Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Տիգրան Եգորյան․ Քաղաքական բանտարկյալների ազատ արձակման և դրա իրագործման հնարավորությունների հարցը
May 13, 2018     (4661 դիտւմ)

Մի հարցի մասին պետք է խոսեմ, որը իրավական և քաղաքական մեխանիզմների սիմբիոզ է և այդպիսին պետք է լինի:

Շատ հակասական և մեծ տարաձայնություններ առաջացրեց «քաղաքական բանտարկյալների» ազատ արձակման և դրա իրագործման հնարավորությունների հարցը:

Այս հարցի համատեքստում հարկ է անդրադառնալ նաև հեղափոխության և համակարգափոխության հարցերին:
Հատկապես վերջին շրջանում նկատվում է այս որոշ առումներով դժվար կամ կարճ ժամանակում անհնարին թվացող խնդրից և խեղդող պահանջից պաշտպանելու միտում նոր իշխանության կողմից, որպիսի կարիք, սակայն, բացարձակապես չկա, և այդ մասին եղան չափազանց սթափ և խոր գնահատականներ: Հենց այդ գնահատականներն եմ ցանկանում ավելի պարզեցնել:

Արձանագրենք մի քանի կարևոր ելակետեր.
• Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հեղափոխություն որը պետք է անցնի ֆորմալիզացման/առարկայացման բարդ ճանապարհ և իրականացնի համակարգային փոփոխություններ:
• Նոր իշխանությունը նախորդ համակարգի իրավահաջորդը չէ:
• Նոր վարչապետը շոշափելի փոփոխություններ, համակարգային փոփոխություններ կատարելու հայտ է ներկայացրել:
• Նոր իշխանությունը չպիտի դիմի որևէ ոչ օրինական (հակասահմանադրական), ոչ թափանցիկ միջոցի թեկուզև ամենակարևոր հարցերը լուծելու համար (իհարկե լիարժեք թափանցիկության սահմանափակման որոշ անհրաժեշտություններ հասկանալի են):
• Դատական իշխանության ձևավորումը չի իրականացվել հավասար, թափանցիկ և արդարության սկզբունքների պահպանմամբ։ Դատական իշխանությունն անկախ չէ, և տարբեր գործերով և հանգամանքներում ենթարկվել է ստվերային ճնշումների և ծառայեցվել է քաղաքական նպատակահարմարության:

Այս ելակետերի շրջանակներում հարցերը քննարկելու պարագայում նախկին համակարգի (որն իր տարբեր մարմիններով դեռ գործում է) հետ կապված պահանջները և դժգոհությունները չպետք է դիտարկվեն նոր իշխանության դեմ ներկայացված, նույնիսկ եթե դրանք որոշակի մեղադրանքներ պարունակեն։ Ուղիղ հակառակը՝ դրանք այն զենքերն են, որոնք հմտորեն պետք է կիրառվեն հրապարակային քաղաքականության մեջ նաև և հատկապես այն հարցերի լուծման համար, որոնք ուղղահայաց իշխանական (հատկապես գործադիր իշխանության) լիազորություններից դուրս են գտնվում, օրինակ՝ դատական իշխանության բարեփոխման շրջանակներում: Դրանք պետք է հանդիսանան այն հենքը և հիմքը, որը պետք է օգնի նոր իշխանությանը պայքարելու նախորդ արատավոր համակարգի մնացորդների դեմ պայքայում և այն արմատախիլ անելու գործընթացում:

Դատական իշխանությունը շատ նուրբ կառուցվածք ունի ժողովրդավարական և իրավական պետությունում, այն առանձին և մյուսներից անկախ իշխանության թև է, սակայն կան տարբեր խողովակներ և լծակներ, որոնց միջոցով իշխանության մյուս թևերը կարող են միջամտել դատական իշխանությանը բոլորովին սահմանադրական և օրինական ճանապարհով և ընթացակարգերով: Այդպիսի խողովակներ և միջոցներ են՝ տարբեր դատարանների դատավորների թեկնածուների և այդ դատարանների կամ դրանց պալատների նախագահների առաջադրումն ու ընտրությունը և, որպես այդ գործընթացի հավասարության, արդարության և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ձևավորևման կարևորագույն բաղադրատարր, այդ գործընթացի թափանցիկությունը: Բնականաբար օրինաստեղծ գործունեությունը և սահմանադրական արդարադատությունը ևս իրավաքաղաքական ազդեցության սահմանադրական միջոցներ-հակակշիռներ են: Եվ բնականաբար մեծ առաքեկլություն ունի Բարձրագույն դատական խորհուրդը, որը որպես առավել դինամիկ մարմին միայն դատավորներից չի ձևավորվում և ունի բավարար ազդեցության լծակներ: Բացի դրանից, կառավարությունն ու Ազգային ժողովն իրենց իրավասությունների շրջանակներում ունեն որոշակի գործիքակազմ:

Հատուկ ընդգծում է պահանջում ևս մի կարևոր գործիք՝ կառավարությունը, որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարմին (ներկայացուցչի միջոցով), որը բավական մեծ տեմպ կարող է հաղորդել ազգային դատարանների դատական սխալները և մարդու իրավունքների խախտումներն ընդունելու և ուղղելու գործում:

Այն դեպքում, երբ վերոթվարկյալ որոշ կարևոր լծակների կիրառման հնարավորությունը ժամանակային այս կետում բացակայում է, իսկ մյուս միջոցները արդյունավետության և արագության ցանկալի արդյունքներ չեն տալիս, ապա (չնայած կարծում եմ դրանք պետք է միշտ զուգահեռվեն) պետք է գործի դրվեն քաղաքական գործիքները (բոլորովին սահմանադրական): Ժողովրդավարության խիղճը, ձայնը՝ հրապարակային և քննադատական խոսքը, որն ի զորու է ազդել նույնիսկ ամենակարծրացած և փտած երևույթների վրա, ձևավորել դիսկուրսներ, հայեցակարգեր, ռազմավարություններ տարբեր ոլորտների և աստիճանաբար վերակենդանացնել վաղուց արդեն կլինիկական մահ ապրող քաղաքականությունը: Եվ ոչ մի դեպքում հատկապես հայստանյան այս նոր իրականության պայմաններում այդ միջոցը և դրա ազդեցությունը չպետք է և չի կարող թերագնահատվել:

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սակայն այդ արդարադատության որակի և այն իրականացնողների, ինչպես նաև դրան անհաղորդ մնացող իրավասու պետական մարմինների շատ խիստ քննադատությունը, նրանց գործողությունների և անգործության քննությունը ոչ միայն անթույլատրելի չի, այլ կենսական անհրաժեշտություն է համակարգային բարեփոխումների համար: Հենց այդ միջոցով պետք է ի ցույց դրվեն իրենց զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող պաշտոնյաները և դրվեն հրապարակային մասնագիտական և քաղաքական քննադատության ռմբակոծության տակ:

Առջևում է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության կարևորագույն հարցը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոփոխության հարցը և բազում այլ կարևորագույն և հրատապ պետական մարմինների և պաշտոնյաների գործունեության հարցեր, որոնք պետք է ապահովեն ՀՀ Սահմանադրության գործողությունը:

Մեկնաբանություններ