Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (2018 թ. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ)
November 23, 2018     (2705 դիտւմ)

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը երկար տարիների քաղաքական և քաղաքացիական պայքարի ու գործունեության (Սարդարապատ շարժում, Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, Սասնա Ծռերի ապստամբություն) ժառանգորդն է։

 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես Անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար։

 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը որպես նախընտրական ծրագիր ներկայացնում է իր ծրագրի այն մասը, որը, որպես Անցումային ծրագիր, ներկայումս ընտրվող Ազգային ժողովն ի վիճակի է կատարելու։

 

 

  1. Իրավունք և արդարություն

 

Ժամանակն է

  1. Ի դեմս նորընտիր Ազգային ժողովի՝ պետության անունից իրավաքաղաքական գնահատական տալու նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեությանը, արձանագրելու դրա ծանր հետևանքները և ապահովելու Անցումային արդարադատության իրականացումը:
  2. Հրապարակավ ճանաչելու ապստամբության բնական իրավունքը, իսկ ապստամբներին անպարտ ճանաչելու օրենքի առաջ։
  3. Կատարելու գործակալական, տնտեսական և քաղաքական լյուստրացիա (գաղտնազերծում) և ըստ դրա արդյունքների համապատասխան անձանց զրկելու պետական ու տեղական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, պատասխանատվության ենթարկելու երկիրը կեղեքած և թալանած անձանց, ինչպես նաև ժողովրդին և պետությանը վերադարձնելու թալանված հարստությունը:
  4. Վերանայելու կամ չեղյալ համարելու անիրավ կամ մասնավոր շահերից բխող օրենքները, որոնք նաև վերածվել են ժողովրդի կեղեքման գործիքի (պարտադիր կենսաթոշակային, կարմիր գծեր, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բարձր տուգանքներ և տույժեր և այլն):
  5. Իրականացնելու լայն համաներում:
  6. Վերանայելու բոլոր քրեական գործերը, որոնք վերաբերվում են ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների, ինչպես նաև քաղբանտարկյալների գործերը:
  7. Ստուգելու 2016 ապրիլի 2-5-ի ժամանակահատվածում տեղի ունեցած հակառակորդի հարձակմանը նպաստած հանգամանքները և դրա մեջ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հնարավոր մեղավորությունը:
  8. Մշակելու և ընդունելու նոր Սահմանադրություն, դրա հիման վրա՝ նոր Ընտրական օրենսգիրք և Կուսակցությունների մասին նոր օրենք:

 

  1. Պետական կառավարում և կադրային քաղաքականություն

 

          Ժամանակն է

  1. Ձևավորելու օպտիմալ և արդյունավետ պետական կառավարման համակարգ, մասնավորապես՝ կրճատելու ոստիկանությունը և դրա հաշվին մեծացնելու Զինված ուժերն ու Սահմանապահ զորքերը:
  2. Հրաժարվելու միայն յուրային կուսակցության կադրերին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատու պաշտոնների նշանակելու գործելակերպից և դրա փոխարեն լավագույն կադրերին ամբողջ ազգի ներկայացուցիչներից ընտրելու նպատակով ձևավորելու Կադրերի ազգային շտեմարան, առաջին հերթին՝ պետական կառավարման միջին օղակից, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, փորձագիտական հանրության շրջանակներից և Սփյուռքի բարձրակարգ մասնագետներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտվելու արտերկրյա բարձրակարգ մասնագետների ծառայություններից:

 

III. Սոցիալ-տնտեսական զարգացում

 

          Գերակայություններ

Ժամանակն է

  1. Մեկնարկելու գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցներ ձեռնարկելու այդ համատեքստում համաշխարհային զարգացումներին մասնակից դառնալու համար:
  2. Քայլեր ձեռնարկելու համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար, այդ թվում.
  • պետության աջակցությամբ և արտերկրահայության ներգրավմամբ ստեղծելու էլեկտրոնային առևտրի (e-commerce) հարթակներ,
  • պետության աջակցությամբ ստեղծելու կրիպտոտնտեսության (բլոքչեյն տնտեսության) հարթակներ,
  • հիմնելու բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակներ,
  • առկա կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ մեկնարկելու Հայաստանը տեխնոլոգիական տրանսֆերի տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագիր,
  • քայլեր ձեռնարկելու կրթության համակարգը 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին համապատասխանեցնելու համար,
  • օրենսդրությունը համապատասխանեցնելու 4-րդ արդյունաբերական հեղափոխության պահանջներին:

Ռեսուրսային ապահովում

Ժամանակն է

  1. Ստեղծելու ազգային ներդրումային հիմնադրամ (ԱՆՀ), որի միջոցները սկզբնական շրջանում կգոյանան տնտեսական լյուստրացիայի շնորհիվ՝ նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից ՀՀ-ից գողացված կապիտալը վերադարձնելու ճանապարհով:
  2. Հայաստանի Հանրապետություն հրավիրելու հայազգի հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների սեփականատերերին, ՀՀ-ում նրանց ապրանքային նշաններով (բրենդ) արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար:
  3. Ընդլայնելու պետական աջակցությամբ նորարարության զարգացման դրամաշնորհային ծրագրերը:
  4. Հիմնելու «Համահայկական ներդրումային զարգացման բանկ» (ՀՆԶԲ), դրա կանոնադրական կապիտալում ներգրավելով Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց և ՀՆԶԲ-ի գործունեությամբ մրցակցային նոր իրավիճակ ձևավորելու միջոցով նպաստել վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը:
  5. Ընդունելու ՀՀ գնումների մասին նոր օրենք՝ ամբողջությամբ փոխելով պետական գնումներին մասնակցող կազմակերպություններին հաղթող ճանաչելու սկզբունքները:

Ենթակառուցվածքային և տարածքային զարգացում

Ժամանակն է

  1. Մեկնարկելու ռազմավարական ենթակառուցվածքների և օբյեկտների նկատմամբ ազգային վերահսկողություն հաստատելու գործընթաց:
  2. Կառուցելու Իրան-Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար:
  3. Լայնածավալ մասշտաբներով ձեռնամուխ լինելու հողմային և արևային էլեկտրակայանների ստեղծմանը:
  4. Պետական մասնակցությամբ ստեղծելու բյուջետային ազգային ավիափոխադրող:
  5. Իրականացնելու հանքավայրերի ստուգաչափական իրական մշտադիտարկում և քարտեզագրում:
  6. Ուսումնասիրելու ՀՀ-ում գործող հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը:
  7. Պետության մասնակցությամբ ստեղծելու գյուղմթերքի մթերումը և վերամշակումը երաշխավորող մեխանիզմներ:
  8. Ներդնելու գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ:
  9. Ներդնելու ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված (ծրագրավորված) կիրառման ծրագիր, իսկ մինչ այդ համաներելու ջրօգտագործման վճարների պարտքերի գումարները և նվազեցնելու դրանց սակագները:
  10. Հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու և սուբսիդավորելու գյուղացիական տնտեսություններին, այդ թվում՝ ստեղծելով գյուղտեխնիկայի միջհամայնքնային պարկեր:
  11. Ներդրումային նպատակային ծրագրերի միջոցով ՀՀ տարածքում՝ այդ թվում Արցախում, հիմնելու էքստրեմալ, արշավային (hiking) և մշակութային խոշոր տուրիստական կենտրոններ:
  12. Իրականացնելու տարածքների համաչափ զարգացման ազգային արդյունավետ ծրագիր:
  13. Մեկնարկելու ազատագրված և սահմանամերձ տարածքների վերաբնակեցման, տնտեսության ու կրթամշակութային կառույցների զարգացման խթանման, կյանքի կազմակերպման նոր ձևերի (կանաչ տնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն) սաղմերի (մոդելների) փորձարկման ու ներդրման և այլ անհրաժեշտ ուղղությունները ներառող ծրագիր:

Հարկային քաղաքականություն

Ժամանակն է

  1. Վարելու ներդրումները և ռազմավարական ծրագրերը խթանող հարկային քաղաքականություն:
  2. ՏՏ ոլորտում կիրառելու արտոնյալ հարկային քաղաքականություն, հնարավոր համարելով նաև ոլորտը հարկերից ամբողջությամբ ազատելու տարբերակը:
  3. Դիտարկելու փոքր և միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու հարցը:

Սոցիալական քաղաքականություն

Ժամանակն է

  1. Վերացնելու առողջապահության պետպատվերային և սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնելու էլեկտրոնային վճարման միասնական համակարգ:
  2. Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնելու արհմիությունները:
  3. Ըստ իրական պահանջների վերահաշվարկելու նվազագույն սպառողական զամբյուղը:
  4. Մշակելու և իրականացնելու ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:
  5. Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնելու սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:
  6. Ապահովելու սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը:
  7. Վերանայելու պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի:
  8. Մշակելու ոչ պետական հատվածում աշխատողների արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձի ձևավորման պետական միջոցառումների ծրագիր և մեկնարկելու դրա իրագործումը:
  9. Սահմանելու արժանավայել սոցիալական ապահովություն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված անձանց ընտանիքների անդամների և հաշմանդամություն ստացած անձանց ու նրանց ընտանիքների անդամների համար:
  10. Մշակելու և իրագործելու ծնելիության խրախուսման և մայրության ու մանկության խնամքի ծրագիր, այդ թվում՝ բազմապատիկ մեծացնելու ոլորտում առկա ֆինանսական աջակցությունը:
  11. Իրագործելու սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ բնակարանների անհատույց օգտագործման իրավունքով:
  12. Բանակցություններ սկսելու առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ չմարված վարկերի տույժերի և տուգանքների համաներման նպատակով:
  13. Նվազեցման նպատակով վերանայելու գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման սակագները:

 

  1. Անվտանգություն և պաշտպանություն

 

Ժամանակն է

  1. Մեկնարկելու ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ստեղծման ծրագիր և դրա ձևավորման տրամաբանությամբ առաջին շրջանում անհապաղ կերպով իրականացնելու պաշտպանության ամրապնդման կազմակերպական, տնտեսական, իրավական, սոցիալական և այլ միջոցառումներ, այդ թվում.
  • բարձրագույն և միջին հրամանատարական կազմի կադրային փոփոխությունների միջոցով ապահովել Զինված Ուժերի կառավարման արդյունավետ մակարդակ,
  • պետության ձեռքում կենտրոնացնել բավարար նյութական միջոցներ՝ սպառազինություն ու ռազմական տեխնիկա ձեռք բերելու և պաշտպանական արդյունաբերության անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու համար,
  • միջոցներ ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքներ ստեղծելու համար,
  • արմատապես վերանայել հակառակորդի հետ շփման գծի պաշտպանության ներկայիս համակարգը (մասնավորապես՝ զորակոչիկների փոխարեն ներգրավելով արհեստավարժ անձնակազմ, ինչպես նաև կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկա):
  1. Մեկնարկելու Սահմանապահ զորքերը պաշտպանական համակարգում ինտեգրելու և սահմանապահ գործառույթը պաշտպանական համակարգի ուժերով ու միջոցներով իրականացնելու ծրագիր, քանի որ Հայաստանը չունի ռազմավարական խորություն:
  2. Ըստ պաշտպանության համար անհրաժեշտ չափանիշների որոշելու սահմանային պաշտպանական գոտին և դրանում ձևավորելու ԶՈՒ համապատասխան զորամիավորումների հրամանատարության ներքո գործող տարածքային պաշտպանության ուժեր՝ ներգրավելով այդ գոտու բնակիչներին և նրանց հատկացնելով զենք ու զինամթերք:
  3. Արմատապես վերանայելու անվտանգության մարմինների համակարգը՝ ստեղծելով միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ՝ քաղաքական-վերլուծական հետախուզություն, արտաքին հետախուզություն, պաշտպանական հետախուզություն, ներքին անվտանգություն և հակահետախուզություն, օպերատիվ-քրեական հետախուզություն։

 

 

  1. Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, Հայրենիք-Սփյուռք

 

Ժամանակն է

  1. Որդեգրելու Փարիզի 1920 թ. Վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացնելու և այդպիսով Նոր Հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն՝ զուգահեռաբար անվավեր և չեղյալ ճանաչելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:
  2. Ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի և Իրանի հետ, որակապես նոր մակարդակի հասցնելու հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև այս ամենի համատեքստում վերանայելու Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա:
  3. Հնարավորություն տալու արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու և ընտրվելու իրավունքով մասնակցելու ՀՀ ընտրություններին:
  4. Օրենսդրական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային բարենպաստ պայմաններ ստեղծելու հայրենադարձների համար:

Մեկնաբանություններ