Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Վարչակազմը ակտիվ քայլեր է կատարում ապստամբության ականապատ դաշտում. Վարուժան Ավետիսյան
March 31, 2017     (333 դիտւմ)

«Սասնա ծռեր» խմբավորման շտաբի անդամ, խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից պատասխանում է «Հրապարակ» օրաթերթի հարցերին։
-Ամիսներ շարունակ լինելով անազատության մեջ՝ ի՞նչ հետեւություններ եք արել։ «Սասնա ծռեր»-ի գործողությունները կարողացա՞ն թուլացնել իշխանությանը, զգոնացնել նրան, զերծ պահել ՀՀ-ի համար աշխարհաքաղաքական անցանկալի զարգացումներից։
-Տարբեր առիթներով անդրադարձել եմ այս հարցերին: Այո, «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը գաղութային վարչակազմի և, առհասարակ՝ գաղութատիրության համար անդառնալի հետևանքներ առաջացրեց: Եթե Ապրիլյան քառօրյան բարակեցրեց համակարգի կյանքի թելը, ապա «Սասնա Ծռեր»-ը կտրեցին այն: Զուգահեռաբար՝ հայությունը ստացավ ոչ միայն իրականության հստակ պատկերը, այլև ազատագրման բանալին ու մեթոդը՝ ընդվզումը: «Սասնա Ծռեր»-ի ապստամբական գործողությունը առաջիկա համաժողովրդական ապստամբության հաջողված փորձարկումն էր: Այն նաև աշխարհաքաղաքական առումով մեզ համար կենսական կարևորություն ունեցող հարցեր լուծեց:
Խաղաքարտերը խառնվեցին, Արցախի հանձնման համար պատրաստված ծրագրերը վիժեցվեցին, և մենք լրացուցիչ ժամանակ ձեռք բերեցինք գոյութենական մարտահրավերներին դիմակայելու համար: Առկախվեց նաև ՀՀ ինքնիշխանության հանձնման գործընթացը: Անշուշտ, հակառակորդը (արտաքին և ներքին) կանգ չի առնում և փորձում է վերադասավորումներ կատարել, մասնակիորեն շարունակում է իր ծրագրերը, սակայն իրավիճակն այլևս փոխվել է՝ կա հայկական գործոնի ձևավորման գործընթաց, որը տեղի է ունենում համաժողովրդական ապստամբության ականապատ դաշտում:
-Հասարակության մեջ մի խավ արդարացրեց «Սասնա ծռեր»-ի գործողությունները։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ապագայում բացառված չէ զինված ապստամբությունը։
– Հասարակության ոչ թե մի խավը, այլ ջախջախիչ մեծամասնությունը դարձավ «Սասնա Ծռեր»-ի կողմնակից և համակիր: Այլ հարց է, որ վարչակազմին հաջողվեց ծախու մտավորականության և ԶԼՄ-ների միջոցով կանխել ապստամբության շղթայական ռեակցիան համաժողովրդական մասշտաբով: Այդուհանդերձ, ժողովրդի մի ստվար հատված փողոց դուրս եկավ: Վարչակազմի այս կեղծ ու ժամանակավոր «հաղթանակը» սեղմված զսպանակի նման վերադառնալու է ապստամբության տեսքով:
-Կան քաղաքական գործիչներ, որոնք առաջարկում էին բոյկոտել ընտրությունները։ Կարո՞ղ է բոյկոտը որեւէ արդյունք տալ, երբ մեր հասարակությունն ու քաղաքական ուժերը պատրաստ չեն բոյկոտի։ Տվյալ դեպքում բոյկոտող ուժերը չե՞ն հայտնվի լուսանցքում։
– Բոյկոտի առաջին և հիմնական կողմնակիցը մենք ենք: Մեզ համար բոյկոտն առաջին հերթին ընդվզման նպատակով ժողովրդի ակտիվ հատվածի և պատասխանատու քաղաքական ուժերի մոբիլիզացիայի նախապատրաստումն է: Ինչ վերաբերում է լուսանցքում հայտնվելուն, նախ պետք է հստակեցնել, թե խոսքը որ «թերթի» լուսանցքի մասին է: Եթե համակարգի լուսանցքի մասին է խոսքը, ապա այդ մասին պետք է մտածեն քաղաքական առևտրականներն ու պատեհապաշտները: Մեր նպատակը համակարգին լուսանցք մտցնելն է, և մենք հետևողականորեն իրագործում ենք այդ նպատակը:
-Ձեզ առաջարկե՞լ են ընդգրկվել որեւէ դաշինքի կամ կուսակցության ցուցակում։ -Ոչ, որևէ քաղաքական կուսակցության կամ դաշինքի ցուցակում ընդգրկվելու առաջարկություն չեմ ստացել: Իմ և իմ ընկերների դիրքորոշումն այնքան սկզբունքային և հանրահայտ է այդ հարցի վերաբերյալ, որ անտրամաբանական և անբնական կլիներ ինձ նման առաջարկություն անելը:
-Ընտրություններից հետո ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել։
-Փոփոխություն լինելու է՝ անկախ ընտրություններից: Ընտրությունները կարող են նպաստել և արագացնել կամ, ընդհակառակը, խոչընդոտել և դանդաղեցնել: Ներկայումս առաջին տարբերակն է տեղի ունենում: Ընտրությունների առիթով վարչակազմը բացահայտում է իր հակահայ և հակամարդ էությունը և ակտիվ ու կտրուկ քայլեր է կատարում ապստամբության ականապատ դաշտում:
Հ․ Գ․ Վարուժան Ավետիսյանին հարցերն ուղարկել էինք «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանից առաջ։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Մեկնաբանություններ