Նախախորհրդարան 2013-2015 ապրիլ
Հիմնադիր
խորհրդարան
2015-ի հունվարից
ռեժիմի հեռացում 2015-ի ապրիլի 24-ից
ժամանակավոր
կառավարում
մինչև 2 տարի
արտահերթ ընտրություններ
Նոր որակի Հայաստան
 
ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ֆինանսավորվում է բացառապես հայ ազգի կողմից: Քո երկիրն ունի հենց ՔՈ՛ կարիքը
Խաղադրույքը Հայաստանն է
October 5, 2015     (8878 դիտւմ)

Սերժ Սարգսյանի պաթոսն ահազանգ է: Ուստի ընդվզելը, նրան հեռացնելը և սուբյեկտի վերածվելը դառնում է կյանքի հրամայական:

Սերժ Սարգսյանը վերջին շրջանում աննախադեպ հայտարարություններ է կատարել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս լինելու, Ադրբեջանի դեմ անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր իրականացնելու վճռականության, անգամ՝ վերջինիս նկատմամբ մարդկության պատժիչ սուրը լինելու հեռանկարի մասին:

Այս արտառոց երևույթը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Ոմանք, այդ թվում՝ լուրջ վերլուծաբաններ, փորձում են այն ներկայացնել անգամ որպես հայկական պետության թեկուզ ուշացած, բայց տեղին և սպասված պոռթկում, հույս ունենալով, որ այսուհետև մեր երկիրը աշխարհին ներկայանալու է արժանապատիվ կերպով և կարողանալու է իրացնել մեր ազգային շահերը:

Իրականում այս երևույթը հետևյալ փաստարկումների լույսով պետք է ընկալել որպես լուրջ ահազանգ:

Աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջև Իրանի ապաշրջափակման շուրջ ձեռք բերված բեկումնային առաջընթացի հետևանքով մեր և հարևան երկրներն ընդգրկող Հարավ Արևմտյան Ասիայի (Մեծ Մերձավոր Արևելքի) տարածաշրջանում գործնականորեն մեկնարկել է անվտանգության նոր ճարտարապետության ձևաչափի ընտրության և ուրվագծման գործընթացը:

Ինչպես ասում են, նման գործընթաց տեղի է ունենում հարյուր տարին մեկ անգամ: Այդպես էլ կա իրականության մեջ: Տարածաշրջանի այսօրվա սահմանները գծվել են մեկ դար առաջ:

Կոնկրետ Հայաստանի համար այն ժամանակվա համեմատությամբ իրավիճակը շատ ավելի բարենպաստ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ասպարեզներում: Ներքին ասպարեզում մենք քիչ թե շատ՝ ունենք պետություն, կանոնավոր բանակ, միատարր հայկական բնակչություն, սոցիալ-տնտեսական, գիտակրթատեխնոլոգիական, ժողովրդագրական և այլ առումներով ավելի բարվոք վիճակ, իսկ արտաքին ասպարեզում ի հայտ է եկել Իրանը՝ որպես Հայաստանի հետ ռազմավարական շահերի համընկնում ունեցող նոր և որոշիչ գործոն:

Սակայն այդ բարենպաստությունը մենք կարող ենք օգտագործել այն ժամանակ, երբ ի վիճակի կլինենք որպես լիարժեք սուբյեկտ մեր ազգային շահերի դիրքերից մասնակցելու տարածաշրջանում ծավալվող զարգացումներին:

Միևնույն ժամանակ՝ այդ զարգացումները մեզ համար կարող են հարյուր տարի առաջվա նման աղետալի լինել, եթե մենք ինքնուրույն խաղացող չլինենք: Նման դեպքում նախկինի նման մեզ կօգտագործեն որպես օբյեկտ, իսկ մեզ վերաբերող հարցերը կլուծեն առանց մեզ և մեր շահերի հաշվին: Լուրջ մտավախությամբ հարկ է նշել, որ տարածաշրջանային նոր ճարտարապետության ուրվագծման գործընթացում հայկական սուբյեկտի ի հայտ չգալու պատճառով արդեն սկսվել է առանց մեզ, սակայն մեզ օգտագործելով և մեր կենսական շահերի հաշվին մեր վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու փուլը:

Նման պարագայում, ինչպես ցույց է տալիս նաև պատմությունը, անգամ մեր ռազմական հաջողություններն ամենայն հավանականությամբ հետագայում կուլ կգնան քաղաքական և դիվանագիտական անխուսափելի պարտություններին:

Երևույթն այսպիսի ճշմարիտ իրատեսականության տեսակետից դիտելիս միանգամից մարում է Սերժ Սարգսյանի ռազմատենչ ու հայրենասիրական հայտարարությունների արհեստական փայլը:

Դժվար է գտնել որևէ ողջամիտ մարդ, որը կպնդի, թե Սերժ Սարգսյանը և նրա վարչախումբն ունակ են հանդես գալու որպես ինքնուրույն սուբյեկտ:

Գաղտնիք չէ, որ թեև Սերժ Սարգսյանը շատ ճարպիկ խաղացող է, սակայն հարկ եղած դեպքում նրա անգամ ամենախորամանկ կոմբինացիան մեկ գիշերվա ընթացքում ընդհատվում կամ 180 աստիճանով փոխվում է սեպտեմբերի 3-ի կոճակի սեղմումով: Ընդսմին՝ կարևոր չէ, թե նա մինչ այդ պայմանավորվածությունների ինչպիսի մակարդակում և փուլում է գտնվում: Ուստի նրա հետ գործ ունեցողները միշտ պետք է հիշեն սեպտեմբերի 3-ի կոճակի մասին:

Երբ այս իրատեսական համատեքստում ենք դիտարկում Սերժ Սարգսյանի հայրենասիրական և ռազմատենչ պաթոսը, ակնհայտ է դառնում, որ այդ ազգադավը հանուն իր կառավարման երկարաձգման՝ խաղամոլին բնորոշ արկածախնդրությամբ առանց երկար-բարակ մտածելու համաձայնել է սպասարկել վերը նշված փուլի ընթացքը, որի խաղադրույքը Հայաստանի Հանրապետությունն է (Արցախը ներառյալ), իսկ վերջնական արդյունքը՝ հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջումն ու մեր Հայրենիքի այս վերջին հատվածի կորուստը:

Բնականաբար՝ Սերժ Սարգսյանին այսպիսի հեռանկարը չի մտահոգում: Ընդհակառակը՝ նա առանց վարանելու նետում է իր ձեռքում եղած վերջին խաղաթուղթը՝ Արցախյան հակամարտության հարցում հայկական կողմի թեկուզ մասնակի ինքնուրույնությունը, և ամբողջությամբ հանձնվում է այդ հարցի լուծման մեջ ներգրավված օտար հզորների կամքին՝ մեր ժողովրդին, պետությանն ու բանակին դարձնելով նրանց ձեռքի խաղալիք:

Ուստի հայությունը դավաճանի ռազմատենչ և հայրենասիրական հայտարարություններին խաբվելու փոխարեն պետք է սթափվի և կարողանա ականջալուր լինել դրանց տակ խլացած ահազանգին՝ այն ընկալելով որպես վերահաս աղետը կանխելու նպատակով օր առաջ ընդվզելու սարդարապատյան կոչ:

Հայրենիքի, նախնիների և սերունդների առջև մեր պարտքը պահանջում է ոտքի ելնել, հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած բանդային և ձևավորել ազգային շահերով առաջնորդող պետական կառավարման համակարգ, որպեսզի կարողանանք սուբյեկտ դառնալ և ամեն ինչ կորցնելու փոխարեն օգտվել հարյուր տարին մեկ տրվող հնարավորությունից:

Վարուժան Ավետիսյան

Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ

Մեկնաբանություններ