Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հաղորդագրությունը Արցախի միացման թեմայով սեմինար-քննարկման արդյունքների վերաբերյալ
October 31, 2018     (5488 դիտւմ)

31-ը հոկտեմբերի 2018 թ., Երևան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնությամբ սույն թվականի հոկտեմբերի 27-28-ը Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ սեմինար-քննարկում` «Արցախի դե յուրե միացումը Հայաստանի Հանրապետությանը. իրավաքաղաքական մեխանիզմներ» թեմայով:

Սեմինար-քննարկմանը որպես զեկուցողներ մասնակցում էին «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, հրապարակախոս Կարեն Աղեկյանը, քաղաքագետ Արմեն Աղայանը և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը:

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին նաև Երևանից ժամանած և Արցախը ներկայացնող քաղաքագետներ, Արցախի Աժ պատգամավորներ, վերլուծաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական և ռազմական գործիչներ, քաղաքացիներ և «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներ, որոնց մեծ մասն ակտիվ կերպով մասնակցեցին սեմինար-քննարկմանը, հանդես եկան ելույթներով և հարցադրումներով:

Սեմինար-քննարկման զեկուցողներ`

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ ՄԱԿ-ի իրավանախորդի՝ Ազդերի Լիգայի՝ Հայաստանի սահմանները որոշող 24-ը փետրվարի 1920 թ. զեկույց-առաջարկին (Բրիտանական Կայսրության, ֆրանսիայի, Ճապոնիայի և Իտալիայի մասնակցությամբ), որը նախատեսում էր Հարավային Կովկասում սահմանզատումն իրականացնել ազգային տեղաբաշխման սզբունքով:

Նա նշեց, որ տվյալ իրավական փաստաթուղթը կարող է իրավական հիմք լինել Հայաստան-Ադրբեջան սահմանի հստակեցման համար, ըստ այդմ՝ ՀՀ կազմում ներառելով Արցախն ու Ուտիքը ամբողջությամբ: Արա Պապյանը կարևորեց այն հանգամանքը, որ նշյալ փաստաթուղթը ներառվել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի զեկույցի մեջ (22 նոյեմբերի 1920 թ.) որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ՝ դրանով իսկ դառնալով տվյալ Վճռի անքակտելի և կատարման համար պարտադիր մաս:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ աշխարհը շատ արագ փոփոխվում է և այն խաղի կանոնները, որ հաստատված էին աշխարհում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սկսեցին վերանայվել: Առաջին հերթին դա երևում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքայկանութւան մեջ: Այդ փոփոխության գլխավոր հետևանքը կլինի այն, որ կսկսեն գերիշխել առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված խաղի կանոնները:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ դա է պատճառը, որ մենք պատավոր ենք Արցախի հարցի լուծման հետ կապված մեր հայեցակարգը վերանայել և չի բացառվում, որ ինքնորոշման ճանապարհով գնալու քաղաքականությունը պետք է սկսենք կերպափոխել Արցախը ՀՀ-ին միացնելու գործընթացի և, դա է պատճառը, որ ինքը մասնակցում է այս շատ կարևոր միջոցառմանը:

Նրա կարծիքով՝ շատ վտանգավոր է, եթե մենք չարձագանքենք այս նոր իրողություններին և մարտահրավերներին, քանի որ Արցախի հարցի լուծումը թողնելով անորոշության մեջ, մենք վտանգում ենք մեր ապագան: Եթե մենք հստակ չգիտենք, թե ուր ենք գնում, չգիտենք մեր նպատակներն ու խնդիրները, մյուս խաղացողները սկսում են մեզ հետ վարվել ինտրիգային տրամաբանությամբ, ինչի հետևանք էր հենց 2016 թ. ապրիլյան աատերազմը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ 2016-ի Ապրիլյան քառօրյայից հետո հանրային և հասարակական գիտակցության մեջ, չնայած 27-ամյա քարոզչությանը, սկսում է գերակա դառնալ ազատագրված տարածքների հանձնման անթույլատրելիության գաղափարը։ Այն պետք է զարգացնել այնքան, որ հանրային լայն կոնսենսուս և պահանջ ձևավորվի բանակցային գործընթացն ընդհանրապես փոխելու ուղղությամբ։

Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ քաղաքական ու հանրային դաշտի որոշ հատվածում դեռևս առկա մոլորությունը ցրելու և հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է հստակ սահմանել հետևյալը.

Ա. Չկա Արցախի խնդիր: Հայաստանը չունի Արցախի խնդիրը լուծելու հարց։ Դա կեղծ օրակարգ է, որ այսօր ստիպված շարունակվում է իներցիայի ուժով։ Հաղթել է Հայաստանը։ Կա հաղթանակ և այն ամրագրում են փաստացի, ոչ թե հայցում ճանաչում։ Մենք դավաճան ղեկավարություն ենք ունեցել, որ չի ամբողջացրել հաղթանակը, և հետո այդ նույն հաղթանակը դարձրել է սակարկության առարկա։ Արցախի կարգավիճակի սահմանումը պետք չէ Հայաստանին հետաքրքրի։ Այդ կարգավիճակն ընդհանրապես անարժեք է, կեղծիք է և անարժեք լինելով դարձել է փոխագրավ Արցախ և Ուտիք հայկական պատմական նահանգների մեկ այլ հատվածի` այսօր ազատագրված տարածքներ անվանվող հողերի նկատմամբ։ Անհեթեթություն է հաղթանակելը, տարածքը ազատագրելը և հետո դրա դիմաց տարածքի մի մասը հանձնելու շուրջ բանակցելը, որպեսզի պարտված թշնամին ճանաչի քո ազատագրած մնացյալ տարածքների նկատմամբ քո իրավունքը։

Բ. Ազատագրված տարածքների սակարկման մասին խոսելիս պետք է անընդունելի դարձնել վերադարձ բառի կիրառումը: Դրանք վերադարձվել են Հայաստան, Հայաստանի վերահսկողության ներքո և անընդհատ արտաբերել վերադարձ բառը, նկատի ունենալով դրանք Ադրբեջանին հանձնելու հանգամանքը նշանակում է ճանաչել Ադրբեջանի հավակնությունները և ընդունել, որ նրանք իբրև թե «գրավյալ» տարածքներ են: Անհրաժեշտ է լայնորեն շրջանառության մեջ դնել այն պատմական և իրավական վավերականություն ունեցող միակ դրույթը, որով ազատագրված տարածքները Հայաստանի Հանրապետության մաս են և ենթակա չեն հանձնման:

Գ. Արցախի Սահմանադրությանը կատարվող հղումներից պետք է զերծ մնալ: Արցախի Հանրապետության երևույթն ինքնին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, անհեթեթություն է և անգամ վնասաբեր:

Դ. Կան մտահոգություններ, որ այսպիսի քաղաքականությունը կարող է հարուցել միջազգային հանրության դժգոհությունը կամ պատերազմ հրահրել: Պատերազմ, միևնույն է, լինելու է: Հասկանալով, որ Հայաստանում դավաճանական իշխանական գիծն ավարտվել է, Ադրբեջանն այլևս հուսահատ է տարածքներ ստանալու հարցում և շարունակելու է պատրաստվել վճռական հարվածի: Հրապարակ մտցնելով և արդեն միջազգայնորեն տարածելով ու պետական մակարդակով պնդելով, որ խոսք է գնում Հայաստանի Հանրապետության տարածքների մասին, կձևավորվի նոր օրակարգ, որին հակաճառելը դժվար է լինելու:

Ե. Հայաստանն այլևս չի շարունակում պարտվողական գիծը և չի պատրաստվում որևէ տարածք զիջել, բայց դա պետք է դիտարկել որպես անցումային փուլ: Անցումային դեպի նոր գաղափարախոություն, որն արդեն այլ ուժեր այլ ժամանակաշրջանում են իրականացնելու:

Զ. Հարկավոր է իսպառ և առհավետ հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, որոնց սեղանին մնալու պարագայում միայն երկարաձգվելու է տարածքների չհանձնումը: Միջազգային օրակարգից այդ խնդիրն ընդհանրապես դուրս բերելու համար անհրաժեշտ է նախ պատրաստվել պաշտպանողական, իսկ ապա և հակահարձակողական պատերազմի և հաղթանակի:

Է. Ժամանակը քիչ է, իսկ տարածաշրջանը լարված: Ակնհայտ է, որ ցավոք սրտի Հյուսիսային Կովկասում ինչ -որ պահի լայնամասշտաբ ռազմական բախումներ են սկսվելու: Միջին Արևելքում և հատկապես Արաբական թերակղզում ու Պարսից ծոցի երկրներում նոր ցնցումներ են հասունանում:

Ը. Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, ցավոք, խաղաղ լուծումներ չունի և չի կարող ունենալ: Կոնֆլիկտը կհանգուցալուծվի միայն մի քանի դեպքում.

Եթե ստատուս քվոն պահպանվի մեկ և ավելի հարյուրամյակ և Ադրբեջանում քաղաքակրթական առաջընթաց լինի, իսկ դա ֆանտաստիկ սցենար է , որովհետև ճիշտ հակառակ ուղությամբ ընթացքող պրոցեսներ են արդեն վաղուց սկսվել այդ երկրում:

Երբ Ադրբեջանը կազմաքանդվի: Միայն այս սցենարի պարագայում է, որ հարձակումը Հայաստանի վրա կդառնա ժամանակավորապես անհնար, և հենց այս սցենարին է, որ Հայաստանը պարտավոր է պատրաստվել Արցախյան խնդիրն ընդհանրապես առհավետ լուծված համարելու համար: Այս համատեքստում կարևոր է համագործակցությունն Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների ապստամբ առաջնորդների հետ՝ հատկապես թալիշների էթնիկ զանգվածի:

Երբ Հայաստանը կամ Ադրբեջանը կանխատեսվող առաջիկա պատերազմում պարտություն կկրի կամ մեկը, կամ մյուսը:

Թ. Բանակցությունները ժամավաճառություն են, որը Հայաստանի նոր ղեկավարությունը արդեն շատ լավ է հասկանում, իսկ Ադրբեջանում դա վաղուց գիտեին: Ժամավաճառություն Ադրբեջանն ինքն է դարձրել և ցավոք սրտի Հայաստանը զբաղվել է դրանով նույնպես: Իսկ մինչ այդ անհրաժեշտություն է վաղ թե ուշ, իսկ ցանկալի է օր առաջ հիմնվել և հրապարակ բերել Ազգերի լիգայի որոշմամբ և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի վրա հենվող Հայաստանի տարածքային ամբողջականության դրույթը, որն իր մեջ անպայմանորեն ներառում է Մեծ Արցախը և պատմական Հայաստանի Ուտիք նահանգը: Անհրաժեշտ է նաև, Իսրայելի արդեն փորձարկված արդյունավետ օրինակով, հղումներ կատարել պատմական քարտեզներին և հնագիտական պեղածո նյութերին և հուշարձաններին:

Ժ. Ազգերի ինքնորոշման միջազգային դրույթը, թեև իրավական առումով համարվում է համահավասար տարածքային ամբողջականության դրույթին, սակայն միջազգային ներկա օրակարգերում երկրորդվում է դրան: Քանի որ քաղաքական օրակարգեր ձևավորում են խոշոր պետությունները, որոնք իրենք արդեն ունեն, կամ կարող են ունենալ տարածքային սեպարատիզմի խնդիրներ, ազգային ինքնորոման դրույթն այլևս լիովին դուրս է մղվել միջազգային ընկալումից:

Հայաստանն այս հարցում պարտավոր է նոր իրավաքաղաքական դրութով հանդես գալ և իսպառ հրաժարվել ազգերի ինքնորոշման սկզբունքից, այդ սկզբունքը վնասում է հայկական Արցախի խնդրին և ոչ օգնում: Որովհետև նախ դրանով ստացվում է, որ ընդունվում է Խորհրդային Ադրբեջանի լիիրավ տիրակալությունը Մեծ Արցախի նկատմամբ և ապա դրանով հրաժարվում է միջազգային իրավունքով իրեն պատկանող տարածքներից, խոսքը Հայաստանի մասին է արդեն: Սա մի մոտեցում է, որ էստաֆետն այս կառավարությւոնից ստանձնելուց հետո, ցանկացած հետագա կառավարություն այլևս պարտավոր է որդեգրել և իրականացնել: Միայն դա է, որ կարող է երաշխավորել միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերի կուռ ներկայացումը, որոնց պարագայում այլևս ագրեսոր և օկուպանտ կդիտարկվի Ադրբեջանը:

ԺԱ. Արցախի՝ ներառյալ ազատագրված տարածքների խնդիրը, Հայաստանի և ամբողջ հայության կենսական ամենակարևոր հարցն է: Դա սովորական կոնֆլիկտ չէ, որտեղ քաղաքակիրթ կամ բանակցային լուծումներ են հնարավոր: Թյուրքական վերածնունդ ապրող էքսպանսիոնիստական գաղափարախոսական անկյունաքարերից է Հայաստանի վերացումը տարածաշրջանից և հենց այդ բաղկացուցիչն է որպես իր ամենաառանցքային գաղափարախոսական հենք ընդունել Ադրբեջանը:

ԺԲ. Հայաստանում և հայության մեջ անհրաժեշտ է ներարկել այն մոտեցումը, որ վաղուց որդեգրել են հրեաները և դա մեր խտացրած ձևակերպմամբ թերևս հետևյալն է՝ մենք շրջապատված ենք թշնամիների բանակներով, որ չեն ցանկանում մեզ հետ բանակցել, այլ միայն ոչնչացնել: Մեր հավերժական խաչն ու խնդիրն է՝ պայքարել, մշտապես պայքարել և պայքարել մինչև մեկը կմնա դաշտում և այդ մեկը միայն ու միայն մենք պետք է լինենք: Չկա հոգնել, չկա ձանձրանալ, չկա ընկրկել: Կա միայն պայքար և հաղթանակ: Նախ առօրյա կյանքում և մեր բարեկեցությամբ և ապա ու նախևառաջ պատերազմի դաշտում, և այդ պայքարում ոչ մի թիզ հող: Առաջ և միայն առաջ, դեպի մեր պատմական հողեր, դեպի մեր անվիճելի հաղթանակ: Ինչպես և հրեաների, հայերի պարագայում նույնպես սա միակ բանաձևն է պահպանելու մեր հայրենիքի այն մեկ տասներորդ հատվածը, որ հիմա մենք Հայաստանի Հանրապետություն ենք կոչում, այլընտրանք մենք ուղղակի չունենք:

Հրապարակախոս Կարեն Աղեկյանի կարծիքով, միացման խնդիրն առաջին հերթին ոչ թե իրավական, այլ հասարակության մեջ արժեքային և գաղափարական պատկերացումները փոխելու խնդիր է, ուստի միացումի իրավաքաղաքական մեխանիզմների քննարկելուց առաջ պետք է լայն հասարակական քննարկում կազմակերպել այսօրվա վիճակի ձևավորման պատճառների մասին:

Նա նշեց, որ Արցախի միացման խնդրի լուծումը կապված է առաջին հերթին լայն քաղաքացիական ակտիվության հետ: Եթե սահմանափակվել բացառապես բարձրագույն իշխանության որոշումով և իրավական ընթացակարգով, միացումը կարող է դառնալ վաղաժամ և ճիշտ հակառակ արդյունքների բերել: Արցախահայությունը պետք է պարզ ձևով արտահայտի իր հավաքական կամքը և ձգտումը: Դրա համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա իրոք ժողովրդավարական, կոռուպցիայից ազատ, սոցիալապես արդար երկիր: Ամեն փուլի ընթացքում հենց արցախահայությունը պետք է իր վրա վերցնի նախաձեռնությունը և Հայաստանի Հանրապետության հասարակությունը և ղեկավարությունը պետք է արձագանքի:

Նրա համոզմամբ, միայն զանգվածային ակտիվությունը հաշվի առնելով, բարձրագույն իշխանությունը կարող է որոշում կայացնել: Գործընթացի ժողովրդավար էությունը առավել ևս կարևոր է միջազգային քաղաքականության շրջանակներում միացումը լեգիտիմացնելու համար: Օրինակ, ամեն դեպքում անհրաժեշտ է երկու առանձին հանրաքվե անցկացնել:

Կարեն Աղեկյանն ընդգծեց, որ այսպիսի բարդ գործընթացի ավարտական՝ իրավական փուլը հիմա դժվար է ամբողջությամբ կանխատեսել: Ամեն մի հաջորդ փուլի սկզբում կարևոր է նախորդ փուլի արդյունքները հաշվի առնել: Ես կառաջադրեի երկու սկզբունքներ: Առաջինը՝ նոր իմինացիաներ և ֆիկցիաներ չստեղծել: Օրինակ՝ պետք չէ Արցախի անկախացումը ճանաչել Միացումից առաջ կամ միացումից առաջ արցախցիներին ՀՀ-ում քվեարկելու իրավունք տալ: Երկրորդը՝ քաղաքական ճշմարտությունը հռչակելուց առաջ պետք է այս ճշմարտությունը իրականության մեջ ամրապնդելու համար բոլոր պայմանները ստեղծել՝ հոգեբանական, գաղափարախոսական, տնտեսական և այլ ոլորտներում:

Նա եզրակացրեց, որ Արցախը արժանի է ֆիկցիայից ազատ լինելու և ազգային պետության մաս կազմելու, բայց ճանապարհը հեշտ չի լինելու:

Քաղաքագետ Արմեն Աղայանի կարծիքով՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման նոր մեխանիզմների փնտրտուքը խնդրի սկզբունքորեն սխալ ձևակերպում է, քանի որ դրանով մերժվում է այն ակնհայտ իրավաքաղաքական փաստը, որ Արցախը դեռ խորհրդային վերջին տարիներից և մինչ օրս Հայաստան պետության մաս է, ԽՍՀՄ-ից անկախացել է Հայաստանի հետ միասին, այնտեղ բնակվում են ՀՀ քաղաքացիներ, որոնց պաշտպանում են ՀՀ զինված ուժերը և որտեղ շրջանառվում է հայկական տարադրամը:

Նրա կարծիքով՝ իրական խնդիրը վաղուց կայացած այդ միացմանը հակասող այն իրավական ակտերի և մյուս հանգամանքների վերացումն է, որոնք կուտակվել են տարիների ընթացքում` Արցախը Հայաստանից անջատելու կամ անջատ ներկայացնելու դավադիր քաղաքականության պատճառով: Եվ դրանցից առաջինն ու գլխավորը արցախաբնակ ՀՀ քաղաքացիների Հայաստանի համապետական իշխանության մարմինների ընտրությանը մասնակցելու սահմանադրական իրավունքի վերականգնումն է:

Արմեն Աղայանը նշեց, որ այդ, ինչպես նաև միացմանը հակասող մի շարք երկրորդական հանգամանքների վերացումը կարելի է իրականացնել շատ անաղմուկ, բնական ընթացքով, ինչին ըստ էության չեն կարող առարկել միջնորդները և միջազգային հանրությունը: Այնինչ նոր հանրաքվեի կազմակերպումը «երկու սուբյեկտների քաղաքացիների» մասնակցությամբ կամ երկու պետության միավորման նոր համատեղ հռչակումը կօրինականացնի մինչ այդ Արցախը Հայաստանից անջատելու հակազգային ընթացքը, իսկ համանախագահների կողմից կարող է նաև ընկալվել որպես հարված իրենց հեղինակությանը, բանակցությունները տապալելու փորձ, ինչը հիմնավոր կդարձնի Բաքվի պատերազմով հարց լուծելու իրավունքը և կթուլացնի մեր դիրքերը թե այդ պատերազմում, թե հետագա բանակցությունների ընթացքում:

Նրա համոզմամբ՝ առանց նոր հնչեղ իրավական ակտերի, պաշտոնական դիրքորոշման փոփոխումը հոգուտ Արցախը ՀՀ պետական տարածքի մաս ճանաչելուն նկատելի կարևոր ազդակ կհանդիսանա մեր հանրության համար, կնպաստի ազատագրված տարածքների բնակեցմանը, վերջ կդնի հայաստանցի-ղարաբաղցի բաժանումներին և, ի վերջո, կամրագրի Արցախը Հայաստանի մասը լինելու տասնամյակների իրողությունը:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանի ներկայացրած տեսակետը հիմնվում էր ազգի կյանքի իրավունք-Հայրենիքի իրավունք-պետականության իրավունք-ինքնապաշտպանության իրավունք տրամաբանության վրա:

Ըստ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մոտեցումները ներկայացնող Գարեգին Չուգասզյանի, Արցախի միացման հարցի լուծումը պետք է տեղի ունենա հայկական իրավազորության տակ գտնվող տարածքի, այն է՝ ներկայիս ՀՀ և Արցախի միասնական տարածքի, վրա միասնական հանրաքվեի միջոցով Նոր Հանրապետություն հիմնադրելու համատեքստում: Հետագա քննարկման ընթացքում նա ընդունելի համարեց, որ Նոր Հանրապետության հիմնադրման գործընթացը կարող է կազմակերպվել Արցախը ՀՀ կազմում ներառելու միջոցով, ինչին համապատասխան պետք է ձևակերպվի/ձևակերպվեն նաև հանրաքվեի հարցը/հարցերը:

Նրա ներկայացրած տեսակետի համաձայն՝ Նոր Հանրապետությունը պետք է դառնա 1-ին Հանրապետության ընդհատված ընթացքի շարունակողը՝ տեր կանգնելով միջազգային իրավունքով ամրագրված Հայրենիքի և պետականության անօտարելի իրավունքներին՝ գլխավորապես հիմք ընդունելով 1920 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովի (ներառյալ՝ ի կատարումն դրա որոշման՝ Հայաստանի սահմանները որոշող 24-ը փետրվարի 1920 թ. զեկույց-առաջարկի) և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգին՝ զուգահեռաբար ղեկավարվելով միջազգային իրավունքով ճանաչված ինքնապաշտպանության բնական իրավունքով՝ ձգտելով հասնել իր գոյության համար բավարար բնագծերին, որոնք առաջին փուլում Կուր-Արաքսյան բնական սահմաններն են:

Գարեգին Չուգասզյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Նոր Հանրապետությունը պետք է համապատասխանաբար անվավեր և չեղյալ ճանաչի մեր Հայրենիքի և պետականության իրավունքը մերժող և/կամ սահմանափակող, միջազգային իրավունքին հակասող բոլոր ակտերը, այդ թվում՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:

Սեմինար- քննարկման զեկուցողները և մասնակիցները ողջունեցին սեմինար-քննարկման նախաձեռնությունը և ցանկություն հայտնեցին, որ նման քննարկումները լինեն շարունակական՝ Արցախի միացման լավագույն իրավաքաղաքական լուծումը գտնելու նպատակով, ինչպես նաև միացման գաղափարով ամբողջ հասարակությանը տոգորելու գործին զգալի չափով նպաստելու համար:

 

Մեկնաբանություններ