Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Վարուժան Ավետիսյանի ելույթը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին
October 2, 2018     (478 դիտւմ)

Ազգային պետություն, առաքելություն և հայրենատիրություն

Հայության լույսը բացվելու ժամանակն է:

Ժամանակն է վերաստանձնելու հայության համամարդկային առաքելությունը, որ բխում է Սասնա Ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից:

Ամեն բան, այդ թվում՝ ազգը, կորցնում է ամեն ինչ և, ինքն էլ ի վերջո կորչում է, եթե հետամուտ չի լինում իր առաքելությանը: Մենք ևս շեղվել ենք մեր առաքելությունից, և դա է այն ամենի պատճառը, ինչ պատահեց և մինչ օրս տեղի է ունենում մեզ հետ:

Մնացյալը հետևանքների շղթայի օղակներ են:

Ուստի հայության կամ, այլ կերպ ասած՝ Արարատյան մարդու այդ համամարդկային առաքելությունը վերաստանձնելն է այն ամենամեծ հարցի լուծումը, որի համատեքստում և որի լուծման ուղու վրա են լուծվելու բոլոր մյուս հարցերը:

Որպեսզի հայությունը կարողանա վերաստանձնել արարչության լույսը տարածելու և արդարություն հաստատելու իր առաքելությունը, նա պետք է ունենա բավարար տարածք, մեկտեղված լինի դրա համար բավարար քանակով և ունենա ազատորեն ու ստեղծագործաբար արարելու, ազգային իղձերն ու մարդկային երջանկությունը երաշխավորելու ունակ ինքնակառավարման համակարգ:

Այդ ինքնակառավարման համակարգի կորիզն ու միջուկը ազգային պետությունն է, որի շուրջը պետք է համախմբվի համայն հայությունը՝ որպես միասնական ցանցային աշխարհ:

Ազգային պետություն, որի միջոցով միայն մենք կարող ենք կատարել մեր արարչական գործառույթը և իրագործել մեր առաքելությունը:

Ազգային պետություն, որի միջոցով միայն հայությունը կարող է զորաշարժել իր բովանդակ ներուժը և վերաամբողջացնել իր արաչագործության տարածքը՝ Հայկական բարձրավանդակը, առնվազն իր գերակշիռ մասով վերահաստատվել իր Հայրենիքում և գեներացնել այնպիսի արդյունավետություն, որի միջոցով կարող ենք վերագտնել յուրաքանչյուրիս և բոլորիս կյանքի իմաստը, ապահովել յուրաքանչյուրիս ու բոլորիս լիարժեք ինքնադրսևորումը և հասանելի դարձնել երջանկության արարչաշնորհ բաղձանքի կատարումը:

Առաջին քայլը, որ պետք է կատարենք կենաց երջանկության այս ուղու վրա, մեր մտածողության փոփոխությունն է:

Մտածողության փոփոխություն, որ մենք ենք մեր գլխի ու երկրի տերը: Որ մենք պետք է ստեղծենք և կարող ենք ստեղծել ազգային պետություն, ինքնակազմակերպվել և սկսել վերելքի ուղին:

Տոգորվել վճռական մենակի հոգեբանությամբ և գործել ըստ այդմ:

Երբ այդպես անենք, կհասկանանք ու կտեսնենք, որ վճռական մենակի կողքին մշտապես ներկա է Բարձրյալի աջը, իսկ այդ բնական զորության հետ լինելու շահի մղումով դրդված դաշնակիցներն իրար հերթ չեն տալիս նրա ձեռքը սեղմելու և իրենց աջակցությունն առաջարկելու համար:

Մտածողության փոփոխություն՝ նախ գնահատելու համար այն վիճակը, որի մեջ գտնվում ենք:

Գիտակցություն, որ գաղութացված ենք, ուստի պետք է նախ ազատագրվենք:

Առաջին հերթին ազատագրվենք այսպես կոչված 3-րդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգից, որի բուն իմաստն ու նպատակն է՝ սպասարկել 1920-1921 թ.թ. ռուս-թուրքական զավթիչ դաշինքի գործողություններով ձևավորված տարածաշրջանային ճարտարա-պետությունն ու դրա երաշխավոր ռուսական գաղութատիրությունը, ինչպես նաև մեր գլխին դրած պահել հանուն անձնական ու կլանային շահերի ազգային շահը վաճառող դավաճանական քաղաքական դասին, որ հայանուն է, բայց հայ չէ, առհասարակ չունի որևէ ազգություն ու Հայրենիք:

Մտածողական և կամային հաղթահարում, որի մեկնարկը պետք է լինի ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի հաղթահարումը: Ըմբռնում և փրկարար որոշում, որ հարյուրամյակներով չափվող ժամանակաշրջանի մեջ սպիտակ ցեղասպանությունը չի կարող գերադասելի լինել կարմիր ցեղասպանությունից: Որ երկուսն էլ նույն արդյունքն են ունենում, ուստի չարյաց փոքրագույնի, թուրքական յաթաղանի փոխարեն ռուսական սապոգի՝ իբրև թե իմաստուն երկընտրանքն ընդամենը մահվան ժամանակի և մեթոդի ընտրություն է:

Այո, մենք մերժում ենք ներկայիս հայկական պետականությունը որպես ռուսթուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Խորհրդային Հայաստանի ժառանգորդ համարող՝ այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, ինչպես նաև դրա իրագործումից բխող՝ իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատող հանցավոր ու կործանարար մոտեցումները:

Դրանց փոխարեն մենք որդեգրում ենք ազգային առաքելությանը միտված, Հայրենիքի վերատիրացմանը հետամուտ և 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ:

Այս նոր հայեցակարգի իրագործումն արդեն սկիզբ է առել Արցախի փաստացի ազատագրմամբ ու 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած համազգային ընդվզման միջոցով գաղութային վարչակազմի գործադիր բաղադրիչի հեռացմամբ և պետք է ծրագրման համար տեսանելի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներում զուգահեռաբար շարունակվի հետևյալ չորս հիմնական ուղղություններով.

Ա. Հիմնադրել Նոր Հանրապետություն՝ համայն հայության կամքն արտահայտելու հնարավորություն ունեցող ՀՀաբնակ և Արցախաբնակ հայության, ինչպես նաև ՀՀ ոչ հայ քաղաքացիների՝ որպես իրավունքի ամբողջական ու միասնական կոլեկտիվ սուբյեկտի, կամաարտահայտությամբ (հանրաքվեի միջոցով) ներկայիս ՀՀ պաշտոնական տարածքի և Արցախի սահմանադրական տարածքի վրա:

Բ. Մեկնարկել միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա Հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման և ռուսական գաղութատիրությունից ազատագրման իրավաքաղաքական գործընթաց:

Գ. Առաջադրել Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքների վրա միջազգային իրավունքին համապատասխան Նոր Հանրապետության իրավազորության հաստատումը՝ որպես այս գործընթացի հերթական քայլ և ձեռնամուխ լինել դրա իրականացմանը, ինչի շնորհիվ Նոր Հանրապետությունն այդ ամբողջ տարածքի վրա իր սահմանների առումով ձևավորվի որպես ԿուրԱրաքսյան Հանրապետություն:

Դ. Իրականացնել համակարգային փոփոխություններ (հիմնվելով ազգային մշակույթի վրա և ստեղծագործաբար ներառելով միջազգային անհրաժեշտ փորձը), այդ թվում՝ համաժողովրդական մասնակցության և քննարկման ձևաչափով ընդունել նոր Սահմանադրություն:

Համակարգային փոփոխությունները պետք է ստեղծեն նոր որակի կենսակերպ և կյանքի նոր որակ, ներդաշնակ մարդ, իրավատեր, ազատ ու ստեղծագործ հայ և քաղաքացի, ուղիղ ժողովրդավարության գերակայության վրա հիմնված արդյունավետ կառավարում, համերաշխ ու համագործակցային հասարակություն, արտերկրահայության մեծ հայրենադարձության և պետության կյանքում նրա հնարավորինս լիարժեք մասնակցության գործուն մեխանիզմներ, ծնելիության շեշտակի աճման պայմաններ ու նախադրյալներ, հայության անվտանգային-պաշտպանական բովանդակ զորությունը համախմբող ու կիրառող «Ազգբանակ» կազմակերպվածք, անկախ դատական համակարգ՝ երդվյալ ատենակալների դատարանի բաղադրիչով և դատավորների ժողովրդական ընտրության սկզբունքով:

Համակարգային փոփոխությունները պետք է ստեղծեն այնպիսի տնտեսություն, որը հիմնված է տնտեսական շահի նկատմամբ բնապահպանական շահի գերակայության սկզբունքի վրա և, ազատ ու մրցակցային լինելով հանդերձ, ապահովում է տնտեսական պաշարների և ստեղծվող հարստության արդար ու օրինական բաշխումը, դրանց՝ ներդաշնակ համամասնությամբ բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման և ազգի ու պետության անվտանգության համար օգտագործումը, տնտեսական զարգացման ստեղծագործ միջավայրի ձևավորումը, պաշտպանում է սեփականության իրավունքը, միևնույն ժամանակ՝ ազգային վերահսկողության տակ է առնում ռազմավարական ոլորտները՝ ըստ ազգային անվտանգության և տնտեսվարողների շահերի միջև ցանկալի համադրության պահանջի կիրառելով բաժնեմասերի հսկիչ փաթեթը պետության ձեռքում պահելու կամ այլ հնարավոր մեխանիզմներ:

Միայն այդպիսի տնտեսության միջոցով հնարավոր կլինի վերականգնել խաթարված էկոհամակարգերը և մարդհասարակությունբնություն ներդաշնակ կապը, Հայաստանը վերածել արդի և ապագայի տեխնոլոգիաների, մասնավորապես՝ «կանաչ տնտեսության» և կենսակերպի այլ նոր մոդելների մշակման ու տարածման, ինչպես նաև դրանց փոխառման, կերպափոխման և փոխանցման կենտրոնի:

Համակարգային փոփոխությունների շնորհիվ Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում իր ուրույն տեղն ու դերն ունեցող ստեղծագործ սուբյեկտ:

Դրա համար նա պետք է նաև արմատապես վերանայի իր արտաքին հարաբերությունների համակարգը:

Առաջնահերթորեն հարկավոր է ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատել ԱՄՆի և Իրանի հետ, որակապես նոր մակարդակի հասցնել հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Ուկրաինայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև այս ամենի համատեքստում վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա:

Հայությունը պարտավոր է և կարող է վերաստանձնել իր առաքելությունը, վերատիրանալ իր Հայրենիքին և շարունակել Հավերժի ճամփորդի իր վերելքը, եթե մեզանից յուրաքանչյուրը և բոլորս միասին անենք առնվազն երկու բան՝ ամեն ինչում գերակա համարենք մեր առաքելությունը և, ինչպես ավանդել է Մեծն Կոմիտասը՝ սիրենք, շատ սիրենք միմյանց:

Բարի երթ քեզ, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն և վերածնվող ժողովուրդ Հայոց:

Մեկնաբանություններ