Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Վարուժան Ավետիսյանի խոսքը Արայիկ Խանդոյանի հուղարկավորության ժամանակ
October 14, 2018     (4775 դիտւմ)

Արայիկ Խանդոյանի հիշատակին

Արայիկ Խանդոյանի ամբողջ գիտակցական կյանքը՝ վաղ երիտասարդությունից մինչ երկրային մենության ավարտ, հանուն Հայրենիքի և Հայ ազգի, հանուն հայկական պետականության ու Հայաստանի քաղաքացու ազատության և արժանապատվության մղված անդադար հերոսական պայքարի բացառիկ օրինակ է:

Արայիկ Խանդոյանի կյանքը մի կամուրջ է, որի զույգ հենասյուններից մեկը օտար թշնամու դեմ Արցախյան ազատամարտն է, իսկ մյուսը՝ ներքին թշնամու դեմ քաղաքական-քաղաքացիական ազատամարտը:

Արցախյան ազատամարտը նա սկսեց որպես Սասունցի Դավիթ ջոկատի մարտիկ և վաստակեց Միայնակ Գայլ պատվանունը, իսկ քաղաքական-քաղաքացիական ազատամարտը եզրափակեց որպես Սասնա Ծռեր խմբավորման շտաբի ու «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր անդամ և երկրային կյանքից հեռացավ արդեն որպես Սասնա Ծուռ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյան:

Արայիկ Խանդոյանի պարագայում այս համընկնումները խիստ օրինաչափ են և բնականոն:

Որովհետև նա Էպոսային նախախնամության ծնունդ էր և կոչված էր իր ոգեղեն մաքառումով մոտեցնելու այն պահը, երբ կբացվի Մհերի դուռը, Հայկի զավակները վերստին կստանձնեն իրենց արարչատուր առաքելությունը և Աշխարհը կդարձնեն նորոգ ու ներդաշնակ:

Արայիկ Խանդոյանն Առաքյալ է՝ ոգի, լույս, բարություն, կյանք, ազատություն ու արժանապատվություն սփռող ու սերմանող Առաքյալ ասպետ:

Առաքյալի կյանքի նման հալածյալ եղավ նրա երկրային կյանքը:

Արտաքին թշնամու՝ շուրջ երկու տասնյակ անգամ նրան պատճառած վերքերն այնքան ցավալի չեղան, որքան ներքին թշնամու հալածանքն ու խոշտանգումը, որոնք էլ ի վերջո նրան մահվան հասցրին: Հայրենադավ տականքի ձեռքն ամենամեծ ենիչերու հրամանով ծեծեց, բանտարկեց ու ամբաստանեց նրան:

Արայիկ Խանդոյանը Աշխարհից հեռացավ որպես իր սիրած, փայփայած, իր վերքերով պատսպարած Հայրենիքում ամբաստանվող ու դատվող մի մարդ, մինչդեռ նրան խոշտանգողներն ու հալածողները, նրան ամբաստանողներն ու դատողներն առոք-փառոք շարունակում են օրենքի տառով ծեծել ու նվաստացնել, ամբաստանել ու դատապարտել, կեղեքել ու սպանել մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին, ոտնահարել իրավունքն ու արդարությունը, կազմալուծել մեր պետականությունը: Այս նողկալի ու կործանարար երևույթի շարունակությունը մեկ պատճառ ունի: Մինչ օրս չի տրվել նախորդ հանցավոր ռեժիմների ու նրանց կառավարած հակահայ ու հակամարդ համակարգի իրավաքաղաքական գնահատականը, չի ճանաչվել ապստամբության իրավունքը՝ որպես բնական ու սրբազան ինքնապաշտպանության իրավունք: Այդ պատճառով է նաև, որ Արայիկ Խանդոյանի ապստամբ ընկերներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դեռևս կալանքի տակ են և չեն կարողանում վերջին հրաժեշտը տալ իրենց ընկերոջը:

Երեկ, Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի օրը, նրա հուղարկավորության հանձնաժողովի անդամ Արայիկ Պապիկյանը ժամեր շարունակ չի կարողացել կապ հաստատել ոստիկանության հետ, որպեսզի տեղեկացնի հոգեհանգստի վայրին հարակից փողոցի երթևեկությունը կարգավորելու անհրաժեշտության մասին, իսկ տեղում գտնված ոստիկանության ծառայողներն էլ անտարբեր են եղել առաջացած խցանման և այլ անհարմարությունների նկատմամբ: Այսօր վիճակն ավելի վատթար էր, թաղման մասնակիցներն են կարգավորել երթևեկությունը: Ուշանում են վճռական ու արդյունավետ քայլերը՝ վերջ տալու իրավունքի ու պետականության, ժողովրդի արժանապատվության և իրավունքի դեմ շարունակվող ոտնձգություններին: Բոլոր ապստամբներն ու ընդվզած քաղաքացիները, այդ թվում՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Ապստամբն անպարտ է օրենքի առաջ: Օրենքն ապստամբի ոգորումի և ընդվզման արգասիքը պետք է լինի, այլ ոչ նրա դահիճը: Ապստամբի նկատմամբ հարուցված մեղադրանքը պետք է կարճվի և դադարեցվի, իսկ հարուցողները և շինծու մեղադրանքներ հորինողները պետք է պատասխան տան ենիչերիություն անելու համար: Նախկին ռեժիմի կառավարման ժամանակ դահճային-ենիչերիական պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնատար անձինք, այդ թվում և առաջին հերթին՝ այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից և պատրաստվեն տեղեր զբաղեցնելու Հայկական Նյուրնբերգի նստարանին: Արայիկ Խանդոյանին խոշտանգելու հրաման արձակած և այդ հրամանը կատարած բոլոր ենիչերիները՝ հիմնավոր կասկածի մակարդակով՝ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Գասպարյանը, հանցագործությունը կատարելու փաստի հիման վրա՝ ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը և նրան ենթակա բոլոր բաշիբոզուկները, պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, այլ ոչ միայն Արմեն Ղազարյանին ներկայացվի կիսատ-պռատ մեղադրանք, նա շարունակի պաշտոնավարել, իսկ առաջիկա ենթադրյալ համաներմամբ բոլորը միասին խուսափեն պատասխանատվությունից և շարունակեն ոճրագործել:

Միայն դրանից հետո, այլ ոչ թե Արայիկ Խանդոյանի հետ վերադարձրած պետական պարգևները նրան նորից վերադարձնելու միջոցով կարող են բավարարված լինել Արայիկ Խանդոյանի հիշատակը հարգող, ազատության և արժանապատվության համար ապրող բոլոր հայորդիներն ու քաղաքացիները: Արայիկ Խանդոյանի և մեր մյուս երկնաբնակ առաքյալ հերոսների հոգիները միայն այդ ժամանակ կխաղաղվեն, երբ Հայրենիքում կհաստատվի իրավունք և արդարություն: Մեր սիրելի և պաշտելի Միայնակ Գայլ Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյան, մենք՝ ապրողներս և մեզանից հետո եկողները, խոնարհումով և սրտի թրթիռով ենք խնկարկելու քո սրբազան հիշատակը և կատարելու ենք քո բոլոր պատգամներն ու իղձերը՝ ի փառս և ի բարօրություն մեր սրբազան Հայրենիքի:

Հավերժ փառք քեզ՝ ոգու, լույսի, սիրո, բարության, ազատության ու արժանապատվության կենսաշնորհ մեր Ասպետ, որ հեռանում ես մեզանից՝ քո արժանի տեղն զբաղեցնելու Հայկի անմահ զինվորների անպարտելի եռանկյունու շարքերում:

Մեկնաբանություններ