Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Վարուժան Ավետիսյանի երեկվա ելույթի ամբողջական տեքստը
<
>
May 17, 2018     (1212 դիտւմ)

Նախ բոլորիս ուզում եմ հիշեցնել, որ մեր անվանադիր նախնին՝ Հայկ Նահապետը, ապստամբ է եղել, և մենք որպես քաղաքական ազգ ձևավորվել ենք ապստամբության շնորհիվ և ապստամբության միջոցով։ Եվ մեր բոլոր գոյութենական մարտահրավերները հաղթահարել ենք սարդարապատային բնույթի ընդվզումներով։ Վերջինը տեղի ունեցավ, փառք աստծո, խաղաղ ձևով, բայց դա նույնպես մի քաղաքացիական սարդարապատ էր։ Անշուշտ, հեղափոխությունը չի ավարտվել,  ընթացքի մեջ է, անշուշտ, որ իշխանափախությունը նույնիսկ չի ավարտվել, և ժողովրդին հանգստացնելու բոլոր կոչերը, եթե դիտավորյալ կերպով չեն արվում, ապա անհեռատեսություն են։ Ժողովուրդը պետք է շարունակի ընթացքը մինչև ոչ միայն իշխանափոխությունը, այլև հեղափոխությունը ամբողջությամբ ավարտին հասցնելու համար։ Ապստամբության իրավունքը ինքնապաշտպանական իրավունքի օրգանական բաղադրիչ է և ինքնապաշտպանության իրավունքի պսակն է։ Ապստամբության իրավունքը ցանկացած պետության, եթե առողջ պետության մասին ենք խոսում, ցանկացած հասարակության, եթե առողջ հասարակության մասին ենք խոսում, առհասարակ մարդկային հարաբերությունների ցանկացած համակարգի մեջ ընդվզման իրավունքը ամենաանհրաժեշտ պայմանն է հենց այդ ամենի՝ հասարակության, պետության, մարդկային հարաբերությունների, հասարակական հարաբերությունների առողջության։ Դա դիմադրության կոդն է։ Առանց դրա գոյություն չունի ընդհանրապես որևէ մարդկային առողջ համակարգ։ Երբ խախտվում է  հաշվեկշիռը, բնականաբար առաջանում է ապստամբության իրավունքը իրացնելու կենսական անհրաժեշտություն։ Ապստամբության իրավունքի իրավաչափությունը կարող է դիտարկվել միայն դրա սահմանազանցման հետ այդ իրավունքի իրացման գործողությունների համադրմամբ, այսինքն՝ հաշվի առնելով, որ զինված ապստամբությունը սկսվելու պահից արդեն ռազմական գործողություն է, ապստամբական գործողությունների իրավաչափությունը կարող է և պետք է դիտարկվել բացառապես ռազմական գործողությունների, զինված հակամարտությունների իրավունքի շրջանակներում, այսինքն՝ ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի և զինված հակամարտության իրավունքի խաչմերուկում։ Եթե կողմերը, տվյալ դեպքում ապստամբները, չեն կատարել որևէ ռազմական պատերազմական հանցագործություն՝ գերիների հետ վատ վարվել, ստորացնել, սոված պահել, սպանել, կողմ չհանդիսացողների նկատմամբ զենք կիրառել և այլն, և այլն, ապա ապստամբները ամբողջությամբ մնում են ապստամբության իրավունքի տրամաբանության և բովանդակության մեջ և  անպարտ են օրենքի և դատարանի առաջ։

Հիմա առաջին հարցը, որ պետք էր պարզել. կա՞ր Հայաստանում ապստամբության հիմք և շարժառիթներ, թե՞ ոչ, մեր ժողովուրդը պատասխանել է։ Հայտնի սոցիոլոգիական հարցումներով մեր ժողովրդի 99,1%-ը արտահայտվել է տեղի ունեցող հեղափոխությանը,  այս փոփոխության պրոցեսներին, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը զավթած, պետությունը զավթած՝ որպես հետևանք և հետագա շարունակությունը այդ գործընթացի, պետական կառավարման համակարգը, հանցավոր համագործակցությունը յուրացրել էր իշխանությունը, զավթել  պետությունը և այն վերածել իր հանցագործությունների գործիքի։ Բնականաբար, այդ համագործակցությանն էին արդեն ծառայեցվում և՛ իրավապահ մարդմինները, և՛ դատարանը, և՛ պետական մյուս ինստիտուտներն ու ենթահամակարգերը։ Եվ այս իրավիճակում, ասացի արդեն, որ ժողովուրդը նաև իր խաղաղ ապստամբության միջոցով, որը նույնպես ապստամբություն է, զենքը ընդամենը միջոց է, զենքով թե առանց զենքի՝ միևնույն է, ապստամբությունը ապստամբություն է, ժողովուրդը ապացուցեց ի լուր աշխարհի, ի տես ամենքի հաստատեց, որ, այո, եղել է իշխանության յուրացում, եղել է պետությունը զավթելու և այն հանցագործների գործիք դարձնելու իրողություն և այդ իրողությունը հիմա փոփոխվում է։ Առաջին հարցի պատասխանն ակնհայտ է՝ հիմք և շարժառիթներ միանշանակ եղել են։ Հավելենք նաև, որ մեր պարագայում եղել է նաև ուղղակի ազգի գոյության, պետության գոյության, հայրենիք ունենալու, գոյութենական սպառնալիքի հաղթահարման կենսական անհրաժեշտություն։ Եթե Սասնա Ծռերի ապստամբությունը չվիժեցներ պայմանավորված պատերազմի միջոցով Հայրենիք հանձնելու լավրովյան պլանը, որի տակ ստորագրելու մասին կամ որին համաձայնություն տված լինելու մասին բազմիցս հանցավոր համագործակցության պարագլուխ Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստովանել է, ապա պետք է հավելենք նաև ևս, այստեղ ունենք մեր պարագայում, որ թե զուտ ապստամբության պարագայում, այլ մեր պարագայում մենք ունենք նաև ապստամբության ևս մեկ հիմք և շարժառիթ, որը արդեն ոչ միայն պարզապես մեր քաղաքական, քաղաքացիական, տնտեսական և այլ իրավունքների ոտնահարումից ազատագրվելու խնդիր էր, այլ ուղղակի ֆիզիկապես լինել-չլինելու, պետություն ունենալ-չունենալու և եղեռնի հերթական սարսափներից ուղղակի խուսափելու կենսական անհրաժեշտություն էր։ Այսինքն՝ հիմքերը և շարժառիթները ակնհայտ են։

Երկրորդը՝ եղե՞լ են, արդյոք, ռազմական  զինված հակամարտությունների իրավունքի խախտման դեպքեր։ Դա, բնականաբար, վերջնականորեն պետք է պարզի ժողովրդի վստահությունը վայելող արդար դատարանը, այլ ոչ թե ռեժիմի ենթակայության տակ գործած, հանցավոր համագործակցության ենթակայության տակ գործած դատախազներից և դատավորներից բաղկացած պետական մեղադրողները և դատավորները, ի դեպ, այստեղ առաջ անցնելով ասեմ, պարոն Մակեյան, որ եթե դուք այսօր կայացնեք ճիշտ, արդարացի որոշում ի հաստատումն ապստամբության իրավունքի, ապա այդ դեպքում դուք ձեզ կզատեք այս անցյալից և հնարավորություն կունենաք, ձեր ցանկության դեպքում, իհարկե, հետագայում մաս կազմել ժողովրդի վստահությունը վայելող այդ դատարանի։ Սա Ձեր ընտրությունն է, Դուք պետք է ընտրեք։ Մինչ այդ, մինչ այդպիսի դատարանի ձևավորումը, մինչ մեղադրանքի վերանայումը ասածս խաչմերուկում, այսինքն՝ ապստամբության, ինքնապաշտպանության իրավունքի՝ մի կողմից և զինված հակամարտությունների իրավունքի՝ մյուս կողմից, սահմանազանցման առումով, մինչ այդ վերանայմամբ մեղադրանքի ներկայացումը, եթե պետությունը այդպիսի դիտակետից նայելով կտեսնի, որ այնուամենայնիվ կան քննելու հարցեր, անիմաստ է խոսել այս դատական պրոցեսը շարունակելու մասին, որովհետև սա հանցավոր համագործակցության հաշվեհարդարի շարունակությունն է, այլ ոչ դատավարություն։

Խտրականության մասին: Մենք հիմա, ես իմ առաջին կարճ խոսքում ասացի, որ ակնհայտ է խտրականությունը։ Մենք չենք կարող խոսել համերաշխության մասին, չենք կարող խոսել արդարության, արդար դատաքննության մասին, նույնիսկ եթե լինի ժողովրդի վստահությունը վայելող դատարան, եթե մենք և այն հայրենիքի դավաճաններն ու ոճրագործները, որ այսօր պալատներում են ապրում, նույն հավասար պայմաններում չենք գտնվում։ Կամ՝ մենք նույնպես պետք է լինենք ազատության մեջ, կամ՝ նրանք նույնպես պետք է լինեն անազատության մեջ։ Հակառակ պարագայում սա նշանակում է, որ ապստամբության իրավունքի իրացման համար և դրա միջոցով ազատագրության ճանապարհը բացած մարտիկները, ես սա չեմ ասում ինքնագովության համար, ուղղակի ցավալի է, որ հիմա ես եմ դա ասում, ես կարծում եմ, որ մեր մտավոր դասը և իրավապաշտպան ու իրավաբանական հանրությունները պետք է շատ ավելի կոշտ և միանշանակ վերաբերմունք ունենան սրան, այնուամենայնիվ կան կարծիքներ ու տեսակետներ, հասկանալի է, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը այս տեսակետին է, դա՛ է մեր ուժը, մեր հավատն ու հույսը և ամեն ինչը, բայց թողնելով սա, ուրեմն եթե կլինի այդ խտրական վիճակը, սա նույնպես չի կարելի համարել, որ տեղի է ունենում արդարադատություն, ընդ որում, խոսքը վերաբերում է Սասնա Ծռեր ապստամբական խմբավորման բոլոր անդամներին։ Կրկնում եմ՝ բոլորին։
Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե գիտեք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ, մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով դա նկատի ունենանք՝ այդ հանգամանքը, և այլն, և այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին, այսինքն՝ բնական և արարչատուր իրավունքին։ Սրանք միջոցներ են, մեթոդներ են, ձևեր են ժողովրդի ընդվզման, հեղափոխության շարունակությունը կասեցնելու և համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով։ Եթե կան մոլորյալներ, հասկանալի է, այդ մասով հարգելի է, բայց դա էլ պետք է չլինի, որովհետև այն ազգը, որը մերժում է ապստամբության իրավունքը և ուրանում է ապստամբերին, ցավոք սրտի դատապարտված է ցեղասպանության, պետականազրկման և հայրենազրկման։

Մեր ժողովուրդը սա հասկանում է ու թույլ չի տալու, որ ռեժիմի մնացորդները և ինչ-ինչ պատճառներով ռեժիմի մնացորդների հետ առևտուր անելու միջոցով հեղափոխությունը զրոյացնելու նկատառում ունեցողները կարողանան պահել վիճակ և մեր երկիրը թաղված թողնել այս թրքաբոլշևիկյան գաղութատիրական համակարգի մեջ և խլել մեր ժողովրդից վերջապես ազատագրվելու շանսը։ Դա տեղի չի ունենալու:

Եվ այս ամենը ամփոփելով, էլի անդրադառնուլով համերաշխությանը, օրենքին, օրենքի տառը պահելուն և այլն, և այլն, մեկ անգամ ևս մի պարզ ճշմարտություն. նախ՝ որ հնարավոր չէ, գալուստսահակյանական ոճով, զինված ապստամբություն բարձրացնել և այնպես անել, որ դրա ժամանակ բացառվի որևէ մեկի զոհ գնալը, շատ ցավալի օրինակ է, և մարդկայնորեն ցավալի է, այո, և կարող է էթիկայի տեսակետից մի քիչ սուր ընկալվել, քանի որ, այնուամենայնիվ, անդառնալի բարձրագույն արժեքի՝ մարդու կյանքի մասին է խոսքը, բայց չմոռանանք, որ ռեժիմին ծառայող ոստիկանությունը, ոստիկանները այդ ռեժիմի զինված պահակներն են, և եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի այդ զինված պահակի դիմադրությունը և, բնականաբար, այդ ժամանակ կարող են նաև լինել զոհեր ինչպես՝ ապստամբների, այնպես էլ՝ ոստիկանների շրջանում։ Այդ ամենի մեղավորը հանցավոր համագործակցությունն է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և նրանք պետք է պատասխան տան այդ անձանց մահվան համար, այլ ոչ թե ապստամբները։ Ցավալի զոհերով հանդերձ, գործողությունները ամբողջությամբ տեղավորվում են ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի մեջ։ Սպեկուլյատիվ մոտեցում է, որ ասում են այսինչ ոստիկանը կրակել է, ապստամբները կրակել են, այդ ժամանակ եղել է ինքնապաշտպանություն, մնացած դեպքերը պետք է դիտարկել։ Ո՛չ, հարգելիներս, բռնապետությունը պերմանենտ բռնություն է ժողովրդի նկատմամբ, անընդհատ, 24 ժամ շարունակ, ամեն րոպե, ամեն վայրկյան մշտական բռնություն է։ Ինքնապաշտպանությունը այդ բռնությանը ցանկացած պահին հակադրվելու, յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու աստվածատուր և բնական իրավունքն է։ Կապ չունի տվյալ դեպքում՝ տվյալ ոստիկանը կրակում էր ապստամբի վրա, թե չէր կրակում։ Կրկնում եմ, սա չի նշանակում, որ ոստիկանական համազգեստ հագած ցանկացած մարդու կարելի է գնդակահարել։ Խոսքը դրան չի վերաբերում։ Խոսքը վերաբերում է մարտական անհրաժեշտությանը։ Եթե գրոհում ես ոստիկանական գունդը, դու կարող ես ոստիկանության գունդը գրոհել, չափազանցված եմ ասում, ավիացիայով, հրետանիով, ականանետներով, հրազենով և այլ միջոցներով։ Եվ դու այդ ժամանակ չես կարող խտրական, դրական իմաստով, տարբերություն դնել, թե գտնեմ և կրակեմ միայն այն մարդու վրա, ով ինձ վրա կրակում է։ Դու գրոհում ես գունդը, բաստիոն ես գրոհում։ Այլ բան է, եթե գունդը գրավելուց հետո դու այդ մարդկանց նկատմամբ արդեն մարդասիրական իրավունքի խախտման քայլեր ես կատարել: Դրա համար, միանշանակ, պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվես։ Սա այլ հարց է։ Բայց ես հավաստիացնում եմ, և ամբողջ ժողովուրդն էլ գիտի, որ նման բան չի եղել։

Եվ վերջում ուզում եմ ուղղակի ասել, որ եթե մենք փորձում ենք իրավունքի, սահմանադրականության և արդարության հաշվին հաստատել համերաշխություն, պահպանել ձևական օրենք, պահպանել կեղծ սահմանադրություն, ապա շատ վտանգավոր քայլ ենք կատարում։ Այն թանկարժեք անգին արյունը, որ մեր ժողովուրդը իր համազգային պայքարով խնայեց և խաղաղ ձևով գործը գլուխ բերեց, այդ արյունը կարող է թարախ դառնալ, սիրելի հայրենակիցներ, և այդ թարախից ձերբազատվելու համար նշտար գործադրելու պարտադրանքով ստիպված կլինենք շատ ավելի մեծ քանակությամբ արյուն կորցնել։ Եկեք բոլորս ուշքի գանք և հասկանանք, որ ոճրագործի ու հայրենիքի դավաճանի հետ չի կարելի բանակցել հայրենիքի ապագան կառուցելու հարցերի շուրջ։ Նրանց տեղը մեղադրյալի, ամբաստանյալի աթոռն է, և դատարանի իրավաչափ որոշման դեպքում,  եթե հաստատվի նրանց մեղքը, ապա՝ բանտը։ Եվ նրանք ընդհանրապես, հանցավոր համագործակցության  բոլոր անդամները, հանցավոր համագործակցությունը ամբողջությամբ, որի կորիզը Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, պետք է արգելվեն և դուրս բերվեն քաղաքական և հասարակական բոլոր գործընթացներից, նրանց մաս կազմած անհատները կամ անհատների խմբերը նույնպես, որոնք ապագայում կփորձեն այդ հանցավոր համագործակցության մասնիկների կամ թեկուզ անհատական միավորումների միջոցով ստեղծել նոր հասարակական քաղաքական կազմակերպություններ, ապա դրանք նույնպես պետք է արգելվեն: Ռևանշի վտանգը շատ մեծ է, բոլորս դա տեսնում ենք: Եվ այսօր մեր այստեղ ներկա գտնվելը, ռեժիմի մնացորդային գործիք դատարանի այսօրվա այսպիսի վերաբերմունքը, գլխավոր դատախազի այն լկտի արտահայտությունը, որ հեղափոխության առաջնորդին, եթե պետք լինի, այդ շինծու մեղադրանքի շրջանակներում նորից կարող է ձերբակալել, դա սպեկուլյատիվ կերպով ներկայացնելով իբրև թե օրինականության պահպանման, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքներով, սա միանշանակ խոսում է այն մասին, որ պատրաստվում է ռևանշ։ Եվ մեր ժողովուրդը պետք է աչալուրջ լինի: Այս պահին կարևոր խնդիրը ապստամբներին ազատելն է, որպեսզի ապստամբների ազատությունը պրոցեսը շարունակական դարձնի և նաև ապստամբների մասնակցությամբ հասցնի իր տրամաբանական ավարտին։ Մենք, անշուշտ, ակնհայտ է բոլորի համար, որ ոչ թե չենք խուսափելու ներկա լինելուց , ոչ թե չենք լքելու Հայաստանը և այլն, և այլն, այլ մենք դառնալու ենք հեղափոխության ամենաակտիվ քաջալերողներն ու մասնակիցները, մենք պատրաստ ենք բոլոր ձևաչափերով, այդ թվում՝ հասարակ, ամենապարզ քաղաքացու, որն, ի դեպ, ամենահարգելի կարգավիճակն է, այդ կարգավիճակով մասնակցել բոլոր գործողություններին, լսել բոլոր կարծիքները, մասնակցել բոլոր քննարկումներին: Սակայն, կրկնում եմ, եթե լինելու է խտրական մոտեցում, եթե սպեկուլյատիվ մոտեցում է լինելու այդ կեղծ մարդասիրության տեսակետից, որ՝ այնուամենայնիվ մարդիկ են զոհվել, այնուամենայնիվ սա է եղել, այնուամենայնիվ նա է եղել, պետք է ինչ-որ առանձին մոտեցում ցուցաբերվի, իրավունքի ստորադասումը կեղծ մարդասիրությանը հանգեցնելու է ծանրագույն հետևանքների։ Չի կարելի այդպիսի գայթակղությունների գնալ: Դա դեռևս խոսում է այն մասին, որ մենք չենք կայացել որպես քաղաքական ազգ , մենք այդ ճանապարհի վրա ենք, ժողովրդի այս համաժողովրդական մասնակցությամբ, համազգային մասնակցությամբ քաղաքական պրոցեսը արագացվեց, բայց դեռ շատ ճանապարհ կա անցնելու։ Չհանգստանանք, ամեն ինչ պետք է նույն տեմպով շարունակել և նույն ակտիվությամբ հասցնել իր տրամաբանական ավարտին։ Մենք հասկանում ենք, որ կառավարությունը այսօր տարբեր կողմերից բազմաթիվ ճնշումների տակ է, որ ստիպված է հասկանալիորեն ավելի մեղմ խոսել, ավելի հաշտվողական դիրք բռնել և այլն, և այլն, բայց մենք պետք է մեր ժողովրդի ընտրած կառավարությանը ամեն կերպ օգնենք, որպեսզի կառավարությունը կարողանա հաղթահարել պրոբլեմները, այդ թվում՝ ամենավտանգավոր պրոբլեմը՝ ռևանշը։

Թերևս այսքանը: Ասելու շատ բան կա, բայց չչարաշահեմ բոլորիդ համբերությունը և այսքանով ավարտում եմ:

Նորից կոչ եմ անում Ձեզ, պարոն Մակեյան, որ Դուք այս ամենի գիտակցությամբ, չնայած վստահ եմ Ձեր և՛ բարձր գիտակցության, և՛ իմացության, և՛ իրավական գիտոելիքների վրա, ուղղակի այստեղ Ձեր կամքն է և Ձեր ընտրությունը, որ Դուք կատարեք այս ճիշտ ընտորությունը, որ Դուք կողմ լինեք իրավունքին, սահմանադրականությանը և արդարությանը, այլ ոչ ձևական այդ մեխանիզմներին, որոնք ընդամենը հիշատակ են մնացել բռնապետական ռեժիմից։ Մեր շատ հարգարժան ավագ ընկեր Գարեգին Չուգասզյանը իր վերջին հարցազրույցում այսպիսի օրինակ բերեց, որ՝ նույնն է, թե Նյուրնբերգում դատեին այն գերմանացի սպաներին, որ ընդվզել են Հիտլերի դեմ, և դատեին Հիտլերի ժամանակվա օրենքներով: Հիմա Դուք մեզ՝ ապստամբներիս, դատում եք Հիտլերի, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի ժամանակվա օրենքներով, որոնք մասամբ նաև, հաճախ՝ նաև շատ բանով, ստեղծվել էին այդ բռնապետությունը պահպանելու և սնուցելու համար: Հիմա մեզ, որ այդ համակարգը քանդելու համար ենք զենք բարձրացրել և ապստամբել, Դուք փորձում եք դատել այդ կաղապարներով: Դա չի՛ ստացվելու, դա չի՛ հաջողվելու, դա չի՛ լինելու: Ես նույնիսկ կարծում եմ, որ այսօր շատ մեծ հավանականություն կա, որ հարցը լուծվի, անկախ այն բանից, Դուք դա կանեք, կուզենաք, թե չեք ուզենա, բայց եթե նույնիսկ դա չստացվի, չնայած մեր քաղաքացիներին հորդորում եմ, որ ամեն ինչ անեն, որ այսօր ստացվի, եթե նույնիսկ դա այսօր չստացվի, մոտ ժամանակներս, շատ կարճ ժամանակ անց դա լինելու է: Եվ եթե Հայկական Նյուրբերգը չլինի, Հայկական Նյուրնբերգում մենք շատ մասնագիտական, բժշկական, բարձր ստերիլության պայմաններում այդ թարախը չմաքրենք մեր օրգանիզմից, կլինի շատ վատ բան: Մենք չենք ուզում դա: Բոլորս ուզում ենք, որ լինի սեր, համերաշխություն, արդարություն, և այլն, և այլն, և այլն: Բայց նախ մեր ձեռքերը արձակեք, որպեսզի կարողանանք նստել, քննարկել: Սա ուղղակի, կրկնում եմ, մանիպուլյացիա է և հեղափոխության արդյունքների կոծկում, ու դեպի ուրիշ տեղ ենք գնում, դեպի ռևանշ և շատ ավելի արյունալի հետևանքներ: Էլ չեմ ասում արտաքին սպառնալիքը, որ այդ ժամանակ անմիջապես կծագի:

Այսքանը: Լինենք ողջամիտ, հասկանանք ինչ է կատարվում, մնանք քաղաքացի: Հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Շարունակենք ընթացքը:

Մեկնաբանություններ