը
    1. Կուսակցությունը կարող է Համագումարի` Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով ընդունված որոշմամբ վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել կամ առանձնանալ) այլ կուսակցության:

    2. Կուսակցության վերակազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կանոններին համապատասխան:

 

  1. Կուսակցության լուծարումը և լուծարման հետևանքները
    1. Կուսակցությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով:

    2. Կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

    3. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը լուծարման միջոցով` Կուսակցության համագումարի որոշմամբ:

    4. Եթե Կուսակցության լուծարման համար հրավիրված Համագումարն իրավազոր չէ, ապա Կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է Կուսակցության քարտուղարությունը: Կուսակցության քարտուղարության իրավազոր չլինելու դեպքում Կուսակցությունը լուծարվում է Կուսակցության հիմնադիրներից մեկի որոշմամբ: Այս դեպքում Կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշումը կայացնելու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կուսակցության համագումարը կամ մշտապես գործող ղեկավար մարմինը այլ որոշում չի կայացրել:

    5. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է Կուսակցության գործունեությունը, ապա Կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է Վերահսկիչվերստուգիչ ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովը, իսկ Կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը։

 

 

 

Մեկնաբանություններ