Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Սասնա Ծռեր» Համահայկական Կուսակցության հիմնադիր համագումարի ընդունած ծրագիրը
October 1, 2018     (1767 դիտւմ)

ԾՐԱԳԻՐ

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

(ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ)

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել Սասնա Ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող նրա համամարդկային առաքելությունը (Արարատյան մարդու առաքելություն) վերաստանձնելու նպատակի շուրջ, ըստ այդմ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել ու գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական պետությունը:

Ըստ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության, հայությունը, հանուն իր օրինակով արարչության լույսը տարածելու և արդարություն հաստատելու այդ համամարդային առաքելության պետք է իր գերակշիռ մասով վերահաստատվի Հայրենիքում, վերատիրանա Հայկական բարձրավանդակին՝ ամբողջացնելով իր արարչագործության տարածքը, ստեղծի հանուն ազգային իղձերի ու մարդկային երջանկության գործող ազգայինպետական ինքնակառավարման համակարգ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը բերում է եղածից արմատական կերպով տարբերվող նոր դիտակետ, նոր միտք, նոր կենսակերպ, ինչը աղբյուր և երաշխիք է նոր մարդու, նոր Հայի և նոր Հայքի վերածննդի ու առաքելակիր գործունեության:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն առաջնորդվելու է լույսի և արդարության քաղաքական մշակույթով, ազգի ներսում չի որդեգրելու ռեալ պոլիտիկ կոչվող՝ ներքին կյանքի համար արատավոր ու կործանարար խաղի կանոնները, դառնալու է քաղաքական ասպարեզն օտարի միջամտությունից ու նյութապաշտականիշխանատենչական նկրտումներից զերծ պահելու հրամայականի և ժողովրդի քվեով ստացած կառավարման լիազորությունը որպես ազգին ու Հայրենիքին ծառայելու պատվաբեր հնարավորություն համարող մշակույթի ջատագովն ու առաջամարտիկը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը չի գործելու սոսկ որպես մի դասական կազմակերպություն, այլ դառնալու է նաև իր գաղափարական տիրույթում գործելու միտված, սակայն կուսակցական լինելու ցանկություն կամ հնարավորություն չունեցող անհատների ու խմբերի (այդ թվում՝ արտերկրահայերի) ներգրավման, համախմբման ու ինքնադրևսորման կազմակերպվածքի միջուկն ու առանցքը՝ նրանց տրամադրելով նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը նպատակ ունի ստեղծելու հայկական գործոն ձևավորելու ունակ, էությամբ ու բնույթով իրապես ազգային, ինքնիշխան, ժողովրդավարական և համահայկական պետություն, որը հիմնված է 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա և հետամուտ է հայության առաքելության վերաստանձնմանն ու Հայրենիքի վերատիրացմանը: Ազգային ու միջազգային կյանքի ստեղծագործ սուբյեկտ դառնալու ունակ մի պետություն, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները, երաշխավորել Հայաստանի քաղաքացիների, իսկ հնարավոր մասով՝ նաև արտերկրահայության, կենսական շահերն ու հիմնարար իրավունքները՝ այդպիսով պայմաններ ստեղծելով ազգի և անհատի երջանկության բնական իղձի կատարման, նրանց ազատ ու արժանապատիվ գոյության ու ստեղծագործ զարգացման համար:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատկերացրած պետությունը գործում է հայակենտրոնության ու հայաստանակենտրոնության, համահայկականության, մարդակենտրոնության ու քաղաքացիակենտրոնության, հասարակական համերաշխության, միջազգային համագործակցության, ռազմավարականության, արժեքահենքության ու գիտահենքության եւ ստեղծագործականության սկզբունքների ներդաշնակության հիման վրա՝ որպես արժեհամակարգային ուղենիշ ընդունելով ազգային աշխարհընկալման լույսով դիտվող և ընկալվող համամարդկային առաքինությունները, հարգելով այդ առաքինություններից բխող մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և ապահովելով դրանց գերակայությունն ու արդյունավետ պաշտպանությունը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայության առաքելության վերաստանձնման, Հայրենիքի վերատիրացման և ազգային ու մարդկային ազատ և արժանապատիվ գոյության ու զարգացման մեկնարկի համար գերկարևոր է համարում հայության շրջանում ռուս-թուրքական երկընտրանքի հաղթահարումը:

Ռուս-թուրքական երկընտրանքը հայության և Հայաստանի համար ռազմավարական (ծայրահեղ դրսևորումների ժամանակ՝ գոյութենական) մարտահրավերներ առաջացնող արտաքին հարաբերությունների ձևաչափ է, որը պայմանավորված է թուրքական լծից ազատվելու համար ազգային պետություն ստեղծելու փոխարեն ավելի մեղմ ռուսական լծի ընտրությամբ: Այն հայության զգալիորեն լայն շրջանակներում ստեղծել է ռուսական գաղութատիրությունը և մեր շահերի հաշվին կատարվող ռուսթուրքական գործարքները որպես ճակատագիր ընդունող մտածելակերպ և վարքագիծ, ինչը հայությանը զրկում է ազգային պետություն ստեղծելու, դրանով իսկ՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու և իր առաքելությունն իրականացնելու հնարավորությունից, իսկ Ռուսաստանին և Թուրքիային էապես օժանդակում է իրենց շահերն ապահովելու հայության ու Հայաստանի հաշվին, ընդ որում՝ հայկական գործոնի կայացումը բացառող՝ իրենց համար առավել բարենպաստ տարածաշրջանային ճարտարապետություն ձևավորելու տարբերակով:

Ներկա ժամանակահատվածում ռուսթուրքական երկընտրանքի ձևաչափից դուրս գալու և ազգային պետություն ստեղծելու նախապայմաններ ստեղծելու համար էապես կարևոր է մերժել այդ ձևաչափի համակարգաստեղծ բաղադրիչը՝ այսպես կոչված երրորդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը:

Այդ հայեցակարգն ընդունում և լեգիտիմացնում է 1920 թ. ռուս-թուրք զինված հարձակմամբ առաջին Հանրապետության զավթումն ու մասնատումը, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունից զրկելով վարչատարածքային միավորի կարգավիճակով Ռուսաստանին հանձնումը, միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող պայմանագրերով, առաջին հերթին՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, հայության ու Հայաստանի հաշվին ձևավորված՝ հայկական ազգային ինքնիշխան պետականության, հայկական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետությունը, որի մեջ նաև՝ Հայաստանից Արցախի և Նախիջևանի օտարումը: Պատահական չէ, որ այդ հայեցակարգը ներկայիս Հանրապետությունը համարում է թվով 3-րդը, քանի որ 2-րդ Հանրապետություն է համարում ռուս-թուրքական օկուպացիայի մնացորդ քվազիպետությունը, որը հետագայում որպես Խորհրդային Հայաստան կոչվող վարչատարածքային միավոր մաս կազմեց Խորհրդային Միություն անվամբ վերականգնված Ռուսական կայսրությանը:

Այսինքն՝ այդ հայեցակարգն արդարացնում և սպասարկում է ռուսթուրքական դավադիր երկընտրանքի ձևաչափում մեր պետության մասնատումը, գերությունն ու ազգային ապագայից զրկումը, որպես կյանքի միակ հնարավոր տարբերակ է համարում Հայաստանի կախյալ գոյությունը մի գաղութային համակարգի մեջ, որի հենքը ռուսթուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան ռուսահպատակ վարչակազմն ու քաղաքական դասը:

Այդ հայեցակարգը մասամբ խախտվեց Արցախի փաստացի ազատագրմամբ և, այդ է պատճառը, որ դրանով առաջնորդվող քաղաքական ղեկավարությունն ի սկզբանե Հայաստանին վերամիավորվելու նպատակ հետապնդող Արցախյան շարժումը վերածեց Արցախի անկախության գործընթացի, որպեսզի գոնե մասնակի պահպանվի տարածաշրջանի ռուս-թուրքական ճարտարապետությունը, ինչպես նաև պահպանվի հետագայում Արցախն Ադրբեջանին վերադարձնելու և այդպիսով տարածաշրջանի ճարտարապետությունն ու դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրությունը վերաամբողջացնելու հնարավորությունը:

Ուստի «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը մերժում է ներկայիս հայկական պետականությունը որպես ռուսթուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Խորհրդային Հայաստանի ժառանգորդ համարելու՝ այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, ինչպես նաև դրա իրագործումից բխող՝ իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատելու հանցավոր ու կործանարար մոտեցումներից:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դրանց փոխարեն որդեգրում է ազգային առաքելությանը միտված, Հայրենիքի վերատիրացմանը հետամուտ և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ:

Այս նոր հայեցակարգի իրագործումը, որ սկիզբ է առել Արցախի փաստացի ազատագրմամբ և իր հաջորդ փուլ է մտել 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած համազգային ընդվզման միջոցով գաղութային վարչակազմի գործադիր բաղադրիչի հեռացմամբ, պետք է ծրագրման համար տեսանելի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում զուգահեռաբար շարունակվի հետևյալ չորս հիմնական ուղղություններով.

Ա. Համայն հայության կամքն արտահայտելու հնարավորություն ունեցող ՀՀաբնակ և Արցախաբնակ հայության, ինչպես նաև ՀՀ ոչ հայ քաղաքացիների՝ որպես իրավունքի ամբողջական ու միասնական կոլեկտիվ սուբյեկտի, կամաարտահայտությամբ (հանրաքվեի միջոցով) ներկայիս ՀՀ պաշտոնական տարածքի և Արցախի սահմանադրական տարածքի վրա հիմնադրել Նոր Հանրապետություն:

Բ. Մեկնարկել միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա Հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման և ռուսական գաղութատիրությունից ազատագրման իրավաքաղաքական գործընթաց և, առաջնահերթորեն՝

1. Հայությանը և Հայաստանին վերաբերող մասով անվավեր ճանաչել այդ իրավունքները մերժող և/կամ սահմանափակող բոլոր միջազգային պայմանագրերն ու պայմանավորվածությունները, ինչպես նաև այլ իրավական ակտերն ու գործողությունները, այդ թվում և առաջին հերթին՝ միջազգային իրավունքին հակասող՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, ինչպես նաև 1922 թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը,

2. Առնվազն կատարել ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու համար անհրաժեշտ հետևյալ գործողությունները (հերթականությունը կարևոր է, զուգադրումը՝ հնարավոր).

2.1. դուրս բերել ՌԴ Սահմանապահ զորքերը և ՀՀ պետական սահմանի համապատասխան հատվածները հանձնել ՀՀ Սահմանապահ զորքերին,

2.2. չեղյալ հայտարարել ՌԴ հետ ՀՕՊ միասնական համակարգի և զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման վերաբերյալ պայմանագրերը,

2.3. դուրս գալ ՌԴ առանցքի շուրջ ստեղծված վերպետական ու դաշինքային բազմակողմ ձևաչափերից (ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ),

2.4. իրագործել ապակոմունիզացման և ապախորհրդայնացման (անհրաժեշտ մասով՝ ապառուսականացման) ծրագիր,

2.5. իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում) և ապահովել պետությունը զավթած հանցավոր համագործակցության (գաղութային վարչակազմի և հանցակիցների) դատաիրավական պատասխանատվություն, ինչպես նաև պետության ու քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական, տնտեսական ու սոցիալական խախտված իրավունքների վերականգնում,

2.6. դուրս բերել ՌԴ ռազմակայանը ՀՀ տարածքից,

2.7. ազգայնացման կամ այլ եղանակով ազգային վերահսկողություն հաստատել ռուսական կողմի սեփականությանը կամ կառավարմանը հանձնված ռազմավարական ենթակառույցների ու օբյեկտների նկատմամբ:

Գ. Առաջադրել Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքների վրա միջազգային իրավունքին համապատասխան Նոր Հանրապետության իրավազորության հաստատումը՝ որպես այս գործընթացի հերթական քայլ և ձեռնամուխ լինել դրա իրականացմանը:

Սկզբի համար Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքների վրա Նոր Հանրապետության տարածքի ընդարձակումը և Կուր ու Արաքս գետերի բնական սահմաններով պարփակված ամբողջ տարածքի վրա նրա կայացումը որպես արդեն ԿուրԱրաքսյան Հանրապետություն ինքնանպատակ չէ:

Կուր-Արաքսյան բնական միջակայքը այն նվազագույն տարածքային-հաղորդակցային ելման դրությունն է, որի հաստատմամբ տարածաշրջանային ճարտարապետությունը կդառնա հայանպաստ, կարձանագրվի Հայրենիքի վերատիրացման առաջին փուլի ավարտը և Հայկական պետությունը կձևավորվի որպես ինքնիշխան ազգային-պետական գործոն, ինչի շնորհիվ ի զորու կլինի տարածաշրջանի մասշտաբով լիարժեք կերպով կայանալու իբրև ազգային սուբյեկտ և վերաստանձնելու մեր առաքելությունը՝ նախադրյալներ ստեղծելով Հայրենիքի հետագա վերատիրացման ու համամարդկային մասշտաբով հայության ազգային առաքելության վերաստանձնման համար:

Դ. Իրականացնել համակարգային փոփոխություններ (հիմնվելով ազգային մշակույթի վրա եւ ստեղծագործաբար ներառելով միջազգային անհրաժեշտ փորձը), այդ թվում՝ համաժողովրդական մասնակցության և քննարկման ձևաչափով ընդունել նոր Սահմանադրություն և, դրանց միջոցով.

1. Պայմաններ ստեղծել ազգային ինքնության դրսևորման և մարդու ստեղծագործ կարողության շարունակական հզորացման միջոցով նոր որակի կենսակերպի ձևավորման համար, նպատակ ունենալով՝

– ստեղծելու պայմաններ և նախադրյալներ հոգեւոր, մտավոր ու ֆիզիկական առումներով ներդաշնակորեն զարգացած մարդու, ինչպես նաեւ իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող եւ, համապատասխանաբար՝ դրանք պաշտպանելու ունակ ու կատարելուն պատրաստ քաղաքացու կայացման համար,

– ապահովելու Հայաստանի քաղաքացիների ու բնակիչների, հնարավոր մասով՝ արտերկրահայության, ընտանիքի, համայնքների եւ էթնիկական խմբերի ազատ, ներդաշնակ ու արժանապատիվ գոյությունն ու ստեղծագործ զարգացումը,

– նպաստելու համերաշխ և համագործակցային հասարակության, այդ թվում՝ նրա հանրային համակեցության և քաղաքական ու սոցիալտնտեսական հարաբերությունների համակարգերի ձեւավորմանը:

2. Ձևավորել ազգային շահերն արտահայտող նպատակներ առաջադրելու և իրագործելու ունակ այնպիսի պետական կառավարման համակարգ, որն ապահովում է պետական կառավարմանը քաղաքացիների, իսկ հնարավոր մասով՝ նաև արտերկրահայերի, գործուն ու արդյունավետ մասնակցություն, որը հասարակության հետ ունի արդյունավետ հետադարձ կապ և հաշվետու է նրա առջև, ինչպես նաեւ բոլոր ռազմավարական հարցերը լուծում է բացառապես ժողովրդի կամքի արտահայտման միջոցով՝ անմիջական ժողովրդավարության ձևերով:

3. Վերաստանձնել Հայաստանի և նրա միջոցով համայն հայության` որպես տարածաշջանում միջազգային հարաբերությունների դերակատարների միջև կամուրջ-միջնորդի դերը, ինչպես նաեւ ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային և համաշխարհային զարգացմանն ու համագործակցությանը և այդ համատեքստում, մասնավորապես, ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատել ԱՄՆի և Իրանի հետ, որակապես նոր մակարդակի հասցնել հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Ուկրաինայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև այս ամենի հաշվառմամբ վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա:

4. Պայմաններ ստեղծել մեծ հայրենադարձության, ծնելիության շեշտակի աճման ու կյանքի որակի բարելավման համար և այդ համատեքստում ապահովել ազատագրված և ազատագրելիք տարածքների վերաբնակեցումը, բնակչության տարաբնակեցումը, տարածքային համաչափ զարգացումը, ինչպես նաև որոշել սահմանային անվտանգայինպաշտպանական գոտին և ապահովել նրա՝ որպես արտոնյալ վարչատարածքային գոտու, կլաստերային սկզբունքով զարգացումը:

5. Ստեղծել ազգի և պետության ամբողջ անվտանգայինպաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ (ազգի անվտանգայինպաշտպանական բովանդակ զորություն) համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգբանակ» կազմակերպվածք և դրա միջոցով երաշխավորել անվտանգայինպաշտպանական բաղադրիչի մասով Հայաստանի ու հայության հեռանկարային ռազմավարական շահերի իրացումը:

6. Ապահովել տնտեսական պաշարների և ստեղծվող հարստության արդար ու օրինական բաշխումը, դրանց՝ ներդաշնակ համամասնությամբ բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման և ազգի ու պետության անվտանգության համար օգտագործումը, տնտեսական զարգացման ստեղծագործ միջավայրի ձևավորումը, ինչպես նաև պաշտպանել սեփականության իրավունքը, միևնույն ժամանակ՝ ազգային վերահսկողություն հաստատելով ռազմավարական ոլորտների նկատմամբ՝ ըստ ազգային անվտանգության և տնտեսվարողների շահերի միջև ցանկալի համադրության պահանջի կիրառելով բաժնեմասերի հսկիչ փաթեթը պետության ձեռքում պահելու կամ այլ հնարավոր մեխանիզմներ:

7. Ապահովել տնտեսական շահի նկատմամբ բնապահպանական շահի գերակայութան սկզբունքի հիման վրա էկոհամակարգերի վերականգնումը և մարդհասարակությունբնություն կապի ներդաշնակությունը, Հայաստանի վերածել արդի և ապագայի տեխնոլոգիաների, մասնավորապես՝ «կանաչ տնտեսության» և կենսակերպի այլ նոր մոդելների մշակման ու տարածման, ինչպես նաև փոխառման, կերպափոխման և փոխանցման կենտրոնի:

8. Ապահովել գիտության, տեխնոլոգիաների և կրթության վերածումը ազգի և պետության շահերի իրացման գլխավոր գործիքի, ինչպես նաև ապահովել կրթության հիմնական դերի՝ ուսուցման ու դաստիարակության միջոցով ներդաշնակ մարդու և մարդկային սերունդների կերտման ու զարգացման, վերականգնումը և արդի պայմաններում հանուն մարդկային ու ազգային ինքնության վերակերտման դրա արդյունավետ կիրառությունը:

9. Ստեղծել անկախ դատական համակարգ՝ երդվյալ ատենակալների դատարանի բաղադրիչով և դատավորների ժողովրդական ընտրության սկզբունքով, ինչպես նաև ապահովել դատարանակենտրոն արդարադատություն:

10. Հայաստանը դարձնել համայն հայության Հայրենիք, որն արտերկրահայության հնարավորինս մեծ մասի հայրենադարձության միջոցով ներառում, իսկ արդի ցանցային ու տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ ՀայաստանՍփյուռք միասնական կյանքով (որպես միասնական Հայկական աշխարհ՝ Հայաստան պետության առանցքի շուրջը ձևավորված ու գործող Համահայկական ցանցապետություն) ապրելու ու գործելու ամբողջական տիրույթ ստեղծելու միջոցով իր շուրջն է համախմբում հայության բովանդակ կարողությունները եւ այն արդյունավետ կերպով գործադրում է հանուն ազգային ու անհատական իղձերի ու նպատակների, այդ թվում և առաջին հերթին՝ հայության անօտարելի իրավունքների վերականգնման, Ցեղասպանության հետևանքների չեզոքացման և Հայրենիքի վերատիրացման ու վերահայացման:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Ծրագրից բխում է, որ Կուսակցության անդամ դառնալու ցանկություն ունեցող քաղաքացին պետք է ԱՅՈ պատասխանը տա առնվազն հետևյալ չորս հարցերին.

  1. Համաձա՞յն է, որ Արցախը դե յուրե միանա ՀՀին և դրանց միասնական տարածքի վրա հիմնադրվի Նոր Հանրապետություն:

  2. Համաձա՞յն է, որ Հայաստանը պետք է Հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման համատեքստում ազատագրվի ռուսական գաղութատիրությունից:

  3. Համաձա՞յն է, որ Նախիջևանը, իսկ հետագայում՝ նաև Կուր գետի աջ ափը, անցնի հայկական իրավազորության տակ և Նոր Հանրապետությունն այդ ամբողջ տարածքի վրա իր սահմանների առումով ձևավորվի որպես ԿուրԱրաքսյան Հանրապետություն:

  4. Համաձա՞յն է, որ Հայաստանում պետք է կատարվեն համակարգային փոփոխություններ, այդ թվում՝ ընդունվի նոր Սահմանադրություն:

Մեկնաբանություններ